Այսօր մեզ դիմած մի շարք մեղրեցիներ իրենց դժգոհությունն ու վրդովմունքն են արտահայտել կառավարության այսօրվա նիստում հաստատված Մեղրի քաղաքում խաղատներ տեղակայելու չափորոշիչների վերաբերյալ կայացրած որոշման վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ խաղատները կրթական, պատմամշակութային օբյեկտներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերից եւ հիվանդանոցներից պետք է առնվազն 300 մ հեռավորության վրա գտնվեն:
Մեզ ահազանգած մեղրեցիները նշեցին, որ իրենք ընդհանրապես դեմ են Մեղրիում խաղատներ բացելու որոշմանը: «Թող տանեն ուրիշ տեղ էդ խաղատները բացեն, մեր քաղաքի անդորրն ու նորմալ միջավայրը չապականեն: Սա շատ սխալ որոշում էր, ես ինքնս դեմ եմ, որ մեր քաղաքում խաղատուն գործի», «Եթե որոշում է կայացվել, ուրեմն չենք կարա խուսափենք, բայց գոնե որոշակի մեխանիզմներ են պետք համայնքից դուրս տանելու համար: Լրիվ կրիմինալ իրավիճակ է ստեղծվելու, ինչը մտահոգության մեծ տեղիք է տալիս: Մեղրին առանց այն էլ բավականին խնդիրներ ունի, մի հատ էլ սա ավելանա՞ մեղրեցու գլխի », – ասացին մեզ դիմած մեղրեցիները եւ կարծիք հայտնեցին, որ շատ հավանական է խաղատան համար որպես տարածք ծառայի Մեղրու նախկին հիվանդանոցի տարածքը:
Վերջիններիս մտահոգության մասին տեղյակ պահեցինք նաեւ Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին եւ փորձեցինք պարզել նաեւ նրա տեսակետն այս որոշման վերաբերյալ: Համայնքի ղեկավարը անիմաստ է համարում բնակիչների կողմից բարձրացված անհանգստությունը եւ վաղ է համարում մտահոգվել այդ խնդրի մասին, քանի որ այս պահի դրությամբ ոչ մեկը տարածք խնդրելու համար համայնքին չի դիմել: Նրա կարծիքով, ի տարբերություն մյուս քաղաքների, Մեղրիում խաղատուն բացելը շահավետ չէ: «Ես չեմ պատկերացնում, որ Մեղրիում խաղատուն բացելը շահավետ կլինի: Եթե, օրինակ՝ պետությանը 70 մլն դրամ է վճարվելու մյուս քաղաքներում գործող խաղատներից, ապա Մեղրից հազիվ 30 մլն կարող է վճարվել, քանի որ այստեղ ֆինանսական մեծ շրջանառություն չկա: Չեմ կարծում, թե բիզնեսի մարդիկ կգան նման պայմաններում այստեղ խաղատուն բացեն: Եթե մտածում են, որ Իրանից եկող բնակիչները կօգտվեն այդ խաղատներից, ապա ասեմ, որ ԻԻՀ քաղաքացիները Մեղրիում 5 րոպեից ավելի չեն մնում ու Մեղրիում գումար չեն ծախսում, Մեղրին իրենց համար ընդամենն միջանցիկ ճանապարհ է», – ասաց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը: Վերջինս նաեւ հավաստիացրեց, որ Մեղրու նախկին հիվանդանոցի տարածքն խաղատների համար չի օգտագործվելու, քանի որ այս պահին պայքարում է այն համայնքի սեփականություն դարձնելու համար, որն էլ հետագայում մտադիր է բնակարանային գեղեցիկ թաղամաս դարձնել: Քաղաքապետը նաեւ հերքեց Մեղրիում կառուցվող նոր հիվանդանոցի տարածքի շուրջ ծավալված խոսակցություններն այն մասին, որ խաղատների համար պետք է այդ տարածքը ծառայի: Քաղաքապետի խոսքով՝ այս պահին խաղատուն բացելու մտադրությունները դեռ չեն հասունացել, քանի որ մայրաքաղաքում գործող խաղատները դեռ չեն փակվել, դրանից հետո միայն խաղատների տեղակայման խնդիրը կառաջանա: Նպատակահարմար է համարում այս խնդրի շուրջ խոսել եւ իր դիրքորոշումն հայտնել, երբ Մեղրու համար այս հարցը կհասունանա: «Ես իմ կարծիքը կձեւավորեմ մեղրեցիների մեծամասնության կարծիքը լսելուց հետո: Կանենք այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում», – նշեց Արշավիր Հովհաննիսյանը: Նշենք, որ հանրապետությունում խաղատներ կարող են գործել միայն 4 քաղաքում՝ Սեւանում, Ջերմուկում, Ծաղկաձորում եւ Մեղրիում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ