Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կոծկելը փնտրիր քո շեֆի մեջ». Հովհաննես Մարգարյանն`Ալեքսանդր Արզումանյանին

Փետրվար 28,2014 13:45

Երեկ խորհրդարանում, «Մարտի մեկի» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկումների ժամանակ, ՀՀՇ վարչության նախկին անդամ, այժմ`«ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը բավականին ուշագրավ ելույթ ունեցավ` հայտարարելով, որ ԱԺ դահլիճում, բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից», բոլորը մարտի մեկի մասնակից են եղել:

Ruben-HakobyanԱյսօր, խորհրդարանական ճեպազրույցներում պատասխանելով հարցին` կիսո՞ւմ է իր գործընկեր Ալեքսանդր Արզումանյանի մոտեցումները, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, բավականին շրջանցելով, ասաց. «Իսկապես իշխանությունը շահագրգռված չէ և քաղաքական կամք չունի բացահայտելու մարտի 1-ի դեպքերը: Մարտի 1-ը անպայման ունի մեղավորներ, հրահրողներ ու կազմակերպիչներ, այն հետևանք էր նախագահական ընտրությունների: Առհասարակ` պետության մեջ կատարվող հիմնական իրադարձությունների պատասխանատուն իշխանությունն է, ինչն էլ վկայում է այն փաստը, որ անցած վեց տարիներին այդ բացահայտ իրադարձությունները այդպես էլ չբացահայտվեցին: Եվ եթե հարցը իրավական դաշտ չտեղափոխվեց, ապա այն պատճառով, որ այն շարունակում է մնալ քաղաքական հարթությունում»:
Hovhannes_Margaryan_1Նույն հարցին, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ավելի ըմբոստ հակադարձեց`հիշեցնելով, որ երեկ ինքը նիստերի դահլիճում էլ, նստած տեղից իր ասելիքն ասել է Արզումանյանին. «Ես ասացի, որ մենք երբեք ոչ մի բան չենք կոծկել, դու կոծկելը փնտրիր քո շեֆի մեջ, մարդկանց մեջ, որոնց մի քանի անգամ հրավիրվեցին հանձնաժողով ու չեկան եւ ցուցմունք չտվեցին, այդ թվում նաեւ կազմակերպիչը`Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Լրագրողների հարցերին`ինչո՞ւ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, ովքեր այդ ժամանակ իշխանության ղեկավարներն էին, չեն հրավիրել հանձնաժողվ, Հովհաննես Մարգարյանն այդպես էլ չկարողացավ հստակ եւ հասկանալի բացատրություններ տա. «Հանձնաժողովի փոխարեն ես չպատասխանեմ: Այդպես էր հանձնաժողովի որոշումը: Ներքին զորքերի հրամանատարը`Գրիգոր Գրիգորյանը, չորսուկես ժամ սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին ու նրա պատասխաններից էր կախված`թե ո՞ւմ  կհրավիրեն….»:
Հովհաննես Մարգարյանը շարունակեց հակադարձումներն Ալեքսանդր Արզումանյանին. «Չորս քաղաքական ուժերին մեղադրեցիր կոծկելու մեջ`ոչ ոք քեզ նման իրավունք չի տվել`մեղադրանքներ հնչեցնել առանձնակի ծանր հանցագործության համար»:
ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ պատասխանել Ալեքսանդր Արզումանյանին: Ասաց`հրացերն իրեն ուղղեք:
aghvanՓոխարենը, ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը, խոսելով «մարտի մեկի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, ասաց, որ իր կարծիքով, «մարտի մեկի» գործով քաղաքական էջը փակելու ժամանակն է, բայց զոհերի հարազատների խնդիրները մնում են չլուծված, և նրանց պետք է համապատասխան փոխհատուցում տրվի: Ալեքսանդր Արզումանյանի մեղադրանքների առիթով Aravot.am-ի հարցին էլ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես երեկ բավական երկար զրուցել եմ Ալեքսանդր Արզումանյանի հետ, ես որևէ հստակ մեղադրանք չեմ տեսել»: Նա հավելեց, որ առհասարակ չկա որևէ հիմք մեղադրելու Դաշնակցությանը: «Միակ դրվագը, որ խոսվել է այդ համատեքստում, այն է, որ Մարտի մեկից հետո կոալիցիայում ենք եղել, բայց դա միանգամայն այլ օպերա է: Հարգում եմ Արզումանյանին, բայց բաներ կան, որ չեն կարող դաշնակցությանը կպնել: Լուրջ չի, որ մեզ մեղադրում են միավորներ հավաքելու և պոպուլիզմի մեջ: Մեր տեսակը, պետության հանդեպ մեր վերաբերմունքը չեն թույլ տալիս, որ դաշնակցությունը անի բաներ, որ իր բնույթից դուրս են»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ Սամվել Նիկոյանի ղեկավարած Մարտի մեկի գործով նախորդ հանձնաժողովում Դաշնակցության ներկայացուցիչն աշխատել է գիշեր ցերեկ: Դաշնակցությունն էլ եզրափակիչ արձանագրության մեջ հատուկ կարծիք է գրել կիսատ մնացած հարցերի վերաբերյալ. «Լավ չեմ հասկանում, թե ինչու պետք է Դաշնակցությունը կոծկելու ցանկություն ունենար, կարծում եմ կոծկելու մեջ մեղադրանքում նա սխալվել է: Իշխանության կամ կոալիցիայի մեջ լինելը, չի նշանակում, որ մենք կոծկելու ենք: Կոծկելու ցանկություն չունենք»:

Naira ZohrabyanԱնցած քառօրյայի աշխատանքների գնահատականի համատեքստում էլ Aravot.am-ի նույն հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ շատ մերկապարանոց հայտարարություններ են հնչել, այդ թվում և՝ ԲՀԿ-ի հասցեին մեղադրանքներ, թե մարտի մեկի ժամանակ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս է կազմել. «Բայց մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելով չի: Եկեք ստեղծենք հանձնաժողով` տարբեր, շահագրգիռ ուժերից կազմված, քննարկենք նաև պարոն Ալեքսանդր Արզումանյանի մտահոգությունները, նաև այն հարցերը, թե որտե՞ղ են այսօր այն զենքերը, որոնցից սպանվել են ՀՀ քաղաքացիներ և այլն»: Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն բաց է քննարկման համար`ավելոցնելով, որ մարտի 10-ին`հարցի քվեարկության ժամանակ, հստակ կերևա, թե որ քաղաքական ուժերն են պատրաստ բաց քննարկման, իսկ որ ուժերն են խուսափում դրանից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728