ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Ռուսաստանին հորդորել է Ուկրաինայի սահմանին զորավարժություններ անցկացնելիս խուսափել քայլերից, որոնք «կարող են սխալ գնահատվել»: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
«Ես ուշադիր հետևում եմ Ուկրաինայի սահմանի մոտ անցկացվող ռուսական բանակի զորավարժություններին», – ասել է Հեյգելը հինգշաբթի ՆԱՏՕ-ի մամուլի ասուլիսի ժամանակ, – «Հույս ունեմ, որ Ռուսաստանը թափանցիկ կլինի այս գործողություններն իրականացնելիս, և ես հորդորում եմ նրանց քայլեր չձեռնարկել, որոնք կարող են սխալ գնահատվել այս նուրբ ժամանակներում՝ մեծ լարվածության ժամանակներում»:
Հեյգելը հույս է հայտնել, որ մոտակա օրերս կզրուցի ռուս գործընկերոջ հետ:
Փետրվարի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր երկրի արևմտյան և կենտրոնական ռազմական շրջաններում մարտական պատրաստվածության համալիր ստուգում անցկացնել: Փետրվարի 27-ին առանց տարբերանշանի ռուսական զրահամեքենաները Սևաստոպոլից շարժվում էին դեպի Սիմֆերոպոլ: «Ցենզոր.նեթ»-ի փոխանցմամբ ավտոճանապարհային ոստիկանի հետ զրույցից հետո նրանք հետ են գնացել:
Կարդացեք նաև
Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանի նիստում (մինչև վարչապետ ընտրվելը) Ռուսաստանին կոչ էր արել չաջակցել անջատողական տրամադրություններին և հույս հայտնել, որ ՌԴ-ը չի խախտի Բուդապեշտի հուշագիրը, ըստ որի, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը խոստացել էին հարգել Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ագրեսիա չգործել և արտաքին ագրեսիայից պաշտպանել Ուկրաինային, ինչի դիմաց Ուկրաինան հանձնել էր իր միջուկային զենքերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ