Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոմբոներկայի» փոխարեն գումար պետք է տան

Փետրվար 28,2014 14:25

Առաջնային բուժօգնության ծառայություններն աստիճանաբար վճարովի՞ են դառնում

«Իսկ ի՞նչ է, վճարովի չէ՞ր, որ վճարովի են դարձնում: Մեկ ամիս առաջ ամուսնուս համար անալիզներ տարանք, ամեն անալիզի համար 500 դրամ վճարել եմ, երեք անալիզ տվեցի, երեքի համար էլ վճարեցի, լաբորանտկան ասեց՝ պետք է այսքան մուծեք, մենք էլ խելո՜ք մուծեցինք»,- պատասխանելով «Առավոտի» հարցին, թե տեղյա՞կ եք, որ մարտի 1-ից պոլիկլինիկաներում որոշ ծառայություններ՝ լաբորատոր-գործիքային հետազոտությունները վճարովի են դառնալու, ասաց տիկին Սաթենիկը: Նրա ընտանիքն օգտվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի պոլիկլինիկայից: Տիկնոջ խոսքերով. «Ասում են՝ անվճար է, բայց դե, եթե չմուծենք, անալիզը սխալ-մխալ կանեն, դա մեզ վրա ավելի թանկ կնստի»:
Օրերս առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ այս տարվա մարտի 1-ից առաջնային բուժօգնության օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունները դառնալու են վճարովի: Նախարարության սահմանած նոր կարգն առայժմ կգործի Երեւանի ամբուլատոր-պոլիկլինիկաներում, նշյալ ծառայությունների համար չեն վճարի միայն սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները:

«Առավոտը» մայրաքաղաքի փողոցներում փոքրիկ հարցում անցկացրեց՝ պարզելու բնակիչների կարծիքը պոլիկլինիկաներում ծառայությունները վճարովի դարձնելու վերաբերյալ: Նկատենք, որ նախարարության պաշտոնյաները, որպես պատճառաբանություն, նշում են ստվերային գումարների դեմ պայքարը՝ ծրագրելով այդ գումարներն ուղղել առաջնային բուժօգնության օղակի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Առողջապահության ոլորտի պատասխանատուները նաեւ հույս ունեն բուժանձնակազմին խրախուսելու միջոցով բնակչությանն ուղղորդել դեպի առաջնային օղակ:

Սիրան Հակոբյանն ապրում է Արաբկիր համայնքում եւ պարբերաբար օգտվում է պոլիկլինիկական ծառայությունից: Մեզ հետ զրույցում տիկին Հակոբյանն ասաց, որ անալիզների համար երբեք էլ գումար չի վճարել. «Թոշակառու կին եմ, ինձ փող որտեղի՞ց, որ մի հատ էլ կաշառք տամ, հա պատահել ա, լավ էլ քիթումռութ են արել անալիզի տեղը, նույնիսկ ակնարկել են, որ 1000 դրամ պիտի վճարեմ, բայց դե, ես չեմ վճարել, ինչի՞ վճարեմ, որ օրենքով անվճար է, կարա՞ք ինձ բացատրեք: Էդ մի բանն էր, որ օգտվում էինք, էդ էլ դարձնեն վճարովի: Երեւի ուզում են, որ հիվանդ մարդիկ շուտ գնան էն աշխարհ, որ փողերը խնայեն: Պատգամավորների աշխատավարձն են բարձրացնում, բա պիտի իմ նմանների հաշվին խնայեն չէ՞, որ նրանցը բարձրացնեն»:

Բաբկեն Սողոմոնյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, թեւեւ վստահ է, որ՝ «Մի քիչ գումար տայի, կարգս կփոխեին 2-րդ»: Պոլիկլինիկայում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես քաղաքացին է վստահեցնում՝ անալիզների համար մշտապես իրենից գումար են ուզել. «Նայած՝ որ անալիզի համար ինչքան են ուզում, մեզի համար 500 եմ տալիս, արյան անալիզի համար՝ 1000 դրամ»: Առողջական խնդիրների պատճառով Բ. Սողոմոնյանը ոնց էլ լինի՝ մի քանի ամիսը մեկ առնչվում է առաջնային բուժօգնության օղակի հետ, եւ երբ հաշվարկ է անում, թե «օրենքով անվճար» ծառայության համար որքան գումարներ է ծախսում, հասկանում է, որ այդ ծախսերը գազի կամ էլեկտրաէներգիայի խնայած գումարներից է տվել, մինչդեռ, ինչպես ինքն է ասում՝ այդ գումարով մի քիչ ավելի գազ կվառեի, կտաքանայի:

Արաբկիր համայնքի մեկ այլ պոլիկլինիկայում հաշվառված բնակիչ Ազնիվ Մուրադյանն էլ պատմեց, որ երբեք դատարկ ձեռքով չի գնում պոլիկլինիկա եւ գումարի փոխարեն պոլիկլինիկայի բժիշկ-բուժքույրերին «բոմբոներկա» եւ սուրճ է տանում. «Ծանոթ-բարեկամ որ ինձ «բոմբոներկա», սուրճ են բերում, չեմ ուտում, ինձ չի կարելի, տանում եմ բժիշկներին: Փող էլ չունեմ, որ տամ: Դե, հո դատարկ ձեռքով չեմ գնա, գիտեմ, որ նրանց ստացածն էլ մի բան չի: Սաղ օրը ստիպված են՝ ինչ սորտի մարդու հետ ասես գլուխ դնեն: Հեշտ չի հազար մարդու մեզի ու կեղտոտ բաների հետ գործ ունենան, չէ՞»:

Մեր այն դիտարկմանը, որ եթե մարտի 1-ից «անալիզները» վճարովի դառնան, այլեւս չի կարողանալու բժիշկներին «բոմբոներկայով» վարձահատույց լինել եւ պետք է, կախված հետազոտության տեսակից, 500 կամ 1000 դրամ վճարի, տիկին Մուրադյանն ասաց. «Ի՞նչ արած, ես էլ չեմ գնա բժշկի»:

Նշենք, որ առողջության առաջնային պահպանման օղակում ծառայությունները անվճար են դարձել 2006 թվականից: Այսօր, թե կոնկրետ որ «անալիզների» համար որքան գումար պետք է քաղաքացիները վճարեն՝ մեր հարցին առողջապահության նախարարությունից ասացին, որ ցանկը չեն կարող հրապարակել, քանի որ նախարար Դերենիկ Դումանյանի հրամանն այս մասով արդարադատության նախարարությունում գրանցման փուլ է անցնում, եւ ցանկը կհրապարակվի ավելի ուշ:

Ամեն տարի արտահիվանդանոցային ծառայությունների համար պետբյուջեից տրամադրվում է 26,6 միլիարդ դրամ: Գումարը, ինչպես հայտնեցին նախարարությունից, բաշխվում է 360 բուժկազմակերպությունների միջեւ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728