Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան Հովհաննիսյան. «Հուդան օլիգարխ էր»

Փետրվար 27,2014 14:30

Ի՞նչ վիճակում է Հայաստանում գրական մթնոլորտը, ի՞նչ զարգացումներ կան Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում, ինչպե՞ս ենք ընկալում ներկա իրողությունները… այս եւ այլ հարցերի շուրջ այսօր «Դեբատ» բանավեճային ակումբում քննարկում էին ծավալել ակումբի հյուրերը՝ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրող Մերուժան Հովհաննիսյանը, նկարիչ Անատոլի Գրիգորյանը և Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ Նաիրա Տողանյանը և Մայա Գրիգորյանը:

Ըստ Էդվարդ Միլիտոնյանի՝ գրողների մեջ կան իրավիճակի տարբեր ընկալումներ. «Մեզանում կա ընկալումների պարզունակ արձագանք, հարցերը բարդ են մեր հանրապետությունում, և դրանց պատասխանները հաճախ լինում են մակերեսային: Այս ամենի մեջ ճշմարտությունը խարխափում է: Կան, իհարկե, ծայրահեղական կարծիքներ որևէ խնդրի վերաբերյալ և կան պարտադրող իրավիճակային խնդիրներ»:
Վերջին 20-30 տարիների ընթացքում ծայրահեղական կարծիքների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորվել: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մարդիկ պետք է վախենան իրենց կարծիքն արտահայտելուց: Էդուարդ Միլիտոնյանի խոսքերով, հաճախ չէ, որ ծայրահեղական կարծիքը ճիշտ է. «Մեր պատմության մեջ եղել է, որ շատ ծայրահեղական խնդիրներ ենք առաջ քաշել, որոնք եղել են ոչ այդ ժամանակահատվածին հարիր, ինչը հետագայում ցավագին արձագանք է ստացել մեր իսկ ժողովրդի գլխին»,- ասաց գրողների միության նախագահը:

Բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը քննադատաբար վերաբերվեց այժմ երկրում տիրող իրավիճակին, իր խոսքերով սա միակ երկիրն է, որտեղ ասում են՝ հեռացիր, եթե չես ցանկանում սովից մահանալ: Բանաստեղծը վստահ է, որ պետք է պետություն-ժողովուրդ դաշինք ստեղծվի, որպեսզի քաղաքացին համերաշխ լինի պետության հետ: Մ. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև օլիգարխներին: Իր եզրակացությունների մեջ նա հանգել էր այնպիսի գաղափարի, որ Հուդան նույնպես օլիգարխ էր: Բանաստեղծի խոսքերով գրողը պետք է արտացոլի տվյալ ժամանակահատվածը. «Եթե Էկզյուպերին չարտացոլեր իր ժամանակները, ոչ ոք չէր կարդա իր գործերը»:

Երևանի պետական մանկավարժական համալսարանի գրականության ամբիոնի դասախոս Մայա Գրիգորյանի խոսքերով՝ այժմ ժամանակակից գրականությունը պրոպագանդված չէ, և առավել մեծ ուշադրության պետք է արժանանան ավագ դպրոցները: «Փաստ է, որ այսօր կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, հատկապես գրողների միությունում, գրադարաններում, ներկայացվում է գրողն ու իր գիրքը: Սակայն պետք է նշեմ, որ դրանք նեղ սահմաններ են ընդգրկում, հավաքվում են մի խումբ մարդիկ, խոսում գրողի և իր ստեղծագործության մասին, բայց ընթերցող լայն հասարակությունը տեղեկացված չի լինում: Փաստորեն ստացվում է, որ երիտասարդ գրողի գիրքը մնում է մեկուսացված» ,-նշեց տիկին Գրիգորյանը:

Նույն ամբիոնի դասախոս Նաիրա Տողանյանի կարծիքով՝ կարևոր է փոփոխությունները նախ և առաջ սկսել դպրոցներում գրականության դասավանդումից. «Եթե կարողանանք գրականության դաս ասածը դարձնել բնագիր և դրա ընթերցողը, և իրենց միջև միջնորդ լինի ուսուցիչը, ոչ թե՝ գրականագիտությունը, այդ ժամանակ աշակերտները կսկսեն սիրել գրականությունն ու ընթերցանությունը: Աշակերտներին պետք է սովորեցնել սիրել ընթերցանությունը, ոչ թե գրականագիտությունը: Գրականագիտությունը թող մնա նեղ մասնագետների համար»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728