Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Արզումանյանը Բաբուխանյանին. «Արա, ես նստելուց չեմ վախենում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա» (տեսանյութ)

Փետրվար 27,2014 13:46


Ազգային ժողովում Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ չէր կարող այս նախաձեռնության տակ չստորագրել, քանի որ յոթի գործով դատապարտվածներից մեկն է: Բայց, պատգամավորի համոզմամբ, միաժամանակ իր համար անհասկանալի են այս փուլում նորից հանձնաժողով ստեղծելու հարցն առաջ քաշելու դրդապատճառները: Ըստ պատգամավորի՝ մեկ բան ակնհայտ է` քանի դեռ այս խորհրդարանում մեծամասնություն է ՀՀԿ-ն, բացառված է, որ «մարտի մեկի» որևէ հանձնաժողով որևէ կերպ նպաստի սպանությունների բացահայտմանը և տա անաչառ գնահատական: «Սա քաղաքական այբուբեն է, քանի դեռ դուք կաք, թույլ չեք տա, որ բացահայտվի ձեր օրոք իրականացված սպանդը»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նա կարծում է, որ այն հարցերը, որոնք երեկ պատգամավորներն ուղղում էին  հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին, պետք է ժամանակին հարցեր տային Ռոբերտ Քոչարյանին, ով հայտարարում էր, թե մարտի մեկին ընդդիմադիրները մարդկանց վրա կրակում էին թիկունքից: «Որևէ մեկը չի դատապարտվել դրա համար: Բա մի հատ հարցնեիք` պարոն նախագահ, էս ի՞նչ եք հայտարարում: Էդ հարցերը չեք տվել, 27-ի գործով կասկածյալը հայտարարում է, թե ինչո՞ւ 27-ի հանձնաժողով չի ստեղծվում: Է, ստեղծեք, ո՞վ է ձեր ձեռը բռնել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը` նկատի ունենալով պատգամավոր Հայկ Բաբուխանյանին:

Բաբուխանյանը տեղից արձագանքեց իր հասցեին արված դիտողությանը: Ի պատասխան Արզումանյանն ասաց. «Արա, ես նստելուց չեմ վախենում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ԱԺ դահլիճում, բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից», բոլորը մարտի մեկի մասնակից են եղել: Բայց իր համոզմամբ, հանձնաժողով ստեղծելն ավելի շատ գոլորշի բաց թողնելու միջոց է, որի փոխարեն, ինքն առաջարկում է նախաձեռնողներին`օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, նպաստներ նշանակել զոհվածների ընտանիքներին, այդ մարդկանց ընտանիքների համար ապրելու նորմալ պայմաններ ստեղծել:
«Սա անիմաստ քննարկում է, և ես չեմ հասկանում մոտիվացիան: Երկու ուժերի ներկայացուցիչներ Ստրասբուրգում կռվում էին` Հայաստանում քաղբանտարկյալ կա՞ , թե՞ չէ, այսօր նույն նախաձեռնությամբ են հանդես գալիս: Մնում է Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկին ցույց անի: Ես զարմանում եմ, ցինիկությունն իր սահմանն ունի: Մարդն այստեղ առաջարկ ա անում Ուկրաինայում զոհվածների հիշատակը հարգել, բայց դուք միանգամից Բերկուտի զոհերի մասին եք խոսում: Դուք ենթագիտակցաբար ձեզ Բերկուտ եք պատկերացնում, որովհետև մեծամասնությունը Բերկուտ են»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանն, ով համոզված է, որ արդարությունն  ի վերջո հաղթելու է. այսօր չի հաղթի, մյուս ընտրական շրջանում կհաղթի:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բարոն says:

    Արան ինչ որ շատ չի բաբուխանյանի դեպքում? Արան, թեկուզ վիրավորական տոնով, դիմելաձև է տղամարդու համար, բայց ոչ սրա պես թուլեքի

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728