«Վաղվանից սկսած՝ պետք է սկսվի Սերժ Սարգսյանի եւ իր հանցախմբի երկրից արտաքսելու եւ պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Վաղվանից սկսած՝ պետք է Հայաստանի գարունը գա հայ ժողովրդի համար եւ այդպես հավերժ շարունակվի»,- այսօր՝ փետրվարի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։
Նա կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, ինչպես նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը երբեք չեն բացահայտվի. «Սերժ Սարգսյանի հոգեւոր հայր Լենինը ասել է՝ եթե ուզում ես մի գործ «ջրես», ապա անպայման հանձնաժողով ստեղծիր, բայց ավելի զավեշտական է, որ հանձնաժողով են ստեղծում այն կուսակցության մարդիկ, ով կատարել է սպանություն»։
Ազատամարտիկի պնդմամբ` միայն ժողովուրդն է ընդունակ իշխանափոխության, այսինքն՝ պետք է համաժողովրդական ապստամբություն սկսվի։
Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ն է վերաբերմունքը ՊՆ լրատվական բաժնի պետ Վարդան Ավետիսյանի հայտարարությանը , թե նա Սուրեն Սարգսյանին ընդհանրապես ռազմի դաշտում չի տեսել, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ դա սուտ է. «Մուտիլովկեն» անհաջող է, որովհետեւ ես ընդհանրապես Վանաձորում չեմ ծնվել, ես Վանաձորի հետ կապ չունեմ, բարեկամ անգամ չունեմ մերձավոր այնտեղ, որ «Վանաձորի Սուրիկ» գրեն, չգիտեմ՝ ինչո՞ւ են գրել»:
Իսկ փոխգնդապետ, մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանը հավելեց, որ Վարդան Ավետիսյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղան:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ վաղը՝ մարտի 1-ին՝ Սարյանի պուրակում, ազատամարտիկները հանրահավաք են կազմակերպելու եւ այնուհետեւ միանալու են Ազատության հրապարակում կազմակերպված հավաքին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ