Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված գործարարին չեն կարողանում հուղարկավորել. «Ժողովուրդ»

Փետրվար 27,2014 11:34

Փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դաժանաբար սպանված 47-ամյա հայ գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները հայտնվել են անօգնական վիճակում։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանն ասաց, որ գործարարի հարազատները դիմել են հայ համայնքին՝ դագաղ գնելու համար գումար հատկացնելու խնդրանքով։

Նշենք, որ գործարարը սպանվել էր դանակի 6 եւ հրազենի 3 հարվածներից։ Ոստիկանության տեղական բաժանմունքի ներկայացուցչի տեղեկության համաձայն՝ կրակել են նրա գլխին ու կրծքին։

Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որտեղ կա ռեստորան, ակումբ, բիլիարդի սրահ, ինչպես նաեւ սաունա։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սպանության վարկածներից մեկը կարող է լինել գործարարի պարտքերը, որոնք մեծ չափերի են հասել։ Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ էլ այրել էին նրա մեքենան։

Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, երբ օտար երկրում հայ գործարար է սպանվում։ Դեռեւս 2013 թ. հունիսի 11-ին Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում սպանվել էր «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանը, ով Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն էր։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 2013-ի նոյեմբերի 7-ին դեսպանը վստահեցրել էր, որ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է:
Ինչեւէ, Ղրիմում սպանված հայ գործարարի սպանության շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանից հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված այդ սպանությունը եւ, առհասարակ, որքանով են ապահով մեր գործարարներն օտար երկրներում։ Դեսպանատնից պատասխանեցին. «Մենք այնտեղ ունենք հայ համայնք, որը զբաղվում է խնդրով, իսկ դեսպանը հսկում է իրավիճակը։ Այն, ինչ կատարվել է հայ գործարարի հետ, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ որեւէ կապ չունի։ Գիտենք, որ գործարարը տուն գնալուց բավականին մեծ գումար եւ ոսկեղեն է ունեցել իր մոտ եւ սպանվել է։ Նա իր բիզնեսի հետ կապված որոշ մարդկանց հետ խնդիր է ունեցել, հիմա պարզում են, թե ում հետ ինչ խնդիր է ունեցել։ Շատ դաժան սպանություն է եղել՝ ե՛ւ դանակով են խփել, ե՛ւ կրակոցներ են եղել»,- ասացին դեսպանատնից՝ նշելով, թե առայժմ ձերբակալված չկա։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728