«Քննչական գործողություններն իրականացվելու են անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա», – վստահեցնում է Հայաստանի գլխավոր դատախազը։
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ում ստուգումներ իրականացնելը բացատրում է հարուցված երկու քրեական գործերով, որոնք վերաբերում են Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների չարաշահմանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ քննչական գործողությունների շրջանակներում զննություն իրականացվում է ոչ միայն «Արարատցեմենտ»-ում, այլ նաև 100-ից ավելի այլ կազմակերպություններում, և դա կապ չունի Գագիկ Ծառուկյանի, առավել ևս՝ ԲՀԿ համագումարի հետ։
Հիշեցնենք, «Արարատցեմենտ»-ում ստուգումներ սկսվեցին և գործարանին ու չորս գյուղերի ջուր մատակարարող պոմպակայանը մեկ օրով փակվեց կուսակցության փետրվարի 15-ի համագումարից մի քանի օր անց։ «Բարգավաճ Հայաստան»-ում համոզված են, որ, այսպիսով` Գագիկ Ծառուկյանին ճնշելու փորձեր են արվում համագումարում երկրի տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը «անպտուղ» որակելու և քաղաքական ուժերին միավորելու կոչ հնչեցնելու համար։
Կարդացեք նաև
«Ես այդ ելույթները ճիշտն ասած՝ չեմ լսել, չեմ էլ պատրաստվում լսել, որովհետև ինձ համար դրանք տվյալ քրեական գործի շրջանակներում և ընդհանրապես մեծ կարևորություն չեն ներկայացնում», – «Ազատության» դիտարկմանն ի պատասխան ասաց Գլխավոր դատախազը: – «Բոլոր կազմակերպություններում անխտիր, կլինի դա ձկնաբուծարան, կլինի դա գործարան, որն այլ տնտեսական գործունեություն է իրականացնում, կլինի դա խոշոր ջրօգտագործող՝ անկախ գործունեության տեսակից, ցանկացած տնտեսական գործունեության տեսակ, որն իր հիմքում ունի ջրօգտագործման մեծ ծավալներ, այս քրեական գործի շրջանակներում քննարկվելու է իրենց ջրօգտագործման հարցը»։
Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է՝ «2-2,5 ամիս առաջ»։ «Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հենց հիմա սկսվել այդ ստուգումները, Գլխավոր դատախազը հակադարձեց. – «Իսկ ո՞վ է ասում նոր են սկսվել… Նոր չի սկսվել, այդ ստուգումներն արդեն շուրջ ամիսուկես է ընթանում են: Անմիջապես քրեական գործի հարուցումից հետո ստուգումներ են սկսվել»։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում