Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի հանձնած բնակարանը խլել են մեզնից

Փետրվար 27,2014 14:30

1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման եւ բաշխման մասին կառավարության որոշումը եւ հետագա փոփոխություններն ունեն բազմաթիվ թերություններ եւ կիրարկման ընթացքում քննություն չեն բռնում:

Պարզ է՝ իդեալական օրենք չի լինում, սակայն իրականացման ժամանակ այն պետք է շտկվի եւ կատարելագործվի: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը օգտվելով օրենքի անկատարությունից, ունի մշակված սցենար, այն է՝ բնակարանների սեփականաշնորհման գործընթացը ձգձգել մինչեւ բնակարանի տիրոջ մահը, այնուհետեւ, դատարանով ետ վերցնել այն ու հատկացնել մեկ ուրիշի, եւ այդ ձեւով մեկ բնակարանով լուծել երկու ընտանիքի բնակարանի հարց: Ինչպես տեսնում եք, վատ չի մտածված: Երկրաշարժի ժամանակ մեր ընտանիքը՝ հայրս, մայրս եւ 3 քույրերս կորցրինք 3 սենյականոց բնակարան: Աղետը երկրով էր, դաժան, պետք էր դիմանալ: Շատերի նման մենք էլ պատսպարվեցինք, ապրեցինք 20 տարի:

Քույրերս ամուսնացանք: Երկու քույրերիս բախտը բերեց . ամուսինները բնակարան ունեին, իսկ իմը՝ ոչ: 2008թ. հունվարին հանկարծամահ եղավ հայրս՝ Չեռնոբիլի վթարի վերացման մասնակից Հարփիկ Բաղդասարյանը: Մայրս՝ Ստելինա Բաղդասարյանը, մնաց 1 սենյականոց բնակարան ստացողների ցուցակում: 2010թ. մարտի 11-ի ՀՀ կառավարության հավաստագիրը եւ «Մուշ-2» թաղամասի 6-րդ շենքի թիվ 17 բնակարանի բանալիները, ՀՀ նախագահի մասնակցությամբ, 2010թ. հունիսի 14-ին հանդիսավոր հանձնվեց մորս, նաեւ թաղամասի մյուս բնակիչներին: Բնակարանամուտը, կահավորումը կատարեցինք հաջորդ օրվանից, մի դեպքում սգալով հորս մահը, մյուս դեպքում էլ սփոփվելով, որ 22 տարի անց դուրս եկանք տնակից, թեկուզ 1 սենյականոց բնակարան ունեցանք: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ դա դեռեւս մեր տունը չի: Մեկ ամիս անց բնակարան են գալիս չափագրողները, կատարում իրենց գործը, հեռանում ու հայտնում, որ շուտով ձեզ սեփականաշնորհման վկայական կտրվի: 2 ամիս անց՝ 2010թ. օգոստոսին մայրս գնում է Անշարժ գույքի կադաստրի ստորաբաժին եւ խնդրում սեփականաշնորհման վկայականը, ու ստանում պատասխան՝ «ինչիդ է պետք այդ թղթի կտորը, գնա ապրի, վկայակա՞նն է քեզ տաքություն տալու: Խո չմեռա՞նք, դու մնացիր առանց վկայական»: Չգիտեմ, չեմ էլ ցանկանում, թե ՀՀ քաղաքաշինության նախարարությունից կամ կադաստրի ստորաբաժնից մեռնող եղավ, թե ոչ, սակայն մեզ համար 2010թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ողբերգություն. հանկարծամահ եղավ մայրս, պատճառը՝ ինսուլտ: Մորս մահվանից դեռեւս 15 օր առաջ թաղամասի բոլոր, այդ թվում՝ նաեւ մեր բնակարանը, պարզվեց, որ արդեն եղել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ումից մենք արդեն ունեինք հավաստագիր եւ որտեղ ապրում էինք արդեն 3 ամիս: 2011-ի նոյեմբերի 2-ին ոստիկանության, քաղաքաշինության նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի թվով 12 բարձրաստիճան անձինք մտան մեր բնակարան, պահանջեցին բնակարանի բանալիները, վերցրին այն՝ մեզ թողնելով ձմռան ցրտին դրսում, հեռացան: Հետո իմացա, որ խուզարկության մասին կազմվել է արձանագրություն եւ նշվել, որ բնակարանից պակասում է… լոգարանի ցնցուղը: Իհարկե, ցնցուղը վաննայի տակ էր. եթե իմանայի՝ կտայի, տղամարդիկ էին, գուցե ամրացնեին: Հանձնաժողովը իր արձանագրությունում իհարկե չէր նշել առկա կահավորանքը՝ կահույք, գորգեր, վարագույր:
Իրենց արարքը արդարացնելու համար հնարեցին, թե իմ նկատմամբ ինտերպոլով հետախուզում է հայտարարված: Ես 20 տարիների ընթացքում ոչ միայն քաղաքից, այլեւ մորս բնակարանից մեկ օր անգամ չեմ բացակայել. ո՞ւր գնամ, ումի՞ց փախչեմ, ինչի՞ց վախենամ: 2013թ. հուլիսի 13-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ խնդրել՝ «վտարել Հասմիկ Բաղդասարյանին մեկ սենյականոց բնակարանից»: Երբ հարց եմ տալիս, թե ո՞րն է մեր ծնողների կամ քույրերիս մեղքը, պատասխանում են՝ նախ ծնողներդ իրավունք չունեին մինչ սեփականաշնորհման վկայական ստանալը վաղաժամ հեռանալ կյանքից, եթե ուզում էին ինչ-որ բանի տեր դառնալ, պետք է շատ երկար ապրեին, 22 տարին քիչ էր: Իսկ քույրերիդ մեղքն էլ այն է, որ անցած 20 տարիներին չպետք է ամուսնանային բնակարան չունեցող անձի հետ: Պարզվում է, որ ամուսնանալն ու վաղաժամ մահանալը մեղք է:
Հարգելի վարչապետ Տ. Սարգսյան, հարգելի արդարադատության նախարար Հ. Թովմասյան, գիտեմ՝ դուք չեք էլ փորձում փնտրել այս ամենի մեջ ոչ օրենսդրական, ոչ էլ առանձին անձանց մեղավորություն: Ինձ թույլ եմ տալիս առաջարկելու բնակարանները հանձնելու կանոնակարգում մտցնել հետեւյալ տարբերակներից մեկը. ՀՀ կառավարության հավաստագիրը եւ բանալիները հանձնելու ժամանակ գրավոր զգուշացնեք, որ հանկարծ չմահանա կամ չամուսնանա, հավաստագիրը եւ բանալիները հանձնելուց եւ ժամանակավոր կացարանը քանդելուց հետո բնակչի կամ ընտանիքի որեւէ անդամի մահվան դեպքում բնակարանը տրվում է ժառանգին կամ ընտանիքի մյուս անդամներին: Այսպես, Հայաստանի զինանշանով տրված պաշտոնական փաստաթուղթը դառնում է անիմաստ եւ անարժեք, զուտ սիմվոլիկ ցուցամոլություն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, խնդրում եմ Ձեր միջնորդությունը ՀՀ կառավարությանը՝ ետ վերցնելու ինձ վտարելու հայցադիմումը եւ հարցի լուծումը կատարել մեղավոր անձանց կողմից սեփականաշնորհման գործընթացը ձգձգելու համար պատասխանատվության ենթարկելուց հետո:

ՀԱՍՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գյումրի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728