Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՂԱՆԴՆԵՐԸ

Փետրվար 28,2014 10:20

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ 

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներկուերորդ

ՏԱՂԱՆԴՆԵՐԸ

Եվ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին ասաց՝ «էսքան տաղանդներ ունենք, բայց ազգի թշնամիների դեմը չենք կարում առնենք», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ազգի թշնամիների դեմն առնելու համար տաղանդ ըլնելը հեչ պարտադիր չի», եւ Հայկունին Բարդուղին հարցրեց՝ «բա ի՞նչն ա պարտադիր», եւ Բարդուղը պատասխանեց ու ասաց՝ «տարրական խելք ունենալը», եւ Հայկունին Բարդուղին հարցրեց՝ «այսինքն, մենք տարրական խելք չունե՞նք», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեջներս ունեցողներ կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց, ցավոք սրտի, շատ քիչ են» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ցավոք սրտի, մերոնք հիմնականում տաղանդ են», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «Ջավախյանից ու Անանիայից բացի՝ ուրիշ տաղանդ էլ ունե՞նք», եւ Բարդուղը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «լիքը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «կարող ա՞ Ջոնը տաղանդ չի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «Ջոնն ի՞նչ գծով ա տաղանդ», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «խաշի», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «մեկ էլ որ քեզ խաշի հրավիրեմ, գլուխդ կգովաս», եւ Անանիան արհամարհական նայեց Ջոնին ու ասաց՝ «վախենամ՝ հաջորդ անգամ էլ իրան զանգես ու պերսոնալնի հրավիրես», եւ Արիկը ժպտալով Հայկունուն ասաց՝ «բայց Ջոնը Սեմերջյան Մանուկի գծով էլ ա տաղանդ», եւ Հայկունին մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «բայց Արմենը Սեմերջյան Մանուկի գծով սուտասան ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ եմ սուտասան», եւ Հայկունին ժպտալով ինձ ասաց՝ «խոստացել էիր, որ վեպիդ մեջ Սեմերջյան Մանուկի պատմությունը կգրես, բայց մինչեւ հիմի չես գրել», եւ ես արդարանալով ասացի՝ «գրել եմ», եւ Հայկունին զարմացած ինձ հարցրեց՝ «արդեն տպվել ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հայկունին ավելի զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ա տպվել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մի քանի ամիս առաջ», եւ Հայկունին նայեց Ջոնին ու ժպտալով հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Ջոնն արհամարհական նայեց ինձ ու հարցրեց՝ «էդ գրել ե՞ս հաշվում» եւ Հայկունուն նայելով ավելացրեց՝ «ընդամենը էրկու տող բան ա գրել», եւ ես արդարանալով ասացի՝ «համարյա չորս գլուխ գրել եմ», եւ Ջոնն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «չորս գլուխ ի՞նչ ես գրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Սեմերջյան Մանուկի մասին», եւ Հայկունին զարմացած ինձ հարցրեց՝ «Սեմերջյան Մանուկի մասին չորս գլուխ ի՞նչ ես գրել», եւ Ջոնը Հայկունուն ասաց՝ «Սեմերջյան Մանուկի մասին որ չորս հատոր էլ գրի, էլի քիչ կըլնի», եւ Հայկունին ժպտալով Ջոնին հարցրեց՝ «Սեմերջյան Մանուկի մասին չորս հատոր ի՞նչ պիտի գրի», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը գրելու բան կա», եւ ես ասացի՝ «ինչ որ գրելու էի, արդեն գրել եմ», եւ Ջոնն արհամարհական նայեց ինձ ու հարցրեց՝ «էդ մի քանի տողը՞», եւ ես ասացի՝ «համարյա չորս գլուխ գրել եմ», եւ Հայկունին ինձ հարցրեց՝ «էդ չորս գլուխներն արդեն տպվե՞լ են», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «նոր են տպվելու», եւ Հայկունին ինձ հարցրեց՝ «ե՞րբ են տպվելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի էրկու տարուց», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու հիասթափված ասաց՝ «էրկու տարում յա էշը կսատկի, յա՝ իշատերը», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «կարելի՞ ա՝ մի կենաց ասեմ», եւ Հայկունին Բարդուղին ասաց՝ «թամադայից պիտի թույլտվություն խնդրես», եւ Բարդուղը ժպտալով Ալեքսին հարցրեց՝ «կարելի՞ ա մի հատ կենաց ասել, պարոն թամադա», եւ Ալեքսը ժպտալով Բարդուղին ասաց՝ «ուշադիր լսում ենք», եւ Բարդուղը բաժակը բարձրացնելով ասաց՝ «էս բաժակով ուզում եմ խմեմ մեր բոլորիս ողջության ու առողջության համար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Աստված թող մեզ առնվազն էրկու տարվա կյանք տա, որ ապրենք ու Սեմերջյան Մանուկի մասին Արմենի գրածն «Առավոտի» մեջ կարդանք», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «հիմի որ ապրում ես, Արմենի էդ վեպը կարդո՞ւմ ես», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «ինքը որ Արմոյի վեպը կարդա, բա ազգի փրկության հարցերով ո՞վ պիտի զբաղվի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «դրանք մեկը մյուսին չեն խանգարում», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «դու Արմենի վեպը կարդո՞ւմ ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի կեսից շատը կարդացած կըլնեմ», եւ Օրթախը ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «որովհետեւ էդ վեպի կեսից շատը քո մասին ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Օրթախին ասաց՝ «քո մասին էլ քիչ չի գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու էդ վեպի ամենակենտրոնական դեմքն ես», եւ Օրթախ Աբոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «բայց քո մասին ավելի շատ ա գրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Արմոն իմ մասին ավելի շատ ա գրել, քան՝ ե՛ս իմ մասին», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Արմենը գիտի, որ մեջներիս ամենափառասերը դու ես, դրա համար էլ քո մասին ամենաշատն ա գրել», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու փռթկացնելով ասաց՝ «խոսա, Օհանես ջան, լավ ես խոսում», եւ Հայկունին զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «Օհանե՞սն ով ա», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Հովհաննես Թումանյանը» եւ փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «Գիքորի» հեղինակին չես ճանաչո՞ւմ», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին ու արհամարհական հարցրեց՝ «քո արեւին ձեռ ե՞ս առնում», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «ես քանի՞ գլխանի եմ, որ «Գիքորի» հեղինակին ձեռ առնեմ», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «խանգարում եք», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն ենք խանգարում», եւ Հայկունին ասաց՝ «չեք թողում՝ Բարդուղը կենաց ասի», եւ Բարդուղը Հայկունուն ասաց՝ «ինչ որ ասելու էի, ասեցի՝ պրծա», եւ Հայկունին Բարդուղին հարցրեց՝ «ի՞նչ ասեցիր», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեզ բոլորիս առողջություն մաղթեցի», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «էդքան բա՞ն», եւ Բարդուղը Հայկունուն հարցրեց՝ «քիչ ա՞», եւ Արիկն ասաց՝ «առողջությունն ամենամեծ բանն ա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «Բարդուղը մեզ ընդամենն էրկու տարվա կյանք ցանկացավ», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ էրկու տարվա կյանք», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «կամեցար, որ էրկու տարի ապրենք ու Արմոյի վեպի մեջ Սեմերջյանի մասին կարդանք», եւ Արիկը ժպտալով Բարդուղին ասաց՝ «Լեւոնը ճիշտ ա ասում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես մինիմում էրկու տարվա կյանք կամեցա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկու տարին էրկու տարի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մինիմումն ու մաքսիմումը ո՞րն ա», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու քմծիծաղով ասաց՝ «որ գոնե տարրական թվաբանություն իմանայիր, մինիմումի ու մաքսիմումի տարբերությունը կհասկանայիր», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով ասաց՝ «դու որ բարձրագույն մաթեմատիկա գիտես, օգուտդ ո՞րն ա», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «օգուտն էն ա, որ «Գիքորի» մակարդակի պատմվածք ա գրում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ի տարբերություն ոմանց», եւ Օրթախը ժպտալով ասաց՝ «Անանիայի էդ պատմվածքը «Գիքորին» հեչ չէր զիջում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Օրթախին ասաց՝ «էնքան ես ասելու, մինչեւ լրիվ գժվի»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728