Ճեպազրույց ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ) հետ
– Պարոն Արսենյան, Մարտի մեկի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առնչությամբ ԱԺ ամբիոնից Ձեր ելույթում ասացիք, թե, որպես նույն հարցով նախկին հանձնաժողովի անդամ, պնդում եք, որ «բանակի թիկունքի ծառայությունը որևէ մասնակցություն չի ունեցել Մարտի մեկի դեպքերին»։
– Այո, այդ ծառայությունը որևէ կապ չունի այն մեղադրանքների հետ, որոնք հնչում են առայսօր, թե այդ ծառայությունը համազգեստ է տվել օլիգարխների թիկնապահներին, սափրագլուխներին։ Ես ասում եմ՝ նման բան չի եղել, փաստերը ստուգել եմ ինքս և պաշտոնապես հայտարարում եմ այդ մասին։
– Իսկ ընդհանրապես բանակը մասնակցե՞լ է Մարտի մեկի գործողություններին։
Կարդացեք նաև
– Բանակի մասնակցության մասին որևէ փաստ արձանագրված չէ։
– Թիկունքի ծառայության մասին Ձեր ասածից ես կարո՞ղ եմ եզրակացնել, որ Անդրանիկ Քոչարյանի, այն է՝ փաստահավաք խմբի հավաստումը, թե Գագիկ Ծառուկյանի (հետո չգիտես ինչու այդ ցուցակից անհետացավ Ռուբեն Հայրապետյանի անունը) թիկնապահներն ամենաշատն են շոր ու գլխարկ ստացել, չի համապատասխանում իրականությանը, և ընդհանրապես, որևէ մեկը որևէ բան չի ստացել «թիկունքից»։
– Երկրորդեմ՝ ես ստուգել եմ հրապարակված փաստերը, գնացել ենք հանձնաժողովի անդամներով այդ պահեստ, ստուգել փաստաթղթերը, նման բան արձանագրված չկար։
– Կարծում եք՝ «նման բանը» փաստաթղթավորվա՞ծ կլիներ։
– Ես կրկնում եմ՝ որևէ փաստաթուղթ, ապացույց չի եղել այդ մասին, մնացածը ենթադրություններ են։ Պա՞րզ է։
– Պա՛րզ։ Դուք պաշտպանում եք ձեր ֆրակցիայի ղեկավար Գագիկ Ծառուկյանին։
– Ես այդ մասին հիմա չէ, որ ասում եմ, ես դա ասել եմ դեռ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ի հետ կապ չունեի։
– Ի դեպ, ի՞նչ եք կարծում, արտակարգ դրություն հայտարարելը՝ Մարտի մեկին, սահմանադրակա՞ն, թե՞ հակասահմանադրական էր։
– Իմ կարծիքը հետևյալն է՝ արտակարգ դրություն մտցնելով ոտնահարվել է իմ՝ քաղաքացի Գուրգեն Արսենյանի սահմանադրական իրավունքը:
Ճեպազրուցեց՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում