Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Նրանք վախեցած են, որ Ս. Ալեքսանյանի խանութից առևտուրը կպակասի»

Փետրվար 28,2014 15:22

«Ըստ պաշտոնական տվյալների՝ 2011 թվականի՝ վերջին մարդահամարի համաձայն՝ ՀՀ-ում առկա բնակչության թիվը կազմում է 2 871 771 մարդ, իսկ մշտական բնակչությունը՝ 3 միլիոն: Բայց կարծում եմ, որ այստեղ որևէ մեկը չի հավատա, որ այս թվերը արտացոլում են ՀՀ իրականությունը»,-ազգագրագետ, «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանն այսօր այպիսի հայտարարությամբ հանդես եկավ: Նա ներկայացրեց Նախախորհրդարանի ներկայացրած «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի» ժողովրդագրական ոլորտը: Ազգագրագետը տեղեկացրեց, որ իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է ընդամենը 2,8 միլիոն մարդ:

Տիկին Խառատյանը, խոսելով Նախախորհրդարանի՝ երբեմն ռադիկալ մոտեցումների մասին, ասաց, որ «Ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում աղետալի է և կտրուկ միջամտությունների բացակայության դեպքում այն կարող է անվերականգնելի դառնալ»:
Հրանուշ Խառատյանը մտահոգություն հայտնեց, որ «վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում, Արցախում և Ջավախքում մենք կորցրել ենք 1,6 մլն հայ մարդկային ռեսուրս»: Այնուհետև ներկայացրեց թվային վերլուծություն. «1989-ին Հարավային Կովկասում 4 միլիոն հայ կար, և Ադրբեջանի հայերի մի մասը փախել էր Հայաստան: Եթե Հայաստանից արտագաղթ չլիներ, նման ահռելի ծավալներով, բնակչություն-իշխանություն ընդունելի իրավիճակ լիներ, ապա նույնիսկ երկրաշարժի, շրջափակման գործոնները հաշվի առնելով, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ ներկայիս ընդհանուր բնակչության թիվը առնվազն չորս միլիոնի պիտի մոտենար: Մենք հաշվում ենք նաև 360 հազար ադրբեջանահայ գաղթականներին, որոնք չմնացին Հայաստանում»:

Տիկին Խառատյանը շեշտեց, որ ՀՀ բնակչությունը ոչ միայն չի ավելացել, այլև հետընթաց է ապրել և նվազել է 38 տոկոսով, այնինչ 1,6 միլիոնով հայերի թիվը պիտի աճեր, ներառյալ ադբեջանահայ փախստականներին:

Տիկին Խառատյանը վստահեցրեց, որ արտագաղթը ձեռնտու է ՀՀ իշխանություններին ու մանրամասնեց. «Այն երկրում, որտեղ համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը կախված է արտագաղթից, ապա իշխանությանը ձեռնտու պետք է լինի արտագաղթը»: Այնուհետև տիկին Խառատյանն անդրադարձավ Արթուր Բաղդասարյանի՝ ՌԴ-ին դիմելու փաստին. «Ինչո՞ւ այս անգամ Արթուր Բաղդասարյանը վայ-հարայ արած նամակ գրեց Ռուսաստան, որ հայերը կարողանան Ռուսաստան գնալ: Նրանք վախեցած են, որ Լֆիկ Սամոյի խանութից առևտուրը կպակասի, այլ ոչ թե, որ այդ մարդիկ սոված ծարավ կմնան Հայաստանում»:

Այնուհետև տիկին Խառատյանը նշեց, թե ինչ ասել է նոր որակի պետություն: Հրանուշ Խառատյանը նշեց, որ նոր որակի պետություն ասելով մենք հասկանում ենք նոր որակի հարաբերություններ սփյուռքի հետ: Այնուհետև շեշտեց այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացին իրեն իր հայրենիքի տեր զգա: Այս իրավիճակի հիմնական պատճառը տիկին Խառատյանը համարում է դատական արդար համակարգի բացակայությունը: Նա մասնավորապես ասաց. «Կարող են մարդուն տնից վռնդել, ունեցվածքը առգրավել, օտարել իր բոլոր իրավունքներից: Սա ամենահամատարած զգացումն է հայրենիքի հետ կապի զգացման օտարումով, որը հետևողականորեն մեր երկրում իրականացվում է»:

Որպես ներկայացված հիմնախնդիրների լուծման ճանապարհ՝ տիկին Խառատյանն առաջնահերթ համարեց կրթությանը և դաստիարակությանը, արժեհամակարգային խնդիրներին վերաբերող հարցերի առաջ քաշումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728