Վերջին օրերին հանրության քննարկման գլխավոր թեմաներից մեկը՝ խորհրդարանում հնչած «չաթլախն» ու «ղալաթը» դեռ չեն մոռացվել, սակայն այսօր մեր պառլամենտում կրկին հնչեցին վիրավորանքներ: Այս անգամ փոխհրաձգությունը ծավալվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի միջև: Այն բանից հետո, երբ Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ Հոկտեմբերի 27-ի կասկածյալներից մեկը այդ դահլիճում է, Բաբուխանյանը, ում ակնարկեց Արզումանյանը դահլիճից ինչ-որ ռեպլիկ թողեց, որից հետո Ալեքսանդր Արզումանյանը Հայկ Բաբուխանյանին ասաց . «Արա, ես նստելուց չեմ վախենում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»: Բաբուխանյանն էլ պատասխանել է, թե «Ձայնդ կտրի, այ ոջիլ»:
Այս ինչպե՞ս եղավ, որ ոսկեղենիկ հայերենի կրող և ոսկեդար կերտած ազգի ներկայացուցիչները հասան այս մակարդակի, որ նման արտահայտություններ են հնչեցնում ոչ ավել, ոչ պակաս, քաղաքական ամբիոնից` Ազգային ժողովից: Aravot.am-ի այս հարցին ի պատասխան հրապարակախոս Կարինե Հակոբյանն այսպես արձագանքեց. «Դա շատ զարմանալի չէ: Այդ երևույթները կապված են մեր պատգամավորների դաստիարակության, կրթվածության հետ»: Տիկին Հակոբյանը նաև շեշտեց նման երևույթների` դատապարտված լինելու աստիճանն ու այս հարցում հիշատակեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի դերակատարությունը: Հրապարակախոսը մտահոգությամբ նշեց. «Պատգամավորի պահվածքն ու պատասխանատվությունը նվազագույն աստիճանի են հասել: Որոշ ժամանակ առաջ ականատես էինք լինում մի պատգամավորի` մյուսի փոխարեն քվեարկելու փաստին, որը քրեական պատասխանատվության է ենթակա: Շրջապատում արված հայհոյանքի համար ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: Բայց իրավունքը կա, պարտականությունը չկա»:
Մեր հարցին` ո՞վ է այս խնդրի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Մեղավոր է անպատժելիության միջավայրը, այն համակարգը, որ ստեղծել է իշխանությունը»: Հրապարակախոսն ամփոփելով միտքը` կրկին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նման երևույթների ականատեսն ենք լինում հատկապես դաստիարակության, կրթվածության պակասի պատճառով: Միևնույն ժամանակ նշեց, որ այսօրինակ երևույթների արձագանքն ավելի մեծ է, քան դրանք արժանի են: Փաստենք նաև, որ միակ բառը, որ տիկին Հակոբյանը հարմար գտավ օգտագործել երկու միջադեպերի կապակցությամբ` «ամոթ»-ն էր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ