Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգի» մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիստի բացման խոսքում ԱԱԽ Քարտուղարը նշել է. «Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է, որը խարսխվում է մարդու կյանքի և առողջության պաշտպանության վրա, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության բնականոն գործունեության ապահովմանը:
Կենսաբանական սպառնալիքների տարածումը պայմանավորված է մարդկանց, կենդանիների, հումքի, կենդանական և բուսական ծագման արտադրանքի մեծաքանակ և մեծածավալ տեղաշարժերի հետ, քանի որ մեծացել են կենսաբանական վտանգ ներկայացնող այնպիսի վարակների տարածումը, ինչպիսիք են՝ վերջին տարիներին արձանագրված ատիպիկ թոքաբորբը, թռչնի և խոզի գրիպները, խոզերի աֆրիկյան ժանտախտը և այլն:
Համաճարակային կամ պանդէմիկ ներուժով վարակիչ հիվանդություններն, անկախ դրանց ծագման բնույթից՝ անխոչընդոտ տարածման դեպքում կամ կանխամտածված կիրառման պարագայում լուրջ, իսկ հաճախ՝ մահացու սպառնալիք են և կարող են լրջորեն խոչընդոտել հասարակության բնականոն գործունեությունն ու խաթարել երկրի տնտեսական զարգացումը»:
Կարդացեք նաև
Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ ներկայումս աշխարհում մեծ ջանքեր են գործադրվում համաճարակային կամ պանդէմիկ վարակիչ հիվանդություններով պայմանավորված սպառնալիքներին հակազդելու, համապատասխան պայքարի միջոցներ մշակելու և կիրառելու ուղղությամբ՝ ներգրավելով ազգային և միջազգային գիտական ներուժը` կարևորելով «Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգիե ընդունման անհրաժեշտությունը:
Հայեցակարգի ընդունումը նախատեսված է Ազգային անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրով:
Հայեցակարգի նախագիծը նախատեսվում է մշակել, հաշվի առնելով Հայաստանի փորձը, միջազգային ձեռքբերումները, վերջին տարիների վիճակագրությունն ու զարգացման միտումները:
Հայեցակարգի ընդունմամբ կապահովվի Հայաստանի կողմից որդեգրած և միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունների բարեհաջող իրականացումն ու լուրջ նախադրյալներ կստեղծվեն կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում:
Հանձնաժողովը որոշել է մինչև հոկտեմբեր մշակել հայեցակարգը, որից հետո այն կներկայացվի Անվտանգության խորհրդի հաստատմանը:
ԱԱԽ