Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի մասնատումն իրականությո՞ւն է, թե՞ արհեստական ներդրված գաղափար

Փետրվար 28,2014 17:22

Ուկրաինայում գոյություն ունեցող ներկայիս իրավիճակը բազմաթիվ վերլուծաբանների և ընդհանրապես ողջ աշխարհի  ուշադրության կենտրոնում են: Ուկրաինական հեղափոխությունից հետո այս երկրում ստեղծված իրավիճակն ամենաքննարկվող հարցերից է: Արդյոք Ուկրաինան կմասնատվի՞, թե՞ այն ոտքի կկանգնի և ձևավորված նոր իշխանությունը երկիրը նոր որակի քաղաքականության հունով կտանի:

Հայ վերլուծաբանների կարծիքները տրամագծորեն  տարբերվում են Ուկրաինայում գոյություն ունեցող իրավիճակին գնահատական տալու առումով: Օրինակ` «Կովկաս» ինստիտուտի տնօրեն  Ալեքսանդր Իսկանդարյանը ընդհանրապես ավելորդ է համարում Ուկրաինայի` մասնատվել-չմասնատվելու հարցը, քանի որ կարծում է, որ «Ուկրաինայի մասնատումն արդեն իրականություն է, և երկիրը ոչ թե բաժանված է երկու մասի, այլ առնվազն տասներկու»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը շարունակում է պնդել, որ Ուկրաինան չի մասնատվի և որպես ասվածի վկայություն նշում. «Սկզբից խոսվում էր այն մասին, որ արևելյան շրջանները դուրս են գալու և չեն մնալու Ուկրաինայի կազմում: Շատ շուտով մենք ականատես եղանք նրան, որ այդ անջատողական հայտարարություններ անողները փոխեցին իրենց դիրքորոշումը և փաստացի ենթարկվեցին կենտրոնական իշխանություններին: Բայց ականատես եղանք այլ գործընթացների»:

Այստեղ պարոն Վարդանյանը մատնանշեց Ղրիմի գործոնն ու նկատեց. «Ղրիմն ինքնավար հանրապետություն է, և Ղրիմի հետ կապված դեպքը լրիվ առանձին պետք է դիտարկել»: Քաղաքագետը հարցականի տակ է դնում ՌԴ-ի կողմից Ղրիմի ռուսալեզու բնակչության անջատողական հայտարարություններն ու նկատում. «Ես հակված եմ մտածելու, որ սա ուժի ցուցադրում է, և նպատակ ունի ընդամենը պաշտպանել ռուսական ռազմաբազան`Սևաստոպոլ քաղաքը: Կարծում եմ, որ ՌԴ իշխանությունների մոտ մտավախություն է առաջացել, որ նոր իշխանությունները կարող են խնդիր դնել վերացնել այդ ռուսական բազան, և այս գործողություններով  նրանք փորձում են քաղաքական ասպարեզում ճնշում գործադրել և անել այնպես, որ նման վարքագիծ նոր իշխանությունները չդրսևորեն»:

Էդգար Վարդանյանը Ղրիմն ու ԼՂՀ-ն տարբեր հարթությունների վրա է դիտարկում ու փաստում. «ԼՂ-ում կային կենտրոնական իշխանությունների կողմից մասսայական բռնաճնշումներ, և ի հակադրություն դրա` ժողովուրդն ինքնորոշման իրավունքի համար դուրս էր եկել պայքարի: Այս ամենը չկա Ղրիմում: Այստեղ չկան կենտրոնական իշխանության կողմից մասսայական բռնաճնշումներ և Ղրիմի բնակչություններ էլ չի կայացել` որպես սուբյեկտ, որը ձգտում է անկախության: Այն ելույթները, որ տեսնում ենք Ղրիմում, արհեստական, ՌԴ-ի կողմից հրահրվող ելույթներ են: Գտնում եմ, որ եթե անգամ Ղրիմը Ուկրաինայից անջատելու հավակնությունն ու մտադրությունները լուրջ լինեն, ապա Ղրիմը չի անջատվի Ուկրաինայից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728