Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոբելյանը մի քիչ տարօրինակ երանգներ է բերել իմ կյանք». «Իրատես de facto»

Փետրվար 28,2014 12:36

«Իրատես de facto»-ի հյուրն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ։ Այս տարի լրանում է նրա ծննդյան 90-ամյակը։ Ջերմորեն շնորհավորում ենք Վարպետին, մաղթում արևշատություն և ակնկալում դեռ երկար վայելել իր ստեղծագործ, ակտիվ ներկայությունը մեր կողքին։

«Էսքան այլանդակություն կա մեր հասարակության մեջ, որի՞ մասին է խոսվում բեմից»

– Պարոն Մանարյան, տասնամյակների բեղուն գեղարվեստական գործունեության, իննսունամյա կենսափորձի բարձրությունից հայացք նետելով ապրած կյանքին, ի՞նչն եք հատկապես կարևորում, ինչի՞ց եք առավել տպավորված։

– Այս հարցին պատասխանելով՝ ակամա պիտի լավ խոսքեր ասես։ Պատանեկան տարիների իմ ցանկությունն էր երկիր ունենալ, իմ երկիրը։ Թեև, ապրելով Պարսկաստանում, մենք խնդիրներ չենք ունեցել։ Պարսիկները մեզ շատ լավ էին վերաբերվում և շատ էին ափսոսում, որ հեռանում էինք իրենց երկրից։ Բայց բոլոր դեպքերում այն երկիրն իրենցն էր։ Եվ իմ ընկերները, ովքեր ինձ հետ եկան Հայաստան, նույն բանն էին մտածում՝ ունենալ երկիր, ապրել իրենց երկրում։ Մենք ցանկանում էինք մեր տանը լինել։ Դա հոգեբանական կարևոր գործոն էր։ Եվ ես եկա Հայաստան ու մնացի։ Ես իմ երկրի տերն եմ։

– Այն ժամանակվա Հայաստանը շա՞տ էր տարբերվում Ձեր երազած, Ձեր պատկերացրած երկրից։

– Սոսկալի շատ։ Այնքանով էր միայն գրավիչ (և սա զարմացնում, հուզում էր բոլոր սփյուռքահայերին), որ նույնիսկ ոստիկանը հայերեն էր խոսում։ Այդքանը։ Ուրիշ ոչինչ չէր գրավում։ Մի բան շատ որոշակի էր՝ էդ ոստիկանները հայեր էին։ Բայց զարմանում էիր, թե ինչու է հայ մարդն այդ վիճակի մեջ։ Մի տեսակ անօգնական էին, թե անհամարձակ։ Ինչ-որ վիճակ էր, որը մեզ ծանոթ չէր։ Հետո հասկացա, որ դա, ի վերջո, մեծ գերտերության մի մասը լինելու հանգամանքն էր։ Ամեն դեպքում մենք դարձանք քաղաքացի և աշխատեցինք կատարել այն բոլոր պահանջները, որ երկիրը դնում էր մեր առաջ։ Իսկ էս հոբելյանը մի քիչ տարօրինակ երանգներ է բերել իմ կյանք։ Ընկերներս գիտեն, որ միշտ ակտիվ եմ եղել հասարակական կյանքում։ Բայց հիմա, երբ ինձ հիշեցնում են, որ իննսունամյակս է, որ այն ինչ-որ կերպ պիտի նշվի, սկսում եմ մտածել, որ էդ հասարակական գործուն, ակտիվ վիճակը սազական չէ իմ այս տարիքին։

– Մի՞թե այդպես եք կարծում։ Տարիքը կարո՞ղ է փոխել մարդուն։

– Ճիշտ չէ տարիքի հետ հաշվի չնստելը։ Ամեն տարիք իր պահանջներն ունի։ Գուցե թե դժվարանամ հրաժարվել իմ ակտիվությունից, բայց այս տարիքում գնալ հանրահավաքի, ինչ-որ կոչեր անել՝ սազական չէ, ճիշտ չէ։ Եթե ես այսօր տնից դուրս եմ գալիս և նախկինում հինգ րոպեում անցածս ճանապարհն անցնում եմ տասնհինգ րոպեում, ուրեմն իսկապես ինչ-որ բան փոխվել է, և էդ փոփոխությունն ամեն ինչում էլ պիտի երևա։ Դա պարտադրում է, որ զգուշավոր լինես, ամենածանր բանը, որին ես բախվեցի։ Երբեք զգուշավոր չեմ եղել։

– Իսկ ի՞նչ կարող է անել 90-ամյա արվեստագետը, քաղաքացին։ Հանրահավաքի գնալը, կոչեր հնչեցնելը, ըստ Ձեզ, պատշաճ չեն։ Ի՞նչն է, ուրեմն, պատշաճ։

– Հանրահավաքի, իհարկե, գնում եմ։ Բայց ելույթներ ունենալու, կոչեր հնչեցնելու ժամանակն արդեն անցել է։ Մանավանդ որ իրականության զգացողությունը մարդկանց մեջ տարբեր է։ Դու քո պատկերացումներն ու պահանջմունքներն ունես, դրանք տարիների հետ չեն փոխվում։ Ու մի ժամանակ է գալիս, երբ քո և հանրության պատկերացումների միջև անհամապատասխանություն է առաջանում, մի տեսակ անաքրոնիզմ է ստացվում։ Այդպիսի դեպքերում պիտի զգույշ լինես, որ հանկարծ «հիմարություն» դուրս չտաս։

– Դե՜, Ձեր կոմիզմով միայն դերերում չեք փայլում, փաստորեն։ Բայց, ի տարբերություն դերերում մարմնավորած թեթեւ, աշխարհիկ կերպարների, կյանքում շատ դրամատիկ իրավիճակների, պատասխանատու քայլերի դաշտում եք հայտնվում հիմնականում։ Այս հատկանիշները Ձեր ապրած ժամանակի, հասարակական- քաղաքական անցուդարձերի պարտադրա՞նքն են, թե՞ Ձեր էությամբ են պայմանավորված, Ձեր անձով, Ձեր տեսակով։

– Շատ հետաքրքիր պատասխան ենթադրող հարց տվեցիր։ Ես չէի անդրադարձել այն հանգամանքին, որ «Հարսնացու հյուսիսից» ֆիլմում մի ռեպլիկ է եղել, որը իմն է, հեղինակի մտահղացումը չէ, ըստ սցենարի չէ։ Հետո ուրիշներն իմ ուշադրությունը դրա վրա հրավիրեցին։ Մի տեսարանում ես ասում եմ. «Քիչ մը ըմբոստանանք, այս ի՞նչ վիճակ է»։ Դա իմ ներսից եկող բողոք էր։ Կողքներիս Մուրադը կար, որ մեզ զսպողն էր, մեծ մարդ էր, պիտի բոլորս ենթարկվեինք նրան։ Մենք ընդամենը նրա կամակատարներն էինք ֆիլմում։ Բայց ես, փաստորեն, ըմբոստացա, չկարողացա մինչև վերջ զուսպ մնալ։ Դա իմ իմպրովիզն էր, բայց ես չէի զգացել, թե ինչպես եմ արել։ Հետո անդրադարձա, որ այդպիսի բան եմ ասել։ Ուրեմն դա իմ տեսակից եկող բան էր։ Ես այդպես եմ մտածում։ Եթե ինչ-որ բան այնպես չէ, պետք է ըմբոստանաս, ինչքա՞ն կարելի է համբերել։ Աստված մեզ համբերելու հնարավորություն է տվել։ Բայց դա անսահման հո չէ՞: Ինչ-որ մի սահման, իհարկե կա, որից հետո էլ չես դիմանում։ Բայց դրան էլ հաջորդում է մեկ այլ սահման, որից հետո պիտի կանգ առնես:

Զրույցը՝ Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728