Որպեսզի չլինի այնպես, ինչպես եղավ Հայաստան-Իրան գազամուղի դեպքում՝ նկատում է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն
– Պարոն Բոժկո, նախ կցանկանայինք իմանալ Ձեր գնահատականը Ղրիմում սրված իրավիճակի մասին: Ձեր կարծիքով` ի՞նչ է ծրագրել Մոսկվան, կիրառվում է նույն ռազմավարությո՞ւնը, ինչ Վրաստանում: Տեղեկություններ կան, որ Ղրիմում բաժանում են ռուսաստանյան անձնագրեր, իսկ տեղական իշխանությունները հայտարարում են, որ չեն ընդունում Ուկրաինայի նոր իշխանությունների որոշումները: Սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ուկրաինական վերջին գործընթացների համատեքստում:
– Այն, ինչ կատարվում է Ղրիմում, դա տեղի ռուսամետ ծայրահեղական ուժերի փորձն է արհեստականորեն սրել դրությունը՝ օգտվելով այն առիթից, որ հիմա Ուկրաինան անցումային ժամանակաշրջան է ապրում եւ ունի հասկանալի խնդիրներ, հատկապես երկրի անվտանգության ոլորտում: Մոսկվայի բաց միջամտությունը առայժմ չեմ տեսնում, բայց չեմ բացառում Ռուսաստանի հատուկ ծառայությունների ակտիվացումը Ղրիմում: Ինչ խոսք, դրությունը թերակղզում բավականին սուր է, բայց ղեկավարելի է: Վստահ եմ, որ Ուկրաինայի նոր իշխանությունները վերջ ի վերջո կկարողանան հաղթահարել այս ճգնաժամը:
– Եթե գնահատելու լինենք նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը, ապա կարո՞ղ ենք արձանագրել, որ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներից Մոսկվան ոչ միայն չի հրաժարվում, այլեւ նոր հայտ է ներկայացնում ազդեցության ամրապնդման ուղղությամբ: Ի՞նչ է սպասվում, Ձեր կարծիքով, այն երկրներին, որոնք փորձում են ձերբազատվել այդ ազդեցությունից:
Կարդացեք նաև
– Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան դժվար թե հիմա շեղվեն եվրաինտեգրման ուղուց` հաղթահարելով ամեն տեսակի ճնշում Ռուսաստանի կողմից: Մյուս երկրները, իմ կարծիքով, պետք է ավելի սկզբունքորեն պաշտպանեն իրենց ազգային շահերը, որպեսզի չլինի այնպես, ինչպես եղավ Հայաստան-Իրան գազամուղի դեպքում: Ես այն ժամանակ աշխատում էի Հայաստանում, մեր փորձագետները գալիս էին Երեւան, հանդիպում էին ձեր նախագահի հետ, եւ կարող եմ ասել, որ ընտրված տարբերակը լավագույններից չէր:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Մաքսային միության կայացման հնարավորությանը: Դա պատրվա՞կ է նախկին Խորհրդային Միության երկրներին նոր հովանու տակ առնելու, թե՞ իսկապես այն տնտեսապես կարող է արդարացնել իր կենսունակությունը:
– Մաքսային միության ստեղծման ծրագրում չափազանց քաղաքականություն կա, եւ դա արդարացիորեն մտահոգում էր այլ երկրներին, հատկապես` Ուկրաինային: Իսկ թե այն ինչպես կաշխատի՝ ժամանակը ցույց կտա: Առայժմ համոզիչ արդյունքներ չեմ տեսնում:
– Պարոն Բոժկո, պայքարը Մայդանից կարո՞ղ է վերածվել արդեն իշխանության համար պայքարի` ընդդիմության առաջնորդների միջեւ, մասնավորապես, Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը, նրա ակտիվ քաղաքականություն վերադարձը կարո՞ղ է նոր վերադասավորությունների առիթ հանդիսանալ:
– Չեմ բացառում, բայց հավատում եմ, որ այսքան զոհերից հետո, որը մենք ունեցանք, մեր հասարակությունը թույլ չի տա կրկնել այն սխալները, որոնք Նարնջագույն հեղափոխության առաջնորդները թույլ տվեցին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը` Սամվել Սեւադայի
«Առավոտ» օրաթերթ