Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Որ արտգործնախարարը Բութանի 7 աստղանի հյուրանոցները չվայելի, գյումրեցի երեխաները սոված չեն քնի». կինոռեժիսոր

Փետրվար 28,2014 17:50

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ծնունդով գյումրեցի կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարել իր ծննդավայրի մասին, որը կոչվելու է «Գողացված մանկություն»: Կինոռեժիսորի ներկայացմամբ, այս ֆիլը վաղուց էին նախատեսել նկարահանել , սակայն տարբեր խոչընդոտների պատճառով այն հետաձգվել է:

«Մերժում ենք ստացել մշակույթի նախարարությունից և մյուս կառույցներից, որոնք զբաղվում են կինոյով: Իսկ մերժման պատճառները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց հիմնականը ոնց ես հասկացա…Գյումրու վիճակը այնպիսին է, որ եթե Երևանում ասում ես Գյումրու մասին ֆիլմ, իրենք անկախ իրենցից պատկերացնում են, որ դա հակապետական ֆիլմ է: Դա շատ հետաքրքիր մոտեցում է Երևանի կողմից, իրենք չգիտեն ինչ բան է դա, ինչքան որ ես եմ հասկացել: Երևանից- Գյումրի 120 կիլոմետր անդունդ է, իրենք ընդհանրապես գաղափար չունեն՝ ինչ է տեղի ունենում այս քաղաքում: Ինչպես որ ես եմ հասկանում, այս քաղաքի պրոբլեմը այս քաղաքի ուսերի վրա է, այն ոչ սփյուռքահայերին է պետք, ոչ Երևանին է պետք: Սա պետք է միայն լեննականցիներին ու Հայաստանից դուրս ապրող գյումրեցիներին: էդ պատճառով շատ մեծ խնդիրներ բացվեցին ֆիլմի ֆինանսավորման հետ. 4 տեղից մենք մերժում ենք ստացել, երբ մոտավորապես ծանոթացրել ենք ֆիլմի բովանդակային մասին: Ֆիլմում պետք է լինի քաղաքի իրական կյանքը `առանց ասֆալտ փռելու, առանց ազգի հերոսներ սարքելու, կլինի դա դաժան իրականություն կամ դառը իրականություն, դա վավերագրական կինոյի օրենքն է»,- ներկայացրեց Արմեն Գասպարյանը:

Ըստ նրա, սկզբում մտածել են ֆիլմը նկարահանել հանգանակությունների միջոցով, սակայն այժմ մասնավոր ֆինասավորմամբ են հարցը լուծել ու մյուս ուրբաթ օրվանից կսկսվեն նկարահանումները, որոնք կտևեն մոտ 20 օր: Այն ցուցադրվելու է Ռուսաստանի «24 ДОК» ալիքով, որը հեռարձակվում է 15 երկրներում ու ներկայացվելու է 35-40 միջազգային կինոփառատոնների: «Բայց, ցավոք սրտի, մենք տիտրերում (լուսագիր) պետք է նշենք, որ Գյումրու քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը և այլ, և այլն հրաժարվել են մասնակցել», – ասաց Արմեն Գասպարյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչի՞ց են այդքան սարսափած պետական կառույցները, որ չեն ուզում նման մի ֆիլմ ունենալ Հայաստանի երկրորդ քաղաքի մասին, Գյումրու թշվառ սոցիալական վիճա՞կն է արտացոլվելու ֆիլմում, կինոռեժիսորը պարզաբանեց. «Հա, բա ինչ պիտի անենք, որ չարտացոլենք, էս քաղաքը էն քաղաքը չի եղել, որ երեխան սոված քնի, այն էլ 21-րդ դարում, որ Երևանում մի քիչ քիչ լափեն, գյումրեցի երեխան սոված չի քնի: Ասենք, արտաքին գործերի նախարարը չգնա Բութան (Բութանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև Ա.Ն.): Դուք էդպիսի երկիր տեսե՞լ եք… նախարարը որ Բութանում 7 աստղանի հյուրանոցում չապրի, 100 երեխա էսպես սոված չի քնի: Մեկը թող հարցնի, ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ հայրենիքը Բութան երկրի հետ ինչ-որ կարևոր գործեր ունի՞, թե՞ լավաշի ցեխ են բացել էնտեղ… Հարցը ֆիլմի ֆինանսավորման մերժումը չէ, հարցը քաղաքի մերժումն է: Իրենք այս քաղաքը չեն տեսնում», -վիրավորված հայտարարեց կինոռեժիսորը:

Նա նաև ասաց, որ իրեն մերժել են երկու բառով` ասելով, որ սա մեր պատմությունը չէ, մինչդեռ, ըստ Արմեն Գասպարյանի, վավերագրական ֆիլմերը չեն բեմադրում: Ըստ բանախոսի, Գյումրին ունի խնդիրներ, և անկախ այն հանգամանքից` պետական կառույցներին դո՞ւր է գալիս իր մտահղացումը, թե՞ ոչ, ինքը պիտի ներկայացնի այդ խնդիրները: Ֆիլմի բյուջեն 12 միլիոն դրամ է, և կինոռեժիսորի պարզաբանմամբ, «Գողացված մանկություն» է կոչվում այն պատճառով, որ գյումրեցի երեխաները օրեցօր կորցնում են իրենց մանկությունը:

«Ես էրեխեք եմ տեսել, որ չգիտեն պաղպաղակն ինչ բան է, էն էլ էս քաղաքում, որը Սովետական միության ամենահարուստ քաղաքներից մեկն էր», -ասում է Արմեն Գասպարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Վավերագրական ֆիլմի համար շատ քիչ ցախս ա պետք,ցանկության դեպքում կարելի է նաև առանց որևէ ծախսի նկարել,կարևորը միտքն է:

  2. Paylak says:

    Չեմ հասկանում, ինչքան իրան տաղանդավոր համարող կա բոլորը պետք է փող ուզեն? Քեզ ինչու պետք է փող տան այ մարդ, ինչ է ֆիլմ ես նկարում? Էնքան լավ ու կայացած մարդ լնեիր, որ ուզենաին քեզ փող տաին, ոչ թե մուրացկանություն անեիր

  3. Gayane says:

    Էդքան գումար , որ պիտի ծախսեք վավերագարական ֆիլմի նկարահանման , թշնամուն մեր թշվառ վիճակի մասին պատմելու ու աշխարհին ներկայանալու համար , էդքան փառատոնների համար գնալ ու գալ , ինքնակայանալ , ավելի լուսավոր կլինի էդքան գումարով մի բնակարան գնել կամ երկու չգիտոմ , ու գյումրեցի երկու ընտանիք փրկել , այ դա կլինի լավ գործ , թե չէ , միևնույնն ա էդ ֆիլմը գյումրիին ոչինչ չի տալու , ինչ որ մինչև հիմա արել են արդեն արել են այլևս ոչ մեկ ու ոչիննչ չի արվի ….ամեն անհատ ինքը պիտի մտածի ինչ անել ….իսկ մինչև հիմա Հայստանում չապրելով , պետք չէ գալ ու նախարարությունների վրա բոյկոտել , թե գումար չեն տալիս ….ոչ թե հիմա սեփական անվան ու փառատոնների համար Գյումրիի մասին ֆիլմ նկարեյիք , այլ կարողացեք այլ բանով օգնել , ես ֆիլմից առավել հարգում եմ էն անհատաին , ով մեկ կտոր իր հացից տանում ու տալիս է գյումրու սոված մանուկին … ձեզ բարի նկարահանումներ , եթե կտա ինչ որ Գյումրուն ուրեմն լավ է , եթե ոչ ուրեմն կրկին խոսում է ուրիշի դժբախտության վրա սեփական անձի ինքնահաստատման փաստը …. էհ~…ինչ արած մարդն է էդպիսին :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728