ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկները ՀՀ առողջապահության նախարարին ուղղված նամակով պատասխանում են փետրվարի 26-ին «Aravot.am» կայքում տեղադրված ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների` առողջապահության նախարարին ուղղված անանուն նամակին:
«Մեծարգո պարոն նախարար, ի պատասխան 2014 թվականի փետրվարի 26-ին Aravot.am կայքում տեղադրված իբր ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղղված անանուն նամակի տեղեկացնում ենք Ձեզ, որ վերը նշված նամակը հանդիսանում է ամբողջովին հերյուրանք եւ բոլորիս մոտ առաջացրել է վրդովմունք, իսկ իրականությունը հետեւյալն է՝ Ա. Հակոբյանը 1997 թ.-ից աշխատել է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում որպես տեղամասային հոգեբույժ, 2004 թ.-ից աշխատել է նույն կլինիկայում՝ դիսպանսերային բաժանմունքի վարիչ։ Բաժանմունքի վարիչ աշխատելու ընթացքում մշտապես փոխարինել է կլինիկայի ղեկավարին՝ նրա բացակայության ժամանակ։ 2011թ.-ին Ա. Հակոբյանը նշանակվել է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար։ Բոլորիս համար ակնհայտ էր, որ Ա. Հակոբյանի նշանակման որոշումը ճիշտ էր եւ արդար։ Մեր համատեղ աշխատանքային տարիների ընթացքում Ա. Հակոբյանը ճանաչվել է որպես բանիմաց հոգեբույժ, ազնիվ, կարգապահ, կիրթ անձնավորություն, լավ ընկեր, երեք զավակների լավ մայր։ Ա. Հակոբյանը մշտապես վայելել է հարգանք ու սեր թե’ կոլեկտիվի, թե’ հիվանդների եւ հիվանդների հարազատների կողմից։
Իր պաշտոնավարման ընթացքում Ա. Հակոբյանը դրսեւորել է իրեն նաեւ որպես հմուտ, խիստ, միեւնույն ժամանակ՝ արդար ղեկավար, որը մշտապես մտահոգ է ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության բարձ որակի եւ կլինիկայի բնականոն գործունեության ապահովմամբ։
Համոզված ենք, որ այս հերյուրանյքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին, այլ նաեւ այն բարեխիղճ բժիշկներին, որոնք կատարել են իրենց ղեկավարի օրինական եւ արդար պահանջները։ Վստահ ենք, որ այս «ակցիան» կազմակերպել են մեկ-երկու անբարեխիղճ, անազնիվ, անբարոյական բուժաշխատողներ, որոնք զլանում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց»։