Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին Հայաստանի կրիմինալ մայրաքաղաքը չէ»

Փետրվար 27,2014 14:45

Հայտարարում է Շիրակի նորանշանակ ոստիկանապետը

Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու ու կրիմինալի հանդեպ գյումրեցիների վախը կոտրելու նպատակով սկսել է հանդիպումների ու զրույցների շարք այս քաղաքի բնակչության տարբեր շերտերի հետ: Երեկ Գյումրու Արվեստների ակադեմիայում ոստիկանապետը լսեց արվեստագետների սուր քննադատությունները ոստիկանական համակարգի, Գյումրիում տարիներ շարունակ գրեթե գործ չանելու մասին ու ֆիքսելով նրանց առաջարկները` ներկայացրեց նաեւ իր պարզաբանումները: Հիշեցնենք, որ նախորդ ոստիկանապետերի օրոք այդ կարգի զրույցներ, չգիտես ինչու, տեղի էին ունենում ոստիկանապետերի առանձնասենյակում` մամուլի աչքից ու ականջից հեռու:
Մտավորականներին մասնավորապես հուզում էր այն հարցը, թե ինչու պիտի մշակութային Գյումրին կրիմինալ քաղաքի իմիջ ունի: Իհարկե, խոսվեց նաեւ ոստիկանների արտաքին տեսքի, օտար լեզվի իմացության, ինչպես նաեւ կաշառակեր լինելու մասին: Ոստիկանապետը համբերությամբ լսելով արվեստագետներին ու պարբերաբար համաձայնելով նրանց հետ՝ ասաց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ Ձեզ՝ Գյումրին կրիմինալ մայրաքաղաք չէ Հայաստանի Հանրապետության եւ լինել չի կարող»: Արվեստագետները, լսելով այս խոսքերը, երկար ծափահարեցին: «Լինել իմ կողմից հարգված ժողովուրդ` իրեն բնորոշ հատկություններով, որոնք դրական կարող եմ ես թվարկել` արժանապատվություն, ինքնասիրություն, մարդասիրություն, վերջը մշակույթի կենտրոն է… երբ որ դուք անընդհատ պատեհ կամ անպատեհ, տարբեր առիթներով, պատճառներով շեշտում եք, որ Գյումրին կրիմինալ մայրաքաղաք է, դուք ի սկզբանե հայտարարում եք ձեր անզորության եւ հանձնվելու մասին: Մոռացեք, այդպիսի բան չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում, առավել եւս՝ Գյումրի քաղաքում, Շիրակի մարզում: Դուք սրանով կրիմինալ կոչված էդ ստահակ երեւույթներին, էդ բութ ու նենգ, անդաստիարակ երեւույթներին, տզրուկի պես էս ժողովրդի արյունը ժամանակին խմած եւ էսօր շարունակելու փորձ անողներին եք ռեկլամ անում, նրանց իմիջն եք բարձրացնում` նրանց մասին անընդհատ էսպես խոսելով: Նրանք ոգեւորություններ են ապրում որոշակի, էդ չե՞ն… Շատ-շատ առումներով սա հորինված, ստեղծված, որոշակի մարդկանց համար իմիջ է, նույն էդ աշխարհներում կայանալու, ձեռք բերելու խնդիրներ են»,- ասաց ոստիկանապետը:

Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի ոստիկանության բարեփոխումներին` ասելով, որ սա լուրջ եւ երկարատեւ պրոցես է: Ու քանի որ մտավորականներից մեկը` Գյումրու «Ստիլ» պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, նեղսրտել էր, թե ինչու են հայ ոստիկանները 100 կիլոգրամանոց` ցցված փորերով, երբ Վրաստանում մոդելներին են դարձնում ոստիկան, գնդապետ Նադարյանն ասաց. «Ի տարբերություն Վրաստանի, որը ամերիկյան գրանտներով, չգիտեմ՝ տարբեր ֆինանսավորմամբ, ի դեպ, շատ մեծ բացասական կողմեր ունի որակին հասնելու համար, ես ինքս գնացել, էնտեղ տեսել եմ, մենք չենք կարող մեզ թույլ տալ մի գիշերվա մեջ 100 կիլոյանոց որովայն, փոր ունեցող… Իհարկե, դա արվում է, եթե հետեւում եք մեր լրատվական ծառայությանը, մամուլին, տեսնում եք, որ բարեփոխումների մեջ դա էլ է մտնում, արտաքին ծառայություն մատուցող ոստիկանի արտաքին տեսքը կարեւորվում է միանշանակ: Բայց չունենալով որոշակի ռեսուրս, որովհետեւ մեր կրթահամալիրը տարին մեկ անգամ, երկու անգամ նոր տալիս է արտադրանք, որոնք համալրում են ոստիկանության շարքերը, շատ արագ տեմպերով, նույն ֆիզիոլոգիական առումով բարեփոխման գնալը դժվար է: Բայց արվում է միանշանակ»,- ասաց պարոն Նադարյանը:

Ոստիկանապետը խոսեց նաեւ ճանապարհային ոստիկանների՝ կաշառք վերցնելու մասին` նշելով, որ եթե ոստիկանները կաշառք են վերցնում, ուրեմն այստեղ կա ժողովրդի, գյումրեցիների մեղքը: Ոստիկանապետի բնութագրմամբ՝ հասարակությունը կիսագողական, կիսալավ տղա եւ նմանատիպ երեւույթներով է տառապում ու թեեւ երբեմն տուժում է ճանապարհային ոստիկանի անպարկեշտ պահվածքից, բայց հենց հերթը հասնում է հայտարարություն տալուն, ձայնը կտրում է:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728