Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Ռուսաստանը աշխարհում ֆինանսապես ամենակայուն երկիրն է. Ամերիկան եւ Չինաստանը փուչիկ են»

Փետրվար 27,2014 13:34

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում խոսում էր «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի մասին: Նրա կարծիքով «Նաիրիտի» վերաբացումը կարող է հանգեցնել պրոբլեմների, քանի որ հումքը բավականին բարձր գին ունի. «Նաիրիտի տեխնոլոգիան մշակված է հումքի որոշ գնի աստիճանի համար: Բարձր գնի դեպքում՝ արդեն իմաստ չունի արտադրել»:

Սոցիոլոգն ասաց, որ կաուչուկ արտադրելու համար հիմնական հումքը ստացվում է գազի միջոցով, սակայն հիմա գազի գինն է դառնալու խնդիր. «Բայց քանի որ Ռուսաստանն է վերցնելու իր վրա «Նաիրիտը» վերաբացելու պարտականությունները, նա կարող է գազի գինը նվազեցնել այն մակարդակի, որ կաուչուկը դառնա մրցունակ, իսկ դրա վաճառքի գնից էլ հնարավորություն կլինի գազի գնի ծախսը մարել: Այս առումով սա բավակին խելամիտ եւ տնտեսապես հիմնավորված մոտեցում է»:

Նրա կարծիքով, եթե այս ներդրումներից հետո գործարանը սկսի աշխատել, այն կունենա նոր աշխատատեղեր եւ դրսից եկող կայուն եկամուտ. «Կարեւորը, որ ռուսները մի քիչ զոհաբերության գնան մեր ռազմավարական ընկերության համար և չնայեն, որ տնտեսապես այն կարող է եկամտաբեր չլինել: Սակայն քաղաքական եւ ռազմավարական նպատակերի համար այն կարող է լինել բավականին արդյունավետ: Կվերականգնենք ինքնաթիռի անվադողերի արտադրությունը, որը բավականին մեծ պահանջարկ ունի շուկայում»:

Ա. Ադիբեկյանի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է վարկային համակարգ մշակել «Նաիրիտի» համար՝ 5-10 տարվա ընթացքում մարելու պայմանով. «Ռուսաստանը աշխարհում ֆինանսապես ամենակայուն երկիրն է: Ամերիկա, Չինաստան… փուչիկ են: Սա ասում եմ նրա համար, որ Ռուսաստանը հումք է արտադրում, որը կենսական նշանակություն ունի: Այդ հումքով կարող է երկիր պահել»:

Սոցիոլոգը չի կարծում, որ Ռուսաստանը փորձում է կայսրության վերածվել. «Դա այդպես չի, ամեն երկիր էլ կարող է նման քայլերի դիմել՝ իր ազդեցությունը ուժեղացնելու, ռազմական եւ տնտեսական ճնշումներից խուսափելու համար: Եվրոպան որքան էլ ագրեսիվ լինի Ռուսաստանի նկատմամբ, սակայն, քանի որ օգտվում է իր նավթից ու գազից, լեզուն կարճանում է»:

Հիշեցնենք, որ Սոչիում Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվել են ՄՄ ենթակառուցվածքները զարգացնելու համար Ռուսաստանի կողմից վարկ տրամադրել Հայաստանին: Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի նոր գործարան, որտեղ կաշխատեն «Նաիրիտի» աշխատակիցները:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728