Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Լյուդմիլա Սարգսյանին պաշտպանեց Գալուստ Սահակյանից (տեսանյութ)

Փետրվար 27,2014 14:34


«Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության մեր բոլոր փորձերը Հանրապետական մեծամասնության կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին: Նման պահվածքի բացատրությունը մեկն է. հավանաբար, դուք վաղուց համոզված եք, որ իշխանությունը մարտի մեկին կատարել է հակասահմանադրական, հակաիրավական գործողություններ, գիտակցում եք կատարված գործողությունների իրավական հետևանքների ծանրությունը, և դա է պատճառը համառ դիմադրության»,- իր ելույթում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն`անդրադառնալով «մարտի մեկի» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հերթական նախաձեռնությանը:

Պատգամավորը,դիմելով դահլիճում նստածներին, նկատեց. «Ձեր քայլերով ակամա կիսում եք կատարված հանցանքի մեղքի բաժինը, երբ հստակ է, որ իրական պատասխանատուները, որոնք կազմակերպել և իրականացրել են մարտի մեկի սպանդը, մեզ բոլորիս հայտնի մի քանի մարդիկ են: Այս պահին հավանաբար ձեր մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են՝ մենք մերոնց չենք հանձնում: Այդ դեպքում ձեզ հարց տվեք՝ արդյո՞ք դուք հայ ժողովրդին եք ներկայացնում խորհրդարանում և արդյո՞ք նեղ կլանային շահերը ձեզ համար ավելին են, քան ժողովրդի արդար պահանջը»:
Պատգամավորի ելույթի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նստած տեղից ռեպլիկներ էր անում: Լյուդմիլա Սարգսյանը,դիմելով նրան, ասաց. «Մի ընդհատեք: Դուք որ խոսում եք, ես չեմ ընդհատում»: Սահակյանը հավանաբար շարունակեց ռեպլիկները, քանի որ արդեն նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանը կարգի հրավիրեց իր գործընկերոջը:
ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծն, ըստ բանախոսի, հանրության և զոհվածների իրավահաջորդների պահանջով հերթական փորձն է խորհրդարանի մասնակցությամբ ու աջակցությամբ լույս սփռել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների բացահայտման ուղղությամբ, քանի որ ակնհայտ է, որ հանրությունը դեռ չի ստացել այդ օրերին ժողովրդի դեմ կատարված հանցագործությանն առնչվող մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես, 10 անմեղ զոհերի սպանության հանգամանքները, հրազենային վնասվածքներից տուժած քաղաքացիների վրա կրակած անձանց անունները և դեպքերի լիարժեք բացահայտմանն ուղղված այլ օժանդակ հարցեր: ՀԱԿ պատգամավորը գործընկերների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ «քվեարկությամբ յուրաքանչյուրդ արտահայտում եք հարցի նկատմամբ ձեր անձնական շահագրգռվածության չափը»:
«Նախորդ հանձնաժողովը չտվեց բազմաթիվ հարցերի պատասխաններ, որով էլ պայմանավորված է այս նոր նախաձեռնությունը: Առայժմ բոլորիդ վրա տարածվում է անմեղության կանխավարկածը. կոչ եմ անում չզրկել ձեզ դրանից: Իսկ քվեարկության արդյունքներից պարզ կդառնա, թե ձեզնից յուրաքանչյուրն ինչքանով է շահագրգիռ, որ մարտիմեկյան իրադարձությունների չբացահայտված կողմերը մասնագիտորեն քննարկվեն և ամբողջապես բացահայտվեն»,- ասաց նա:
Որոշ դրվագներ վկայակոչելով ուկրաինական իրադարձություններից, մասնավորաբար այն, որ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնազրկումից ընդամենը մի քանի օր առաջ Ռեգիոնների կուսակցությունն ամբողջությամբ աջակցում էր իր ղեկավարին, իսկ օրեր հետո այդ նույն կուսակցության անդամները հայտարարեցին, որ Կիևում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում են միայն Ուկրաինայի նախագահն ու նրա մերձավոր շրջապատը` նկատեց. «Այսինքն, այդ մարդիկ իրենց վրա չվերցրեցին մի քանի հոգու կատարած հանցանքի պատասխանատվությունը, ինչը նրանց հնարավորություն կտա առնվազն քրեական հետապնդման չենթարկվել՝ կատարված բռնարարքներին աջակցելու, դրանք պարտակելու կամ դրանց բացահայտմանը խոչընդոտելու համար: Ձեզ ևս հորդորում եմ չմտնել այն ծանր պատասխանատվության տակ, որի համար վաղը յուրաքանչյուրդ անուն առ անուն հիշվելու եք և պատասխան եք տալու սերունդներին: Սրանով ես բնավ նպատակ չեմ հետապնդում որևէ մեկին բարոյախրատական դասեր տալ, այլ ընդամենը կոչ եմ անում չկորցնել ողջամտությունը և իրավիճակի սթափ գիտակցումով հետևել տեղի ունեցող զարգացումներին: Գործող իշխանությունը զուր է հույսը դնում ժողովրդի անսահման համբերության ու գիտակցության վրա, քանզի Ուկրաինայի դեպքերը վկայում են, որ այդ համբերությունը սահման ունի և սպառվելով կարող է վերաճել իշխանափոխության անվերահսկելի գործողությունների, երբ գիտակցությունը զիջում է զայրույթին և ոտնահարված արժանապատվությանը: Ու այն վախճանը, որ ունեցան Յանուկովիչն ու իր մերձավոր շրջապատը, կարող է տարածվել նաև այս իշխանության վրա»:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728