«Վիզաների դյուրացման համաձայնագրի նպատակն է նպաստել միջմարդկային շփումների զարգացմանը եւ տնտեսական, կրթական եւ այլ կապերի զարգացման»,- այսօր՝ փետրվարի 27-ին, Հանրային իրազեկման միջոցառման ընթացքում, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը։ Միջոցառման թեման էր ԵՄ- Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը։
Պարոն Մանասարյանը նշեց, որ մոտ ապագայում իրենք պատրաստվում են Եվրամիության հետ նոր բանակցություններ անցկացնել եւ քայլեր են ձեռնարկելու ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան գոտու երկրների մուտքի վիզայից ազատելու համար։ Իսկ անդրադառնալով ռեադմիսիայի համաձայնագրին՝ նախարարի տեղակալը հայտարարեց, որ Հայաստանի համար ոչինչ չի փոխվել.
«Մինչեւ այս պայմանագրի ուժ մտնելը՝ մենք աշխատում էինք Եվրամիության անդամ պետությունների հետ, հիմք ունենալով երկկողմանի համաձայնագրեր։ Այդ համաձայնագիրն ամփոփում է մեր հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք հանդիսանում են Եվրամիության անդամ եւ սկզբունքորեն ոչ մի բան չի փոխվել, ավելին՝ հեշտացվել են որոշ գործընթացները»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը իր խոսքում նշեց, որ համաձայնագրի դրական կողմն այն է, որ դրական ազդեցություն կունենա եւ կբարելավելի շարժունակությունը եւ ՀՀ քաղաքացիների անվճար մուտքը ԵՄ երկրներ.
Կարդացեք նաև
«Ավելի քիչ փող, ավելի քիչ բյուրոկրատիա, ավելի քիչ ժամանակ է պետք»։
Հիշեցնենք՝ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵՄ- Հայաստան վիզաների տրամադրումը դյուրացնող համաձայնագրով սահմանված է պարզեցված ընթացակարգ, ըստ որի՝ Շենգենյան վիզա են տրամադրում Եվրոպական միության մի շարք պետությունների։ Համաձայնագիրը չի տարածվում Դանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Լիխտենշտեյնի, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության վրա։ Ըստ այդ համաձայնագրի՝ վիզաների տրամադրման որոշում կայացնելու ընթացակարգը ավելի արագ է, վիզաների վճարը ՀՀ քաղաքացիների համար ավելի ցածր է եւ քաղաքացիների մի շարք խմբի համար դիմումի գործընթացը ավելի հեշտ է։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ