Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Մեր իշխանությունները համար չեն գտել այս խնդիրը վերցնել ու պետական մակարդակով լուծել»

Փետրվար 27,2014 13:17

«Սումգայիթում տեղի ունեցածը ոչ թե խուլիգանական, ինչ-որ մի իրարից անկախ գործողություններ ու սպանություններ էին, այլ մտածված ու նպատակային գործընթաց, որ արդյունքում ոչ միայն սումգայիթցիները, այլև ողջ հայությանը պիտի տեղահանեին»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա նկատեց, որ Սումգայիթի դեպքերին համարժեք գնահատական տալն ու հետևողական քաղաքականություն վարելը պետք է դառնար ՀՀ պետական մարմինների օրակարգի հարց, ու մտահոգություն հայտնեց, որ Սումգայիթում հայության հանդեպ բռնի և ցեղասպանական գործընթացների դատապարտումը իրավական հունի մեջ չի դրվել, ուստի «միջազգային հարաբերություններում պետական քաղաքականության մաս չի դարձել»: Լարիսա Ալավերդյանը մտահոգված է.  «Մեր իշխանությունները համար չեն գտել նման խնդիրը վերցնել ու պետական մակարդակով լուծել: Այն, ինչ արվել է Սումգայիթի ցեղասպանության  դատապարտմանն ու իրավական գնահատականի համար, արվել է ՀԿ-ների մակարդակով: Այն, ինչ արվել է պետական մակարդակով` ռեալ պոլիտիկ չի դարձել, աշխատանքներ տարվում են տեղեկատվական դաշտում: Ուստի մենք չպետք է սպասենք հարյուր տարի, որ վազենք ցեղասպանության վեջին տուժածի հետևից»:

Տիկին Ալավերդյանը նշում է, որ Հայաստանը պետք է նախապատրաստի Սումգայիթի ջարդերին  վերաբերող իրավական փաթեթ ու հիշեցնում, որ դեռ խորհրդային շրջանում ՄԱԿ-ը ասդպիսի իրավական փաթեթի էր սպասում, որ գործին ընթացք տար:Այնուհետև տիկին Ալավերդյանը ներկայացրեց ջարդերի մասնակիցների որոշ տվյալներ: Համաձայն մի կնոջ վկայության՝ երբ ինքը մտել է դիահերձարան, տեսել է ոչ թե 32 հոգու, ինչպես Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, այլ շատ ավելի շատ մարդկանց: Նրան երկու ցուցակ են տվել, որոնցից մեկում 31, մյուսում՝ 155 հոգի էր ներկայացված: Տիկին Ալավերդյանը նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից պատվիրված՝ Հեյդար Ալիևին նվիրված ֆիլմում նշվում է, որ մեկ գիշերվա մեջ հարյուրից ավելի մարդ է զոհվել: Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից կեղծվել է ընդհանուր առմամբ այն ամենը, ինչ վերաբերում է Սումգայիթին:

Լարիսա Ալավերդյանը նաև շեշտեց, որ ընդունված է ասել, թե ցեղասպանական ակտը տեղի է ունեցել փետրվարի 26-29-ը, բայց փաստերով և փաստաթղթերով ապացուցված է, որ նման սպանությունները մինչև ապրիլի կեսերն են շարունակվել:

Իսկ ինչո՞ւ է ՀՀ-ն նման բացթողում իրականացրել: Տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Հայաստանը չունի ինքնուրույն քաղաքականություն և քաղաքական դաշտում ինքնուրույն դեմք: Եվրոպայի համար այս հարցերը այնքան էլ դուրեկան չեն, քանի որ ղեկավարվում են նավթային շահերով և տրամադրված չեն Ադրբեջանին կանչել պատասխանատվության: Մյուս կողմից էլ Ռուսաստանի՝ փոփոխվող շահերն են: ՀՀ երեք նախագահներին իրենց աստեղային ժամերով ճանաչելով՝ երեքն էլ վրիպել են, դա է պատճառը, որ այսօր ՀՀ-ին՝ որպես ինքնուրույն  քաղաքական միավոր չեն դիտարկում»:

Լարիսա Ալավերդյանը նաև տեղեկացրեց, որ վաղը, ինչպես ամեն տարի, սումգայիթցիների մի խումբ, որոնք ապրում են Բյուրեղավանում, ժամը 13.00-ից երթ են կազմակերպելու դեպի Սումգայիթի ցեղասպանական ակտի զոհերին նվիրված խաչքար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728