Երեւանի հյուսիսային մասում, Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին «Ռուսալ Արմենալ» ընկերությունը արդյունաբերական թափոնների տեղամաս կտեղադրի։ Այն հանգամանքը, որ կիրճում առաջինից մինչեւ հինգերորդ վտանգավորության կարգի թափոններ են պահվելու, ոլորտի մասնագետների քննադատությանն է արժանացրել նախագիծը։
«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել տեղամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Առաջին դասի թափոններից տեղամասում պահվելու են բանեցված սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, 2-րդ դասի վտանգավորության թափոններից՝ բանեցված կապարե կուտակիչներ, 3-րդից՝ զտիչ նյութեր, արդյունաբերական եւ հիդրավլիկ յուղեր եւ այլն։ Այս ցանկում կան նաեւ այնպիսի թափոններ, ինչպիսիք են սև մետաղի ջարդոնը, բրոնզի թափոնները, կարծրացած տարասեռ պլաստմասսաների խառնուրդների թափոններ, շինարարական եւ կենցաղային աղբ։
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում իր մտահոգությունը հայտնեց նախագծի կապակցությամբ։ Նա ողջունում է ընկերության թափոնները վնասազերծելու ցանկությունը, բայց, մյուս կողմից, անթույլատրելի է համարում թափոնների գերեզմանը Հրազդան գետի կիրճում տեղադրելը։ «Էդ թափոնները հարյուրավոր տարիներ մնալու են այդտեղ եւ ցնցումների դեպքում կարող են լցվել գետը։ Ընդհանրապես կիրճերում նման պահեստարան, թափոնների գերեզմանոց չի կարելի տեղադրել։ Ո՞նց կարելի է նման ծրագիր կազմել։ Ես կարծում եմ, որ նախարարությունն այն նախ չպետք է փորձաքննության ընդուներ՝ հաշվի առնելով տեղի ոչ ճիշտ ընտրությունը։ Նախ պետք է հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել՝ թունավոր նյութերը ապարների արանքով կարո՞ղ են բնություն մտնել, թե ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Սանասարյանը, չնայած՝ նախատեսված տեղամասը Հրազդանի կիրճի և հարակից տարածքներից սահմանազատված է լինելու շուրջ 3 մ բարձրությամբ բետոնե սալիկների պարսպով։
Մեր զրուցակիցը նկատում է, որ «Ռուսալ Արմենալ»-ի ապագա տեղամասում ամենածանր եւ ամենասոսկալի թափոններն են լինելու, օրինակ սնդիկը, առաջին կարգի վտանգավորության, որն ավելի խոնավ պայմաններում օրգանական ռադիկալ է ձեռք բերում եւ ավելի քան 10 անգամ ավելի թունավոր դառնում՝ ներթափանցելով բնություն։ Նախագծում Հակոբ Սանասարյանը մեկ «սխալ» է նկատել, դա ավելի մեծ վտանգավորություն ունեցող թափոնը ավելի ցածր կարգի մեջ ներկայացնելն է։ «Թափոնների դասը խեղաթյուրված ներկայացնելը Հայաստանում ընդունված կարգ է։ Դա բխում է գործարար շահերից եւ բոլոր տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների խնդիրն է։ 5-րդ կարգի թափոնը անվտանգ է, դա սովորական հողն է, խիճը։ Բայց «Ռուսալ Արմենալ»-ը 5-րդ կարգում նշել է փրփրեցված պոլիէթիլենի թափոնների մասին, ինչը վտանգավոր է եւ ամենեւին էլ 5–րդ կարգի թափոն չէ»,- մեկնաբանեց Հակոբ Սանասարյանը։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում