Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի Նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում և հույս հայտնել, որ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով ՀՀ Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այցի շրջանակներում կկայանա հայ-վրացական օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Կարդացեք նաև
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևոր է լսել նաև Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, քանի որ երկկողմ հարաբերությունների մակարդակը, իրոք, հնարավորություն է ընձեռում կառուցողական մոտեցմամբ դիտարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար:
Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր են:
Վրաստանի Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի և նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ Նախագահ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի Նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաև մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:
Վրաստանի Նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:
Հայաստանի և Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջև հայտարարությամբ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
ԶԼՄ-ների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ բարեկամ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:
Մեծարգո պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Վրաստանի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Ձեզ հետ բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում ունեցանք գործնական և արդյունավետ բանակցություններ, քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը:
Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի զարգացմանը: Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է:
Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ և 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է և խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ. մարտի 21-ին, Երևանում:
Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը:
Անդրադարձանք հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի:
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաև միջազգային հարթակներում համագործակցության վերլուծություն և կարևորեցինք այդ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը:
Վրաստանի Նախագահի հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Անշուշտ քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել և ամրապնդել:
Ես խնդրեցի պարոն Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:
Ամփոփելով խոսքս՝ թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և ինչու ոչ՝ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը: