Անցյալ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից ու պայթյուններից հետո կալանավորված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, հեղափոխական Շանթ Հարությունյանը «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։
Այս մասին երեկ մեր զրույցում ասաց վերջինիս կինը՝ Ռուզաննա Բադալյանը։ Նրա փոխանցմամբ, Շանթը փետրվարի 21-ին դիմում էր գրել՝ իրեն «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, սակայն երեկ տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ռուզաննա Բադալյանը նշեց, որ Շանթի առողջական վիճակը նորմալ է. «Մենք նախնական տվյալներով գիտեինք, որ պետք է Շանթի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգեին, բայց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը երկրում չէ, իսկ Շանթն էլ նախապես հրաժարվել է դատին մասնակցելուց։ Այնպես որ, մենք չգիտենք՝ եւս երկու ամսով երկարաձգե՞լ են կալանքը, թե՝ ոչ։ Նա ընդհանրապես հրաժարվել է մասնակցել այդ դատավարությանը։ Պատճառն այն է, որ Շանթն անիմաստ է համարում իր մասնակցությունը, քանի որ միեւնույն է, իրենք անելու են այն, ինչ նախապես որոշել են»,- մեր զրույցում պատմեց Ռուզաննա Բադալյանը։ Վերջինս նշեց, որ տեսակցել է Շանթին, բայց այս պահին որեւէ հայտարարություն չունի։
Սույն գործով նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգելու համար։ Երեկ արդեն մի քանի կալանավորվածների կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է, իսկ մյուսներինը կորոշվի այսօր։ Մասնավորապես՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես սպասվում էր, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կրկին երկարաձգել Շանթ Հարությունյանի ընկերոջ՝ Վարդան Վարդանյանի, Ալեք Պողոսյանի խափանման միջոց կալանքը։ Այսօր Կենտրոնի դատարանը կքննի Սեւակ Մնացականյանի, Տիգրան Պետրոսյանի եւ մյուսների՝ քննիչի կողմից ներկայացրած միջնորդությունը։ Երեկ մեր զրույցում նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Սեւակ Մնացականյանի եղբայրը՝ Մասիսը, նշեց, որ կրկին երկու ամսով երկարաձգելու են եղբոր կալանքը, ուղղակի այսօր դատարանն ընդամենը պետք է ձեւական որոշում կայացնի։
Կալանավորվածներից Ալեք Պողոսյանի եղբայրը՝ Արթուրը, նշեց, որ բողոքարկելու են այս որոշումը, բայց որեւէ հույս չունեն, որ բողոքարկումը լուծում կտա գործին. «Ուղղակի որոշումը վերեւից է թելադրվում, սա քննիչի որոշում չի։ Իրենք մինչեւ գործը դատարան ուղարկելը մի վեց ամիս կքաշքշեն, պատժի նման բան է։ Նախաքննության մարմինը հիմնավորում է ներկայացրել, թե կա անհրաժեշտություն երկարաձգելու՝ քննչական գործողությունների շարունակման համար։ Դատարանը, բնականաբար, շտապեց բավարարել քննիչի միջնորդությունը։ Չէ՞ որ մենք գիտենք, թե ինչ երկրում ենք ապրում, եւ դատարանը այս երկում չի կարող անկախ լինել։ Դատարանը եթե անկախ լիներ, օրինակ, կհարցներ, թե այս մի քանի ամիսների ընթացքում ի՞նչ գործողություններ են արել եւ ի՞նչ են պատրաստվում անել, որովհետեւ այդ մարդը (իր եղբայրը- խմբ.) հինգ երեխա ունի, դատված չէ, եւ հիմքը ո՞րն է կրկին երկարաձգելու կալանքը։ Ալեքը ոչ մարդասպան է, ոչ խփել է ինչ-որ մեկին, ոչինչ չի արել, ինչի՞ համար են այս մարդուն պահել բանտում, ինչ է՝ բանտը կուրո՞րտ է, ո՞վ պետք է պահի այդ հինգ երեխաներին։ Ո՞վ է մտածում, որ այդ հինգ երեխաները սոված են. ոչ ոք, քանի որ իրենք կուշտ են»,- վրդովված նշեց Արթուր Պողոսյանը:
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում