Լրահոս
Օրվա լրահոսը

Չիրականացավ Մոսկվայում, կիրականանա Երեւանում

Փետրվար 27,2014 14:07

Գերմանացի ժամանակակից կոմպոզիտորի Ջութակի
եւ նվագախմբի կոնցերտն առաջին անգամ կհնչի Հայաստանում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 28-ին համաշխարհային պրեմիերա է. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, գերմանացի ճանաչված դիրիժոր Իսրայել Յինոնը եւ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը կներկայացնեն գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտը:

«Առավոտի» հետ զրույցում Իսրայել Յինոնն ասաց, որ Դոթը այսօր գերմանացի ամենահայտնի կոմպոզիտորներից է, որի ստեղծագործությունները վերջին շրջանում հնչում են ճանաչված նվագախմբերի դիրիժորների ու մենակատարների կողմից: Ինչ վերաբերում է Ջութակի կոնցերտին, դիրիժորի խոսքերով՝ այն նվիրված է Բախին, իսկ երաժշտական նյութի մեծ մասը հենված է գերմանացի հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունների վրա: Մեր զրուցակիցը նշեց, որ 6 մասանի այս կոնցերտի հատկապես երեք մասերը իսկապես վիրտուոզ կատարում են պահանջում:

Հաստատելով մեր այն տեղեկությունը, թե կոնցերտի պրեմիերան նախատեսված էր Մոսկվայում, Իսրայել Յինոնն ասաց հետեւյալը. «Կոնցերտի պրեմիերան իսկապես նախատեսված էր 2013թ. դեկտեմբերին՝ Բաշմետի ղեկավարած «Նովայա Ռոսիա» սիմֆոնիկ նվագախմբի եւ ջութակահարուհի Ալյոնա Բայաեւայի եւ իմ մեկնաբանմամբ: Սակայն զուտ տեխնիկական պատճառներով այն չկայացավ»: Իսկ թե ինչպե՞ս ստացվեց, որ կոմպոզիտորը կոնցերտի առաջին կատարումը վստահեց Հայաստանի ֆիլհարմոնիկին եւ ջութակահար Անուշ Նիկողոսյանին, Ի. Յինոնը հայտնեց. «Ես եւ Դոթը մտերիմներ ենք դեռեւս 2000-ականների սկզբից: Երբ 2003թ. Ավստրիայի Գրաց քաղաքը հռչակվեց Եվրոպայի մշակութային կենտրոն, ես նրան պատվիրեցի մի ստեղծագործություն, ինչի պրեմիերան ոչ միայն անցավ մեծ հաջողությամբ, այլեւ մինչ օրս այդ սիմֆոնիկ երկը՝ «Պասակալյա» խորագրով, ճամփորդում է աշխարհով: Անուշին առաջին անգամ լսեցի 2013թ., երբ Ֆիլհարմոնիկի կողմից հրավիրված էի Երեւանում անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» 7-րդ միջազգային դասական երաժշտության փառատոնին: Վերջինիս շրջանակներում անցկացվող կամերային համերգներից մեկում նրբագեղ ու փխրուն հայուհու նվագը ինձ ցնցեց, դա իրոք, համենայնդեպս ինձ համար, ֆենոմենալ երեւույթ էր: Այդ մասին ես հայտնեցի Դոթին, որը վստահելով ինձ՝ իր ստեղծագործության առաջին կատարման համար ընտրեց թե ձեր ֆիլհարմոնիկը, թե ձեր ջութակահարուհուն: Սովորաբար, մինչ համերգը կարծիք չեմ հայտնում, բայց այս դեպքում, արդեն ճանաչելով ֆիլհարմոնիկի երաժիշտներին եւ փորձեր անցկացնելով Անուշի հետ, վստահ եմ, որ կոնցերտի պրեմիերան փայուն կկայանա»: Մեր զրուցակիցը հավելեց, որ կայանալիք երեկոյին կհնչի նաեւ Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան: «Այս սիմֆոնիան ղեկավարել եմ բազմաթիվ նվագախմբերի հետ, եղել են որոշ կատարումներ, որոնք քննադատների կողմից արժանացել են բարձր գնահատականի, բայց, իմ կարծիքով, հայաստանյան նվագախումբը, ճիշտ է՝ դարձյալ իմ ղեկավարությամբ, մի այլ հնչողություն է հաղորդում, հոգի տալիս ստեղծագործությանը»,- նշեց Իսրայել Յինոնը:

Սովորաբար հեղինակները ներկա են լինում սեփական գործերի պրեմիերաներին: Իսկ թե ինչու Դոթը այս առիթով բացառություն է կազմում, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ կոմպոզիտորը իսկապես պետք է ներկա գտնվեր հայաստանյան պրեմիերային, սակայն չի կարողացել՝ առողջական խնդիրների պատճառով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728