Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը գնում է դեպի Ռուսաստան»

Փետրվար 28,2014 14:46

Ռուսաստանի ճնշումը, «սառեցված» հակամարտությունը, փոխվստահությունն
ու նորվեգացի փորձագետների մտահոգությունները

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի (ՆՀԿ) գլխավոր քարտուղար Բյորն Ինգեսլանդը եւ ՆՀԿ Մարդու իրավունքների ուսուցման բաժնի ղեկավար Էնվեր Ջուլիմանը օրեր առաջ այցելեցին Հայաստան եւ Վրաստան, հանդիպեցին տարածաշրջանային գործընկերների հետ:

«Առավոտի» հետ զրույցում փորձագետներն անդրադարձան տարածաշրջանային ծրագրերին ու գոյություն ունեցող հիմնախնդիրներին: Բյորն Ինգեսլանդը տեղեկացրեց, որ իրենց ծրագրերը վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը: Նշենք, որ 2012-ից մեկնարկել է «Դաշինք հանուն վստահության» ծրագիրը, որը միտված է տարածաշրջանում ազգերի միջեւ փոխվստահության հաստատմանն ու ամրապնդմանը: Հատկանշական է այն, որ ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում նաեւ ԼՂՀ-ի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ներկայացուցիչների հետ:

Բյորն Ինգեսլանդը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում հանդիպել է մի շարք պաշտոնատար անձանց հետ, բայց տպավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պատրաստվածությամբ:

Մեր հարցին` արդյոք ՀՀ-ում առաջընթաց նկատվո՞ւմ է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, պարոն Ինգեսլանդը նկատեց. «Դեռ խնդիրներ կան, որոնք հիմնականում կապված են ոչ անկախ դատական համակարգի, կոռուպցիայի հետ»:
Էնվեր Ջուլիմանը զրույցի ընթացքում բոլոր խնդիրների, հակամարտությունների լուծման հիմնական միջոց համարեց վստահության ձեւավորումը: Նա շեշտեց. «Մենք ուզում ենք կրթական ծրագրերի միջոցով նպաստել նրան, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվի փոխվստահության մթնոլորտ` գործընթացում ներառելով նաեւ ԼՂ-ն, Աբխազիան ու Հարավային Օսեթիան: Մենք աշխատում ենք իրավապաշտպանների, ակտիվիստների եւ լրագրողների հետ` շուրջ 270 անձ ենք ներգրավել: Այս անձանց հետ տարվող աշխատանքի միջոցով ցանկանում ենք բոլոր կողմերի գիտակցության մեջ նոր` խաղաղասիրական գաղափարներ ներարկել»: Մեր հարցին` արդյոք հին կարծրատիպերը չե՞ն խանգարում, օրինակ` Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին հաղթահարել պատմության կնճռոտ էջերն ու նորովի հարաբերություններ հաստատել: Պարոն Ջուլիմանը նշեց. «Տարածաշրջանային բոլոր երկրները, հատկապես Հայաստանն ու Ադրբեջանը, ունեն միանման հիշողություններ, որոնք կարող են հարաբերությունների վերահաստատման լավ հիմք դառնալ»:

Մեր հարցին` արդյոք պարբերաբար Ադրբեջանի կողմից իրականացվող սահմանային դիվերսիոն հարձակումները չե՞ն խոչընդոտում ՆՀԿ-ի` տարածաշրջանում խաղաղաշինությանն ուղղված ծրագրերին, Էնվեր Ջուլիմանը պատասխանեց. «Իհարկե, խոչընդոտում են, դա լուրջ հիմնախնդիրներից է, որը հանգեցնում է հակամարտության շարունակականության: Այստեղ կարեւոր է այն, թե արդյո՞ք երկու կողմերը պատրաստ են լսել մեկմեկու, ընդունել մյուս կողմի ճշմարտությունը»:

ԼՂ հակամարտության մասին հարցին ի պատասխան՝ Բյորն Ինգեսլանդը այն համարեց «սառեցված», խուսափեց քաղաքական գնահատականներից ու նշեց. «Չենք փորձում լուծել ամեն ինչ, բայց փորձում ենք լուծել ինչ-որ բան»: Այնուհետեւ պարոն Ինգեսլանդը հիշեցրեց, թե բազմիցս քննադատել են Ադրբեջանի կառավարությանը եւ մտահոգված են այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներով: Նա շեշտեց, որ անգամ իրենց գործընկերներից մեկի` Քադիա Իսմայլովայի իրավունքներն են լրջորեն ոտնահարվել այդ երկրում:

Զրույցը ծավալվեց ու հասավ մինչեւ ուկրաինական հեղափոխություն: Պարոն Ինգեսլանդն ակնհայտ համարեց Ռուսաստանի ճնշումն այս երկրի վրա: Ինչ վերաբերում է հարցին` արդյոք ՌԴ-ն նույնպիսի ճնշում իրականացրել է նաեւ Հայաստանի՞ վրա` հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի որոշումը, պարոն Ինգեսլանդն այսպիսի կարծիք հայտնեց. «Ես չգիտեմ, թե ինչ տեսակի ճնշման տակ է Հայաստանը, բայց ՀՀ-ն փոքր երկիր է, եւ ինչ-որ մի մակարդակում, հատկապես անվտանգության հարցում, կախվածության մեջ է Ռուսաստանից»: Պարոն Ինգեսլանդն իր խոսքում անդրադարձավ նաեւ ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներին: Մեր հարցին` այս պարագայում ո՞ւր է գնում Հայաստանը` անդամակցելով Մաքսային միությանը, պարոն Ինգեսլանդը պատասխանեց. «Հայաստանը գնում է դեպի Ռուսաստան: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչպես կարող է դա անդրադառնալ Հայաստանի վրա, բայց ինչ-ինչ մտահոգություններ կան` հաշվի առնելով Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրները»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նկարում ձախից` Բյորն Ինգեսլանդը եւ Էնվեր Ջուլիմանը

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    հա էլի, էՆՎԵրԸ ՄԵր երեխաների համար կրթական ծրագրեր ա մշակում. Կեցցե՜՜՜ Սաքունցը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728