Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը` ՀՀ վարչապետն անդրադարձել է Արարատյան դաշտիջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումներին, որոնց արդյունքում որոշ հարցադրումներ, բացահայտումներ են արձանագրվել: Խնդրի առնչությամբ պարզաբանում է տվել ՀՀ բնապահպանության նախարարը:
Արամ Հարությունյան. «Պարոն վարչապետ, վերջին օրերին իսկապես եղան մի շարք անհիմն, անհեթեթ մեկնաբանություններ: Ըստ էության, Արարատյան դաշտում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք արել և ներկայացրել այն ծրագիրը, որն իրականացնելու ենք, ընդ որում նաև օրենսդրական և մնացած բոլոր առումներով: Ըստ էության այն խնդիրը, որ արծարծվել է կապված «Արարատցեմենտ» գործարանի հետ, չի համապատասխանում իրականությանը: Բնականաբար, ես պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել, կրկնում եմ, ցամաքուտային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար: Դրա արդյունքում մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողների, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ: Եվ եթե համեմատենք այդտեղ եղած ջուրը և գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, կարելի է 200-ապատիկով համեմատել, այսինքն` գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խմ ջուր է հոսում: Այստեղից պետք է անել մեկ եզրակացություն, որ մեր գործողություններն ուղղակի տալիս են իրենց արդյունքները և իմաստ չունի անհարկի այս գործառույթները քաղաքականացնել»:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
Կարդացեք նաև
Հիմնվում է հերթական ազատ տնտեսական գոտին
Ընդլայնվում են լոլիկի, վարունգի և հոլանդական վարդի ջերմոցային տնտեսությունները
Հիմք ընդունելով «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի կողմից մասնավոր նախաձեռնությամբ «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել ԱՏԳ` «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում (Երևան, Կաշեգործների փ. 70), օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Գործադիրը հաստատել է ԱՏԳ տարածքի սահմանագիծը, ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը մեր երկրում, ոլորտի ԱՏԳ հիմնումը և դրա գործունեության մեկնարկի թույլատրումը: «Այս ծրագրին դուք տեղյակ եք, հարգելի գործընկերներ, քանի որ մի քանի անգամ մենք լուսաբանել ենք այն, – հարցի վերաբերյալ ասել է Տիգրան Սարգսյանը: – Նաև հիշում եք, որ Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ոսկերիչների մեծ համագումար, որի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց: Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը գալիս է մասնավոր հատվածից, և բավական երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին: Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաև, որպեսզի ամբողջ աշխարհից հայերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները: Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց, ինչպես նախարարը նշեց, ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, իսկ դա նշանակում է, որ աշխատուժի նկատմամբ լինելու է մեծ պահանջարկ»:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը: Ընկերությունը, որը զբաղվում է հոլանդական բարձրակարգ վարդերի աճեցմամբ և իրացմամբ, արդեն հաջողությամբ իրականացրել է ներդրումային երկու ծրագիր: Այս ծրագրով 3 հեկտարով ընդլայնվելու է գործող ջերմոցային տնտեսությունը, ստեղծվելու են նոր աշխատատեղեր:
ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշում է կայացվել «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների վերաբերյալ: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ. և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում կառուցում է ջերմոցային տնտեսություն, որը հոլանդական տեխնոլոգիայով տարեկան արտադրելու է շուրջ 700 մլն դրամի լոլիկ և վարունգ:
Անկողնային խնամք ստացող անձանց պայմանները կբարելավվեն
Պայքար կմղվի այգիների վնասատուների դեմ
Տարածք է տրամադրվում երկրապահ կամավորականների միությանը
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ թույլատրել է սկսել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի նախահաշվային փաստաթղթերի մշակումը և բացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվը: Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013թ. իրականացրած ուսումնասիրությամբ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար գործադիրը հատկացրել է մոտ 8 մլն դրամ:
Գործադիրը որոշել է կառավարության ավելի վաղ ընդունած «Գույք օտարելու մասին» որոշմամբ գույքի վաճառքից առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ տալ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին` նպատակ ունենալով բարելավել ընկերության ֆինանսական վիճակը:
ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:
Նպատակը հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացումն է
Ֆինանսական աջակցություն կստանան ջրօգտագործողների ընկերությունները
Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին
ՀՀ կառավարությունը հաստատել է `
-ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները,
-բնապահպանական ծրագրերի մշակման կամ նախագծման կարգը,
-Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, որով նախատեսվում է զգալիորեն բարելավել հաճախորդների սպասարկման որակը, պարզեցնել ընթացակարգերը, կրճատել դիմումների սպասարկման ժամանակը,
-ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2014 թ. ծրագիրը, 2014 թ ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները,
-ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:
ՀՀ կառավարությունը սահմանել է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման որոշման լրացումները, որոնցով կապահովվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը:
Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը
Կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ
Կառավարության որոշմամբ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Գործադիրը հավանություն է տվել «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրին, որի նպատակն է ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված են միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, մարդկանց միջսահմանային շարժի ակտիվացմանը:
Կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:
Օրենսդրական փոփոխության նախագիծը կընդունվի կառավարության առաջարկներն ընդունելու դեպքում
Նպաստի խնդրին կարելի է անդրադառնալ 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ
Նիստում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե երեխան մահացած է ծնվել: Նկատի առնելով, որ երբեմն կենսաբանորեն բարդ է սահմանազատել` երեխան մահացած է ծնվել, թե մահացել է ծնվելուց անմիջապես հետո, նախագծով առաջարկվում է հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Սկզբունքորեն ընդունելով արծարծված խնդրի կարգավորման անհրաժեշտությունը` գործադիրն անհրաժեշտ է համարում միանվագ նպաստի նշանակման և վճարման առանձնահատկությունները քննարկել և հստակեցնել նախագծի հեղինակների հետ:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ 2015թ. պետբյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ սահմանելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 15.8 մլրդ դրամ: Գործադիրը նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ԱԺ մի խումբ պատգամավորներին առաջարկել է օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ