Լրահոս
Օրվա լրահոսը

Խղճներիս մեղք չվերցնենք…

Փետրվար 27,2014 13:59

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում միշտ էլ եղել է մեր Երեւանի արտաքին տեսքի խնդիրը: Սակայն այն, ինչ ցանկանում եմ ստորեւ շարադրել, միշտ գտնվել է ածանցյալի կարգավիճակում` ֆունկցիոնալը զիջելով քաղաքաշինությանը, կանաչապատմանը եւ կոմունալին:

Խոսքը վերաբերում է, ըստ իս, ամենակարեւորին` մայրաքաղաքի երթեւեկությանը, որն ի տարբերություն վերը նշված իբր ֆունկցիոնալի` մարդկային զոհերի պատճառ է դառնում: Եթե սրան ավելացնենք մեր քաղաքի էսթետիկական տեսքի խաթարումը, եթե ոչ այլանդակումը՝ հետիոտն-վարորդ փոխհարաբերություններով, գումարած որոշ ավտոտեսուչների ոչ ադեկվատ պահվածքը, ապա խիստ անհրաժեշտություն է առաջանում լրջորեն վերլուծել այս եռամիասնությունը ծնող պատճառը: Իսկ պատճառը մեկն է` տոտալ անգրագիտությունը, քամահրանքը, կամայականությունը փողոցային երթեւեկության կանոնների հանդեպ:

Մերկապարանոցությունից խուսափելու համար բացեմ փակագծերը:

I. Վարորդներ

Ես լիովիմ կողմնակից եմ երթեւեկության այս խավի դժգոհություններին՝ նկարահանող սարքերի եւ կարմիր գծերի առնչությամբ: Եթե առաջինների գնային սանդղակը համապատասխաներ մեր աշխատավարձերի եւ թոշակների մակարդակին, գոնե կասեինք, որ այդ սարքերը նպաստում են փողոցներում կարգուկանոնի հաստատմանը, հանցագործությունների բացահայտմանը: Սա, կարծում եմ, ավելի դյուրին է շտկել, քան այն սարսափելի երեւույթը, որը կոչվում է անգրագիտություն, որից էլ բխում է հանցավոր անտարբերությունը երթեւեկության մյուս անդամների նկատմամբ: Ես չգիտեմ՝ կա՞, արդյոք, վիճակագրություն, թե վթարների, դժբախտ դեպքերի քանի տոկոսն է տեղի ունենում ուրիշի պատճառով: Անգամ առանց այդ վիճակագրությանը տիրապետելու, անզեն աչքով նկատում ես` մեծամասնությունը: Այդ անգրագետ-անդաստիարակ-անհոգի վարորդը մի՞թե իր խղճի վրա մեղք չի վերցնում ուրիշի դժբախտության պատճառ դառնալու հանգամանքից:

Բերեմ մի քանի օրինակ:

Որեւէ հանգամանքում թարթիչից չօգտվելը: Անգամ թյուր կարծիք կա նրանց մոտ, թե աջ թեքվելիս կանոնները թույլ են տալիս այն չմիացնել: Դա խաչմերուկում գտնվող, դիմացից երթեւեկող մեքենային սպասեցնել է տալիս` առաջացնելով անհիմն խցանումներ (վառելանյութի ավելորդ ծախս, էկոլոգիական խնդիրներ, նյարդեր):
Խաչմերուկների «բերաններին» աջ գոտիներում կայանելը: Ստիպված ես խախտում անել` չթույլատրվող շարքից աջ երթեւեկել: 2-րդ շարքում ուղեւոր իջեցնելը (ոչ հազվադեպ՝ նաեւ ձախ դռնից): Էլ չեմ ասում, որ ինքը՝ վարորդը, առանց կողային հայելին օգտագործելու՝ իր դուռն այնպես հանկարծակի ու լայն է բացում, կարծես իր տան դուռն է բացում:

Չսպասելով կանաչ լույսին, խաչմերուկներում դեղինի տակ շարժվելը, որը մանավանդ մեծ խաչմերուկներում չի թողնում այն ազատել դիմացից եկող մեքենաներին: Խուսափելով տուգանքներից՝ խաչմերուկը ճիշտ մտած վարորդն էլ չի արգելակում` ստեղծելով վթարային իրավիճակներ:

Մեր վարորդները տառապում են նաեւ անհանդուրժողությամբ: Թերթերից մեկի խմբագրականում կարդում եմ, թե խաչմերուկների անգամ արվարձաններում մի զիջեք շարքափոխ վարորդներին: Ինչո՞ւ չզիջեն, ինչո՞ւ չհանդուրժեն այն վարորդին, որը չի ուզում խախտում կատարել, այլ ցանկանում է իր երթեւեկությունը ճիշտ գծով շարունակել:
Վարորդական «հերոսությունների» բազմազանությունն անսպառ է, ուստի անցնենք հետիոտներին:

II. Հետիոտներ

Մանկավարժական մի հիմնադրույթ գոյություն ունի` չկան անդաստիարակ երեխաներ, կան անդաստիարակ ծնողներ:

Օրերս մի աներեւակայելի տեսարանի ականատես եղա: Սայաթ-Նովա – Վ.Տերյան խաչմերուկի անցումով մի խումբ երիտասարդներ էին դեմ-դիմաց գալիս: Տերյանից դեպի Սայաթ-Նովա թեքվող մեքենաները համբերատար սպասում էին: Նրանց ետեւի մեքենաներն էլ նրանց էին սպասում, որ ուղիղ ընթանան: Մեկ էլ անցման այդ թեժ պահին երկու երիտասարդ իրար բարձր ողջունելով՝ այնպես երկար ողջագուրվեցին, իրար ուսի թփթփացրեցին ու….սկսեցին բարձր զրուցել: Խաչմերուկը, բնականաբար, կաթվածահար էր:

Անգրագետ հետիոտնի համար անցումներն անչափ հետաքրքիր վայրեր են: Մանավանդ՝ չկարգավորվողները: Նրանք մոտենում են անցումներին, առանց ձախ ու աջ նայելով, շորորալով, երբեմն էլ բջջայինով խոսելով կամ համար հավաքելով, զլանալով անգամ միակ, կրկնում եմ, միակ մեքենային զիջել: Բնավ ես այս դրվագով պաշտպանության չեմ առնում այն վարորդներին, որոնք չեն զիջում անցումի եզրին սպասող մարդկանց` չզիջողներն անգրագիտության առումով արժանակիցներ են: Էլ չեմ խոսում անթույլատրելի վայրերով անցում կատարողների, եւ բազում այլ հետիոտնական խախտումների մասին:

III. Ավտոտեսուչներ

Անցած դարի 80թ.-ին միութենական «Իզվեստիա» պարբերականում մի ծավալուն նյութ կարդացի: Նվիրված էր Մոսկվայի առաջին լուսացույցի 60-ամյակին: Հոդվածագիրը պատմում էր, թե ավտոտեսչությունն ինչ ահռելի հետեւողական աշխատանք էր տարել մարդկանց սովորեցնելու՝ հարգել լուսային ազդանշանները: Անդրադարձ կար նաեւ հետագայում կառուցված ստորգետնյա եւ վերգետնյա անցումների խնդրին, որոնց օգտագործելու դերում եւս մեծ ներդրում է ունեցել ոստիկանությունը: Նույնի կարիքը մենք ենք զգում, հասկանալով նաեւ, որ ավելի հեշտ է գործ ունենալ համարակալության հետ, քան՝ հակառակի: Նշածս մանկավարժական դրույթից ելնելով՝ գիտեմ, որ եթե մարդու դաստիարակության գործով հավուր պատշաճի չզբաղվի ընտանիքը, նրան չի փրկի ոչ դպրոցը, ոչ եկեղեցին եւ ոչ էլ ոստիկանությունը: Ուրեմն ստիպված անցնենք վարորդ-տեսուչ երբեմն բարդ փոխհարաբերությանը:

Նախ՝ մի հոգեբանաիրավական նրբերանգի մասին: Վարորդին կանգնեցնելով՝ ոստիկանը ըստ էության մի փոքրիկ դատաիրավական գործընթաց է իրականացնում: Ուր ինքը, ի տարբերություն դատական եռյակի (դատավոր, պետական մեղադրող, փաստաբան), պարտավոր է միայնակ իրականացնել այդ եռամիասնությունը: Ես հասկանում եմ, որ սա մեր ոստիկանի մեղքը չէ` նա գործող համակարգից ելնելով է իր ուսադիրներին վերցրել այդ ծանր բեռը: Զարգացած երկրներում վաղուց ավանդույթ է, որ զանցանք կատարած կամ դրանում կասկածվող վարորդն առանց անձնական փաստաբանի ընդհանրապես երկխոսության մեջ չի մտնում ոստիկանի հետ: Ուրեմն հասկանալի է, թե մենք ինչ իրավաբարոյական չափանիշներ պետք է ակնկալենք ոստիկանից: Էլ չեմ ասում, որ նույն դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առնում մարդու անձը եւ նրա անցած ուղին: Փառք Աստծո, մենք այդպիսի ոստիկաններ ունենք:

Սակայն կան եւ հակառակ դրսեւորումներ: Անհարկի մոտեցումներ, կանգնեցումներ, տարեց վարորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ ընդհանրապես Դուք-ի փոխարեն Դու-ով դիմողներ, անարդարորեն խախտումներ վերագրող, երբեմն երթեւեկության կանոններին չտիրապետող, անտարբեր, իրենց վրա պատասխանատվություն չվերցնող տեսուչներ: Վերջին երեւույթից ընդամենը մեկ օրինակ բերեմ: Նույն տեղում՝ Վ. Տերյանի փողոցի միջնամասում է գտնվում Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցը: Առավոտյան ժամերին, դպրոցականների հոսքի պատճառով, այստեղ բնականաբար մեծ խցանում է առաջանում: Բուն դպրոցի դիմաց հերթապահող ոստիկանները լավագույնս են կատարում իրենց պարտականությունները: Սակայն քիչ ներքեւ, հենց Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկում, Տերյանից բարձրացող մեքենաները խցանման պատճառով փակում են Սայաթ-Նովայի փողոցից ընթացողներին: Եթե խաչմերուկում հերթապահող ոստիկանը Տերյանով վեր բարձրացող մեքենաներին թույլ տա արգելված ձախ երթեւեկումը` խցանում ընդհանրապես չի լինի: Երբ ես հորդորեցի նրանց կիրառել այդ էլեմենտար հնարքը (բա էլ ինչո՞ւ է այնտեղ, որ ըստ իրավիճակի չկարգավորի), նրանցից մեկը ինձ ասաց, որ գործ չունես` տեսախցիկը կֆիքսի: Ասում եմ՝ պարոն սպա, բայց չէ՞ որ այդ «խախտումը» վիճակագրող օպերատորը կտեսնի, չէ՞ որ Ձեր թույլտվությամբ եմ ձախ թեքվել: Ասում է՝ գիտես, ուզում ես խախտի, բայց ես մեղա…
Վերջացնելով այս բարի մտորումներս՝ կուզեմ նշել մի այլ թերացում: Տեսեք ինչ ճիշտ լուծում էր, որ վերջապես երթեւեկելի դարձրին Շահումյան հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա այդ փոքր հատվածը, որը թեթեւացրեց դեպի քաղաքապետարան երթեւեկությունը: Սակայն անհասկանալի է, թե ինչու միակողմանի դարձրին Մաշտոցի պողոտայից դեպի Թումանյան հատվածը: Կամ հին Երեւանցու փողոցից մտնելով Հյուսիսային պողոտայի հրապարակ, ինչո՞ւ չի կարելի երթեւեկել ձախ կամ ուղիղ: Եվ այսպիսի սահմանափակումները բազում են: Չէ՞ որ դա արդեն նշածս վառելանյութի եւ էկոլոգիայի խնդիր է: Հասկանում եմ նաեւ, որ դա արված է վթարային իրավիճակներից մաքսիմում խուսափելու համար: Սակայն խնդրի լուծումը նշածս եռամիասնության, արդեն, մեղմ ասած, բացահայտ աչքի զարնող թերացումների մեջ է: Խնդիրն այս տիրույթում պետք է լուծվի, այլ ոչ թե փողոցներ փակելով: Դա նույնն է, որ մեքենա վարել չիմացողն արգելի մեքենաներ արտադրել կամ շահագործել:

Եվ վերջապես՝ մի բան եմ ուզում առաջարկել իմ հայրենակից, երթեւեկության համամասնակից նշածս եռամիասնությանը` փողոց դուրս գալուն պես, միշտ պատկերացրեք, որ ձեզ վերեւից նկարահանում են: Պատկերացնում եք ինչ քաոսային, տգեղ, մեր ժողովրդին չսազող պատկեր կստացվի` անկանոն կայանված, խաչմերուկների հոծ գծերը ծուռումուռ հատած, կարմիր լույսի տակ անցնող մարդիկ, արագությունը գերազանցող եւ աննորմալ վազանցներ կատարող վարորդներ եւ որպես այս քաոսի հետեւանք` հաշմանդամություն ստացած, մահացած եւ ողբերգություն ապրող մարդիկ:
Ահա թե ինչու եմ մտորումներիս սկզբում նշում, որ մեր երկրի երթեւեկության կարգավորումը ամենագերակա խնդիրն է մեր պետության համար:
Ահա թե ինչու եմ վերնագիր ընտրել՝ «Խղճներիս մեղք չվերցնենք» կարգախոսը:

Է. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728