Փետրվարի 27-ին մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` իրենց մտահոգություններն ու դժգոհությունը հայտնելով «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծի, ինչպես նաև 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքում առկա մի շարք դրույթների վերաբերյալ:
Մասնավոր ընկերությունների ղեկավարների կարծիքով` ոլորտը մենաշնորհային դառնալու միտում ունի, ինչի հետևանքով իրենք կհայտնվեն անհավասար մրցակցային պայմաններում պետական համապատասխան գործունեություն իրականացնող կառույցի նկատմամբ և դուրս կմղվեն շուկայից: Նրանք նաև նշել են, որ մասնավոր պահնորդական կազմակերպությունները գործունեություն են իրականացնում դեռևս 1996 թվականից և այսօր արդեն կայացած և լուրջ ընկերություններ են:
Ընկերությունների ղեկավարներն անարդար են համարել «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծում առկա պարտադիր բաղադրիչի նախատեսումը, ըստ որի պահպանության ծառայություններից օգտվող կազմակերպությունները պարտավոր են պայմանագիր կնքել ՀՀ ոստիկանության հետ` նշելով, որ մասնավոր ընկերություններում աշխատող պահնորդները ոչ միայն պետք է տվյալ լիցենզավորված կազմակերպություններում ուսուցման կուրս անցնեն և որակավորման քննություն հանձնեն, այլ նաև առանձին որակավորման ստուգում անցնեն ՀՀ ոստիկանությունում, որից հետո միայն հնարավորություն ստանան իրականացնել պահնորդական գործունեություն:
Նրանց համար ընդունելի չէ, որ մասնավոր ընկերությունները, որոնք նաև հարկ են վճարում պետությանը, պարտավոր են նման բարդ ընթացակարգով գործունեություն իրականացնել, մինչդեռ ոստիկանության ռազմականացված ջոկատների համապատասխան աշխատակիցներն ուղղակի պայմանագրով անցնում են աշխատանքի և իրականացնում պահնորդական և թիկնապահական գործունեություն և´ մասնավոր, և´ պետական հատվածներում:
Կարդացեք նաև
ՀԽ նախագահն իր հերթին կարևորել է բարձրացված հարցերն ու մտահոգություն հայտնել դրանց վերաբերյալ` նշելով, որ խնդիրը պետք է քննարկվի Հանրային խորհրդում, քանի որ այն առնչվում է քաղաքացու իրավունքներին, ազատ տնտեսական մրցակցությանն ու բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծմանը:
ՀՀ Հանրային խորհուրդ