Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի պաշտպանի բողոքը 90 էջ էր (տեսանյութ)

Փետրվար 28,2014 15:32

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, դատավորներ՝ Կարինե Ղազարյանի եւ Հենրիկ Տեր-Ադամյանի մասնակցությամբ այսօր քննեց Սեդրակ Զատիկյանի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գեւորգյանի բողոքները:

Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվել է, որ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնության գալով, Արսեն Առուշանյանին դրդել եւ պատվիրել է սպանել Զատիկյանին: Բացի Զատիկյանից, սպանվել էր պատահական անցորդ Կարինե Սարգսյանը: Ստեփան Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանի կայացրած դատավճռի դեմ բողոք բերած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ դատարանը նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներ է թույլ տվել եւ որ հաշվի չի առել կատարված հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը. «Արդարացի պատժի փոխարեն նշանակել է մեղմ պատիժ»: Նա ասաց, որ տուժողի մահով պատճառվել է իրավահաջորդներին ոչ միայն ծանր վնաս, որ կյանքից զրկվել է Սեդրակ Զատիկյանը, այլ նաեւ ընտանիքն է զրկվել միակ կերակրողից: Նա ասաց, որ կատարված հանցագործությունը նախատեսում է 12-20, նաեւ՝ ցմահ ազատազրկում: Փաստաբանը պահանջում էր բեկանել եւ փոխել դատավճիռը, նշանակել խիստ պատիժ՝ ցմահ ազատազրկման ձեւով, ինչը փոքր-ինչ աղմուկով ընդունվեց դահլիճում գտնվողների կողմից:

Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր բողոքը ներկայացրեց երկուսուկես ժամում, այն չհասցրեց ավարտել եւ միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ, ըստ նրա, բողոքը բաղկացած էր 90 եւ ավելի էջից:

Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նախաքննություն իրականացնող մարմնի գործողություններին, հայտնելով, որ 2007-ի սեպտեմբերի 1-ից սկսած՝ նախաքննությունն իրականացվել է ապօրինի, կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշում չկա, ինչպես նաեւ վարույթը կասեցնելու մասին որոշում չի եղել:

Ս. Հակոբյանի պաշտպանն ասաց, որ անթույլատրելի են եղել գործում եղած բոլոր ապացույցները, մասնավորապես՝ մեղադրանքի հիմքում դրված հեռախոսային վերծանումները, որոնք դատարանի կողմից անթույլատրելի չեն ճանաչվել: Նա ասաց, որ քրեական գործում չկա դատարանի որոշում, որով թույլատրվեր գաղտնալսումներ, վերծանումներ, իսկ «Արմենտել» եւ «ՎիվաՍելլ» կապի օպերատորները նախաքննության մարմնին ուղարկել են վերծանումների արձանագրությունները ոչ թե ի պատասխան դատարանի որոշման, այլ՝ «ի պատասխան գրությունների, կարիքն առաջանալու անհրաժեշտությամբ» պատճառաբանությամբ:
Պաշտպանական կողմը հղում արեց բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, որով ապացույցները չեն կարող օգտագործվել, եթե ձեռք են բերվել օրենքի խախտումներով: Պաշտպանական կողմը անդրադարձավ նաեւ նույն դատավորի կողմից 2007-ին կայացրած դատավճռին (Արսեն Առուշանյանի գործով), որով, ըստ նրա՝ դատարանը հաստատված է համարել ներկայումս եղած մեղադրական եզրակացությունը, այն դեպքում, երբ Ստեփան Հակոբյանը չի մասնակցել տվյալ դատաքննությանը, եւ այդ դատավճիռը կայացվել է առանց պատշաճ իրավակարգի. խախտվել է անմեղության կանխավարկածը: Ի դեպ, 2007-ի դատավճիռը ճանաչվել էր Ստեփան Հակոբյանի գործով ապացույց:

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ բողոքարկում է ոչ միայն տվյալ դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի դատավճիռը, այլեւ դատավորին ինքնաբացարկ հայտնելու եւ ինքնաբացարկը մերժելու որոշումը: Փաստաբանը դիմել է արդարադատության խորհուրդ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, գտնելով, որ նրա կողմից թույլ են տրվել էական կոպիտ խախտումներ:

Բողոքի քննությունը կշարունակվի մարտի 14-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728