Մեր նախորդ համարում նշել էինք, որ նախօրեի առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են մեր թղթակցին, ով ուսանում է այդ բուհում, եւ շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք՝ ասելով, որ իրեն ցանկանամ են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով։
Ուղեկցել են լրագրողին մի սենյակ, որտեղ սպասելիս են եղել երկու հոգի, թողել են այդ երկուսի հետ միայնակ եւ հեռացել։ Այդ անծանոթները 40 րոպե հարցաքննել են մեր թղթակցին, ավելի լավ աշխատանք, շատ փող, տուն ու ծառայողական ավտոմեքենա առաջարկել, ընթացքում նաեւ սպառնալիքներ հնչեցրել։ Երեկ նշված միջադեպի մասին զրուցեցինք Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։
– Պարոն Սիմոնյան, երեկ (նախօրեին) ձեր համալսարանում ուսանող մեր թղթակցին երկու անծանոթներ մոտ 40 րոպե հարցաքննել են, սպառնացել։ Դուք տեղյա՞կ եք այս միջադեպից, ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր համալսարանում տեղի ունեցածը։
– Ես չեմ մեկնաբանում, որովհետեւ չգիտեմ՝ ում մասին է խոսքը։ Եթե խոսքը վերաբերում է հատուկ բաժնին, ապա հատուկ բաժինը զբաղվում է նորակոչիկներով եւ նորակոչիկների գործերը նայելու եւ նրանց հետ հանդիպելու, զրուցելու իրավունք զինկոմիսարիատի աշխատակիցները ունեն, որոնք գալիս, ներկայանում են։ Թե դրանք ովքեր են, ի՞նչ ուսանողներ են, չգիտեմ։
Կարդացեք նաև
– Պարոն Սիմոնյան, այդ երկուսից մեկը ներկայացել է ոչ թե զինկոմիսարիատի աշխատակից, այլ «Հ1»-ի կադրերի բաժնի պետ եւ շուրջ 40 րոպե առանց համալսարանի աշխատակիցների ներկայության զրուցել ուսանողի հետ։ Այդ անձինք որեւէ փաստաթուղթ ներկայացրե՞լ են, ինչպե՞ս են ձեր աշխատակիցները համոզվել, թե նրանք ովքեր են։
– Ես չեմ կարող ոչինչ ասել, մինչեւ չիմանամ, թե դա ում մասին է։ Դուք չեք ասում՝ ով է, որ ուսանողն է։ Եթե դուք գիտեք՝ ասեք իմանանք, հետաքրքրվենք, գործին ընթացք տանք։
– Պարոն Սիմոնյան, ԵՊՀ-ի կադրերի բաժնից չե՞ք հետաքրքրվել, թե երեկ ինչ է տեղի ունեցել։
– Կադրերի բաժնում նորակոչիկների գործեր չկան եւ կադրերի բաժինը դրանով չի զբաղվում։ Նորակոչիկների գործով զբաղվում է միայն հատուկ բաժինը։
– Փաստորեն, ԵՊՀ-ում անվերահսկելի իրավիճա՞կ է, եւ ով երբ ուզում, ինչ ուզում անում է:
– Ինչից հանկարծ այդպես եզրակացրեցիք, որ վերահսկողություն չկա։ Յուրաքանչյուր զինկոմիսարիատի ներկայացուցիչ կարող է մտնել հատուկ բաժին եւ նորակոչիկների գործը նայել։ Թե ձեր ասածը ինչ է, ես չեմ կարող ասել։ Մեզ մոտ բանտային ռեժիմ չէ. եթե ուսանողին մոտեցել է ինչ-որ մեկը, հետը զրույցի է բռնվել, ես ինչ անեմ:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում