Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայների բալանսն ԱԺ-ում կփոխվի. «Ժողովուրդ»

Փետրվար 27,2014 11:27

Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ իրեն առաջիկայում կհաջողվի իշխանությունից «մաս պոկել», այլ կերպ ասած՝ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» անել։ Այս թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ։

– Պարոն Ջուրաբյան, իշխանությունները խորհրդարանում կոճակային մեծամասնությամբ ընդունում կամ մերժում են այն բոլոր նախագծերը, որոնք իրենց ձեռնտու են։ Այս դեպքում այլեւս ոչ իշխանական ուժերի կողմից ինչ իմաստ ունի մարտի 1-ի կամ «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելը կամ թեկուզ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելը։

– Մինչեւ Կոնգրեսի մուտքը խորհրդարան, իշխանության կոալիցիան խորհրդարանում ստեղծել էր մի ճահճային մթնոլորտ, բերում էր խորհրդարան օրինագծեր, որոնք հիմնականում տեխնիկական բնույթ էին կրում, չէին համապատասխանում այն առաջնահերթություններին, որոնք ժողովրդին են հուզում, ընդհանրապես, չէին անդրադառնում այն հարցերին, որոնք հասարակական լայն հնչեղություն ունեին, կամ էլ քննարկում էին այնպիսի նախագծեր, որոնք վերաբերում էին ինչ-որ նեղ խմբակի բիզնես շահերին։ ՀԱԿ-ի մուտքը պառլամենտ եւ չորս խմբակցությունների համագործակցության ձեւավորումը թույլ տվեցին գործածության դնել 44-ից ավելի ստորագրությամբ որեւէ հարցի ընդգրկումն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ արտահերթ քննարկման ռեժիմով։ Այս մեխանիզմը մեզ թույլ է տալիս ժողովրդին հուզող հարցերը բարձրացնել պառլամենտում եւ, ըստ էության, թելադրել ժողովրդի օրակարգը պառլամենտին։ Սա իր հերթին ողջ երկրում ստեղծում է մի նոր մթնոլորտ, թույլ է տալիս ժողովրդին համախմբվել ու ակտիվանալ քաղաքական զանգվածային միջոցառումների համար։ Այնպես որ, եթե անգամ այսօր ԱԺ¬ում ֆորմալ առումով մեր ձայները դեռ չեն հերիքում փոփոխությունների համար, ապա երկրում արդեն կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք կփոխեն ձայների բալանսը՝ նաեւ ԱԺ-ում։

– Այսինքն՝ հույս ունեք ՀՀԿ-ից կտրոննե՞ր պոկել։

– Տեսեք՝ ինչ կատարվեց Ուկրաինայում, եւ ինչպես ընդդիմությունն ապահովեց անհրաժեշտ մեծամասնություն ԱԺ-ում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ դա մենք տեսնում ենք նույնքան արյունալի պրոցեսի միջոցով։ Բայց ես վստահ եմ՝ Հայաստանը, որը 1988-ից սկսած ունի թավշյա հեղափոխությունների փորձ, հենց նման թավշյա տարբերակով էլ կիրականացնի իմ ասած այդ արմատական փոփոխությունները։

– Մարտի 1-ի հանրահավաքով կարելի է ենթադրել, որ սկիզբ եք դնում նման պրոցեսի։

– Այդ հարցի պատասխանը պետք է տա ժողովուրդը։

– Ի դեպ, ՀՀԿ-ի ո՞ր թեւի վրա եք պատրաստվում հույս դնել։

– Հիմա հո բոլոր քարտերը չենք բացում (ժպտում է):

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728