Արցախյան ազատամարտի հրամանատարները երեկ խոսելով «ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» վերջին գործողությունների մասին, հայտարարությամբ էին հանդես եկել .«Կբացվեն մի շարք ազատամարտիկների դիմակներ»: Նրանք պնդում են, որ խորհրդի անդամները «կեղծ» ազատամարտիկներ են, որոնք չեն կռվել Արցախյան պատերազմում:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Վարդան Ավետիսյանն այսօր այդ հայտարարության մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց.«Որոշեցի այս հայտարարությունը տարածել, որպեսզի իրական դիմագիծ ունեցող դաշտային հրամանատարների հետ հանդիպում լինի, եւ ժողովուրդը համոզվի՝ ովքեր են իսկական հրամանատարները, եւ ովքեր են ռազմադաշտային խորհուրդ ստեղծած ինքնակոչ, ինչնահռչակ, այսպես կոչված՝ «Վանաձորցի Սուրենները», Հաբական հազարապետները եւ այլք»:
Վարդան Ավետիսյանի պնդմամբ՝ իրենք «ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամների հետ մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպել. «Հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ այս մարդիկ, ի սկզբանե, սոցիալական եւ տնտեսական բնույթի հարցեր էին բարձրացնում ՝ կապված ազատամարտիկների թոշակների հետ»: Վ. Ավետիսյանի խոսքերով՝ իրենք փորձել են այս հարցերին կառուցողական ճանապարհով լուծումներ տալ եւ ստեղծել են հանձնաժողով, որը պետք է զբաղվեր այդ ազատամարտիկների խնդիրներով. «Սակայն, ստացվեց այնպես, որ նրանք նաեւ բարձրացնում են իշխանափոխության, երկրի իշխանությունների եւ իրավապահ մարմինների նկատամբ անվստահության հարցը»:
Վ. Ավետիսյանը հայտարարեց, որ խորհրդի անդամների հետեւում կանգնած են «մութ» ուժեր, որոնք, օգտվելով նրանց քաղաքական անհեռատեսությունից, դրդում են գործողությունների, որոնք պետք է բերեն երկրի ապակայունացմանը:
Կարդացեք նաև
«Ազատամարտին մասնակցած տղաները երբեք չեն թմբկահարում մարտական գործողությունների՝ իրենց մասնակից լինելու փաստի մասին: Կան տղաներ, որ ավելի շատ խոսում են, քան գործել են ռազմաճակատում: Ոչ մի կռված տղա երբեք չի ասում, թե ես կռվել եմ, ես քաջագործություններ եմ կատարել, ոչ մի կռված տղա երբեք կուրծքը չի ծեծում»,-այսպես բնութագրեց Վ. Ավետիսյանը ազատամարտի մասնակիցներին եւ ապա հավելեց. «Ի՞նչ է նշանակում հատուկ ջոկատներ ուղարկել դպրոցներ, համալսարաններ եւ այլ հաստատություններ եւ համոզել, որ եկենք ջարդենք, կոտորենք, քշենք երկրից իշխանություններին: Սրա համար ենք մենք ձայն բարձրացրել, նման սադրիչներն իրավունք չունեն մեր կողքին կանգնելու»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ