Երկու օր է, ինչ սրվել է իրավիճակը Ղրիմում, այն բանից հետո, երբ Գերագույն խորհրդի շենքի մոտ բախումներ արձանագրվեցին տեղի թաթարական ու ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ:
Ղրիմի ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչները խմբվել էին Սիմֆերոպոլի կենտրոնում, պահանջում էին, որպեսզի Ռուսաստանը միջամտի եւ պաշտպանի ռուսների իրավունքները: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը նույնիսկ զգուշացրեց․ «Դիմում եմ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ստորաբաժանումների զինծառայողներին: Ցանկացած տեղաշարժ, այն էլ՝ զինված, այն սահմաններից դուրս, որոնք հստակեցված են օրենքով ու երկկողմ համաձայնագրերով, մեր կողմից ընկալվելու է որպես ռազմական ագրեսիա»:
Եթե Ռուսաստանը որոշի Ուկրաինայից տարանջատել Ղրիմը կամ արեւելյան շրջանները, Արեւմուտքի արձագանքը ինչ-որ բան կարո՞ղ է փոխել, ուկրաինացի հասարակությունը կարո՞ղ է դիմագրավել արդեն այդ նոր` տարածքային խնդրին, այս հարցը «Aravot.am»-ը ուղղեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանին: Պարոն Բոժկոյին նաեւ հարցրեցինք, թե այս օրերին այդքան շոշափվող` Ուկրաինայի տրոհման վտանգ նա տեսնու՞մ է:
«Տրոհման վտանգ չեմ տեսնում: Ղրիմը՝ դա առանձին պատմություն է: Նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե ղրիմյան քարտն այս պայմաններում չխաղացնեին հայտնի քաղաքական ուժերը: Ավելի շուտ, տեսնում եմ ռուսամետ ծայրահեղական ուժերի փորձը` օտարերկրյա հատուկ ծառայությունների օժանդակությամբ, սրել դրությունը երկրում եւ բարդացնել Ուկրաինայի ընթացքը դեպի Եվրոպա», պատասխանեց Ալեքսանդր Բոժկոն:
Կարդացեք նաև
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք՝ այստեղ
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ