Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մերժել է հայի հայտը

Փետրվար 28,2014 13:55

Ընթացիկ թատերաշրջանում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների խումբը համալրեց երիտասարդ երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը: Նա հասցրել է հանդես գալ Տիգրանյանի «Անուշ» (Սարո) ներկայացման մեջ, ընդ որում՝ նաեւ Փարիզում՝ Սերժ Ավեդիքյանի բեմադրությամբ եւ գլխավոր դերերգերով Մոցարտի «Կախարդական սրինգ», Բիզեի «Կարմեն» օպերաների համերգային կատարումներում:

Դեռեւս ուսանողական տարիներից երիտասարդ երգիչը Հայաստանը ներկայացրել եւ մրցանակներով վերադարձել է հեղինակավոր Ժան Բատիստ Վիոտիի (Իտալիա), Մարիա Բիեշուի անվան (Մոլդովա) եւ մոսկովյան «Աշխարհի մուսաները» միջազգային մրցույթներից: Երգիչը մեր օպերային թատրոնի մեներգիչների հետ մասնակցել է 2013թ. Մարիինյան թատրոնում կայացած համերգին եւ ունեցել 3 մենահամերգ:

Այսօր Լիպարիտ Ավետիսյանը սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում: Հայաստանյան պետական կոլեկտիվները, այդ թվում՝ Կամերային նվագախումբը (ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան), Կամերային երգչախումբը (ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան) նրան հրավիրել են հանդես գալու տենորի պարտիայով Նոյելի «Ծննդյան օրատորիայում», Շուբերտի «Սոլ մաժոր մեսսայում», Ֆիլհարմոնիկ նվագախումբն (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) ու ակադեմիական կապելլան (ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան)՝ Վերդիի «Ռեքվիեմում»:

Liparit_01

Վերջերս էլ Լիպարիտ Ավետիսյանը սոպրանո Ջուլիետ Գալստյանի եւ դաշնակահար Վահան Մարտիրոսյանի հետ Լոնդոնում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգին:

Օրերս երաժիշտների, մասնավորաբար՝ վոկալի մասնագետների հետ զրույցում տեղեկացանք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը համակարգում է ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունը, չի ընդունել երգչի հայտը՝ մասնակցելու շուտով մեկնարկելիք դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար մրցույթին: «Առավոտի» հետ զրույցում Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ իրեն իսկապես մերժել են, պատճառաբանելով, թե ինքը Ուկրաինայի քաղաքացի է:
Մեզ հետ զրույցում երգիչն ասաց, որ ծնվել է Երեւանում, 3 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Ղրիմ, տարրական երաժշտական կրթություն ստանալուց հետո երգիչն ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, որտեղ շուրջ 2 տարի սովորելուց հետո տեղափոխվել է Երեւանի կոնսերվատորիա: «Մոսկվայում սովորելու տարիներին մտերիմ ընկերս ինձ հիացած պատմում էր, թե ի՜նչ հայ երգիչ է ընդգրկված Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնում, Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայում: Շտապեցի դիտել ներկայացումը եւ իսկապես հիացա Ֆիգարոյի դերերգով հանդես եկած Արսեն Սողոմոնյանի վոկալով: Եվ երբ տեղեկացա, որ նա ուսանել է Երեւանի կոնսերվատորիայում, պայծառահիշատակ Ռաֆայել Հակոբյանցի դասարանում, առանց երկմտելու՝ Մոսկվայից տեղափոխվեցի Երեւան»,- պատմում է Լիպարիտը: Նաեւ հավելում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իր հայտի մերժումը իսկապես անակնկալ էր իր համար. «Ճիշտ է, ես Ուկրաինայի քաղաքացի եմ, բայց բոլոր միջազգային մրցույթներում ներկայացրել եմ Հայաստանը: Այստեղ ունեմ կեցության իրավունք, սովորում եմ, աշխատում, նաեւ՝ հարկեր մուծում: Ի վերջո, դառնալու եմ ՀՀ քաղաքացի, բայց մինչ օրս Ուկրաինան չունի երկքաղաքացիության մասին օրենք: Հայաստանն աշխարհում սփռված հայության հայրենիքն է: Եթե մրցույթին մասնակցության իրավունք ունեն միայն Հայաստանում ապրող եւ գործող արվեստագետները, ապա գործնականում ընտրությունը կատարվում է ամբողջ հայության ընդամենը 25%-ի մեջ:

Ստացվում է՝ հայերի մեծ մասը հայտնվում է «խաղից դուրս» վիճակում: Եթե քաղաքական ոլորտում միջազգայնորեն ընդունված պահանջներ կան, ապա մշակութայինում մենք՝ հայերս, ու մեր երկիրը բավականաչափ ազատ ենք ինքնուրույն եւ հայանպաստ գոնե մշակութային գործունեություն վարելու»:

Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախորդ տարիներին անցկացված ՀՀ նախագահի մրցույթներին եղել են դեպքեր, երբ, օրինակ՝ 2012թ. մրցանակի է արժանացել ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը եւ 2013թ.՝ ՌԴ քաղաքացի, նկարիչ Հենրի Էլիբեկյանը:

Մեր համոզմամբ, ՀՀ նախագահի մրցանակին կարող է հավակնել յուրաքանչյուր հայ, մանավանդ նախագահը կոչումներ է հանձնում նաեւ Սփյուռքում ստեղծագործող հայերին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Հազար ամոթ Հայաստան համահայկական հիմնադրամին, էդ ամբողջ Սփյուռքից փող կմուրան՝ իշխանավորների եկամուտները բազմապատկելու համար, իսկ Սփյւոռքից եկած, բայց Հայաստանը ներկայացնող արվեստագետին կմերժեն, կեցցեն երկակի ստանդարտները

  2. patron says:

    ԱՐԱ ԷՍ ԱՍՏԻՃԱՆԻ ՍՏՐԿԱՄՏՈԻԹՅՈԻՆ ՈԻ ՎԱՍԱԼՈԻԹՅՈԻՆ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ՉԻ ԵՂԵԼ! ԷՍ 25 ՏԱՐՈԻՄ ԻՆՉ ԱՍՏԻՃԱՆԻ ՓՉԱՑՐԻՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ,ՈՐ ԱՌԱՆՑ “ՇԵՖԻ” ԹՈԻՅԼԱՏՐՈԻԹՅԱՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՌԻՍԿ ՉԵՆ ԱՆՈԻՄ ՆՈԻՅՆԻՍԿ ԻՐԱՆՑ ԿԱՆԱՑ ԾՈՑԸ ՄՏՆԵՆ.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728