Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը` «մարտի մեկի» հանձնաժողովի ստեղծման մասին. «ՀՀԿ-ն սոփեստություն է անում»

Փետրվար 27,2014 17:55

Խորհրդարանական այս քառօրյայում արտահերթ կարգով քննարկվում է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ ազգային կոնգրեսի հեղինակած որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ քննարկումները թեժ են ընթանում, կրքերը բորբոքվում են այն աստիճան, որ փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ են հնչում:

ՀՀԿ-ական պատգամավորները հարցը քննարկելիս նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնում են հոկտեմբերի 27-ի գործը, մյուս կողմից` հորդորում մարտի 1-ի հետ կապված ապացույցների կամ փաստերի գոյության պարագայում ներկայացնել համապատասխան մարմիններին:

Ընդդիմադիր դաշտից փոխադարձ մեղադրանքներ են հնչում իշխանության հասցեին:
Aravօt.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վատահեցրեց, որ «կասկած չունի, թե նախագիծը չի անցնելու, քանի որ մարտի 1-ի պատասխանատվությունը կրում է քաղաքական մեծամասնությունը, որը մարտի 5-ին ԱԺում բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը և չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկեց`առանց ապացույցներ ունենալու»: Պարոն Սաքունցը կարծում է, որ ակնկալիքներ չունի էլ, եթե անգամ հանձնաժողով ստեղծվի, ապա այս բոլոր հուզող հարցերի պատասխանները տալու է: Բայց մյուս կողմից շեշտեց. «Նախ առաջին հերթին օրակարգում է պահվում մարտի 1-ի հանցագործության իրավական գնահատական տալու հարցն ու անհրաժեշտությունը: Ցանկալի կլիներ, որ դա զուտ օրացուցային մարտի մեկի հետ կապված չլիներ, այլ վեց տարվա ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով լիներ առաջնային խնդիր: Դա նաև ինդիկատոր է հանդիսանում, որ ՀՀԿ-ն` քաղաքական մեծամասնությունը, որը այն ժամանակ ևս եղել է քաղաքական մեծամասնություն և իշխանության պատասխանատուն, անմիջական պատասխանատվություն է կրում այդ ոճրագործության համար»: Արթուր Սաքունցը սոփեստություն է համարում այն, որ ՀՀԿ-ականները կարծիք են հնչեցնում, թե իրենք էլ են կողմ, որ նման հանձնաժողով ստեղծվի ու նկատում. «Եթե իրենք կողմ լինեին այնպես, ինչպես հիմա հայտարարում են, թե իրենք էլ մտահոգված են մարտի 1-ի հանցագործությամբ, իրենք էլ այդ հանձնաժողովը ստեղծելու առաջարկով հանդես կգային»:

Որպես իշխանության «անգործության» վկայություն` Արթուր Սաքունցը նշեց այն հանգամանքը, որ անուշադրության է մատնվել իրենց նամակ-առաջարկը, որ ՀՔԾ հրավիրվեն բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք անմիջականորեն պատասխանատու են եղել այդ ոճրագործության համար: Արթուր Սաքունցը նշեց, թե իշխանությունը դրանում շահագրգռված չէ ու ասաց. «Շահագրգռված չեն, քանի որ գործադիր իշխանությունն իրենց քաղաքական մեծամասնությունն է ղեկավարում և հենց իրենք կարող էին իրավապահ մարմիններին պահանջ ներկայացնել, որ այդ պաշտոնատար անձանց ՀՔԾ-ն հարցաքններ, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց ու օլիգարխներին, որոնց թիկնապահներին` ըստ փաստահավաք խմբի կողմից ներկայացված զեկույցների, զինվորական համազգեստ է բաժանվել և ներգրավված են եղել քաղաքացիների նկատմամբ բռնություններում: Քաղաքական մեծամասնությունը, եթե ուզենար, որ մարտի 1-ի հանցագործությունը բացահայտվեր, դրան իրավական գնահատական տալու և բացահայտման հնարավորություններն առավել քան ուներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728