Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի հանրությունը գուցե համբերատար, բայց անինքնասեր չէ» (տեսանյութ)

Փետրվար 27,2014 14:46


2008 թվականի մարտի մեկին Երևանի կենտրոնում զոհվեցին տասը մարդիկ, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չբարեհաճեցին անգամ մարտյան այդ օրերը սգի օր հայտարարել. այսօր խորհրդարանում «մարտի մեկի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ բանախոսի՝ տասը սպանությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը: Փաշինյանի կարծիքով, խորհրդարանի դահլիճում այսօր էլ նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն սպանությունների կազմակերպման ու իրագործման հետ` հավելելով, որ դա էր պատճառը, որ երեկ չցանկացավ մասնակցել լռության րոպեին. «Դա անարգանք կլիներ զոհերի հիշատակին»:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մարտի մեկը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որն իշխանությունը ճնշեց`տանկերի թրթուրների տակ: Այդ օրը, ըստ նրա, ժողովուրդն ընդվզեց լկտիության դեմ, եւ ընդվզումը շարունակվում է մինչ օրս, ինչը նշանակում է, որ նոր պոռթկման էներգիա է կուտակվում Հայաստանում:
Պատգամավորը հիշեցրեց  Հայաստանում մարտի մեկից առաջ եւ հետո կատարված մի  շարք հանցագործություններ` Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից  «Առագաստ» սրճարանում մարդ սպանվեց, Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավորն իր թիկնազորով սպանություն կատարեց, բայց պատգամավորը պատասխանատվության չենթարկվեց, Սերժ Սարգսյանի եղբոր որդին անարգել կրակում է Երևանի փողոցներում, և որևէ մեկն ի զորու չէ ոչինչ անել, մարտի մեկից առաջ կարմիր բերետավորների աջակցությամբ Ռոբերտ Քոչարյանը Երևանի կենտրոնում մարդկանց դուրս էր շպրտում իրենց տներից, որ իր ընտանիքն ու մերձավորները միլիոնների կապիտալ կուտակեին, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ընդդիմախոսներին «կլիզմա» էր անում և «մոսկա» ու «իքիբիր» էր անվանում եւ այլն:
Գալով մեր օրերին՝ բանախոսը նկատեց, որ արդարադատության նախարարը ընդդիմադիրներին ասում է, որ ղալաթ են անում, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չնայած հանրության 80 տոկոսը դեմ է կուտակային համակարգին, բայց այն ներդնում են: Մարտի մեկից հետո Սերժ Սարգսյանի ուսանողական բանդաները, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ցինիկաբար հայհոյում, ծաղրում ու նվաստացնում են լրագրողներին, ինչպես եղավ Տնտեսագիտական համալսարանում: Ելույթի վերջում պատգամավորը եզրակացրեց, որ իշխանությունները սխալվում են իրենց հաշվարկներում. Հայաստանի հանրությունը գուցե համբերատար, բայց անինքնասեր չէ:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Բոլորս դեպի արժանապավության վերահաստատման և երկրին տե’ր կանգնելու համազգային հանրահավաքին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728