Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն նշվում է Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի և հիշատակն է Ավարայրի ճակատամարտում հանուն հավատի և հայրենիքի պատերազմած ու նահատակված մեր քաջ հայորդիների:
Այդ առթիվ այսօր բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվել:
ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագը մատուցվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Վարդան ավագ քահանա Մկրտչյանն էր: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության առթիվ Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ սրբազանի նախագահությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք:
Այնուհետև Սրբազան հայրն իր մասնակցությունը բերեց Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում կազմակերպված միջոցառմանը: Այստեղ առավոտյան մատուցված Ս. Պատարագի ավարտին (պատարագիչ` Տ. Վարդան քահանա Գափոյան) Եռաբլուրի գլխավոր հուշարձանի մոտ, Տ. Պետրոս ավագ քահանան Մալյանի գլխավորությամբ, Տ. Պարթև քահանա Մուրադյանի և Տ. Վարդան քահանա Գափոյանի մասնակցությամբ հոգեհանգստի կարգ կատարվեց` ի հիշատակ հանուն հայրենիքի զոհված զինվորների:
Դրանից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ ոգեկոչման համերգ: Տ. Նավասարդ Սրբազանը, ողջունելով հավաքվածներին, երախտիքի խոսքեր ուղղեց զոհված ազատամարտիկների ծնողներին:
Այնուհետև Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր գոհունակությունը հայտնեց կազմակերպված միջոցառումների համար և Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանին հորդորեց հետամուտ լինել ամեն տարի տոնը մեծ շուքով նշելուն:
Երեկոյան ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության ու Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Ս. Վարդանանց տոնին:
Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվան