Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդարանական «քնարերգության» «մարգարիտների» անթոլոգիա

Փետրվար 27,2014 14:58

Համեստ բանագետի մեկնություններով

«ՀՀԿ-ն իր գործունեության ողջ կենսագրությունը կերտել է՝ անցնելով ավելի լուրջ եւ բարդ մարտահրավերներ դիմակայելու ճանապարհով, որոնք ուղղված են եղել ի շահ ժողովրդի եւ պետության»: Երդվում եմ մորուքովս՝ սա ես չեմ ասել, ոչ էլ որեւէ ընդդիմադիր պատգամավոր: Այս, ներողություն բառիս համար, միտքը արտահայտել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը (տե՛ս ):

Ես որոշել էի շարքային ՀՀԿ-ականների «գլուխգործոցներին» չանդրադառնալ (սույն մեկնությունների վերջում կհասկանաք, թե ինչու), սակայն այս «գոհարին»… Չէ, ճիշտ չասացի՝ «մարգարիտին»… Չէ, չէ՝ էլի քիչ է՝ «ադամանդին» չանդրադառնալ չէր լինի… Հապա մի նորից կարդացեք եւ վերլուծեք. ստացվում է, որ ՀՀԿ-ն իր ողջ կենսագրության ընթացքում միշտ դիմակայել է ժողովրդի եւ պետության շահերին միտված մարտահրավերներին.. Հասկացա՞ք, այսինքն՝ միշտ գործել է այդ շահերին հակառակ… Ասա, այ տիկին, ախր հայերեն սովորեք, նոր մեջլիս մտեք, էլի. ուզում էիք լավ բան ասել հարազատ կուսակցության հասցեին, բայց ստացվեց ընդհակառակը՝ միանգամայն ճիշտ բան…

Լավ, անցնենք մտքի գիգանտներին:

Այս օրերին նորից փայլատակեց Հովիկ Աբրահամյանը: Դե, քառօրյա է սկսվել, մարդը պիտի իր, էլի ներողություն բառիս համար, ուղեղի եղած-չեղածը լարելով փորձի գոնե մի երկու հոդաբաշխ խոսք ասել… Բայց չի ստացվում, չի ստացվում… Ինքն է խոստովանել՝ խելքը իր ոլորտը չի… Ահա, լրագրողները նրան հարց են տալիս Ուկրաինայի դեպքերի մասին, իսկ նա մտածելու գերագույն ճիգեր թափելով, անգամ չկարողանալով որեւէ հոդաբաշխ նախադասություն մոգոնել՝ ասում է. «Ամեն դեպքում մենք լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար» (տե՛ս ) … Դե, ի՞նչ ասեմ կամ ի՞նչ մեկնաբանեմ: Եթե լավ բան եք ուզում անել մեր ժողովրդի համար, ուրեմն լսեք խորհուրդս. Հայոց այբուբենը գիտե՞ք (մի քիչ կասկածում եմ, բայց ենթադրենք՝ տառերի կեսից շատը գիտեք), իսկ այբուբենի տառերի թվային արժեքների մասին մոտավոր գաղափար ունե՞ք (այ, սա, հաստատ, անհավատալի է, ավելի լավ է խմբակցությունում մեկին ասեք՝ կսովորեցնի): Ուրեմն, Մեսրոպյան այբուբենում գտեք 2000 թվին համապատասխանող տառը ու հենց նայեք դրան, միանգամից գլխի կընկնեք, թե ինչ պիտի անեք… Ունեցած-չունեցածը հավաքեք եւ հայդա՝ Մխչյան: Էնտեղ դուք հաստատ հայ ժողովրդին ավելի մեծ օգուտ կտաք… Իսկ երբ էս ժողովուրդը կապստամբի ու կգրավի նաեւ Զեյթունի ձեր ապարանքը, որը չի զիջում Յանուկովիչի կամ Ուկրաինայի գլխավոր դատախազի դղյակներին, այ, էն ժամանակ իսկապես մի լավ բան կարվի. էդ շենքը կդառնա համայնքային մանկապարտեզ…

Վատ է, իհարկե, որ ես չորեքշաբթի առավոտյան եմ գրում իմ այս «Մեսրոպագիրը» (որ հասցնեմ հինգշաբթի օրվա համարին) եւ հավանաբար բաց եմ թողնում չորեքշաբթիի «մարգարիտները»: Բայց ոչինչ, սույն անթոլոգիան անվերջ է: Խոստանում եմ՝ եթե բաց թողած օրերին որեւէ ուշագրավ միտք (դարձյալ ներողություն) հնչի, կարխիվացնեմ ապագա մեկնությունների համար:

Իսկ հիմա լսենք խիստ ինտելեկտուալ «քնարերգության» մի փառահեղ նմուշ.

«Կիկոսի մահը գոնե ինչ-որ տեղ կանգ էր առնվում, այստեղ շատ հեռու գնաց։ Հեքիաթի պարագայում դա թույլատրելի է, բայց խորհրդարանում դա որոշ չափով հիշեցնում է պարոնոյա…»։ Սա Դավիթ Հարությունյանն է ասել (տե՛ս ): Չէ, հեքիաթներ մեկնաբանելը, հաստատ, նրա բնագավառը չի, իրենը չի, էլի,… Թե չէ, կիմանար՝ Կիկոսի մահը ոնց է «կանգ առնվում»… Ճի՛շտ է՝ Կիկոսի քելեխով… Բա որ Կիկոսի քելեխը չեք տվել, ո՞նց եք կանգ «առնվում», պարոն Հարությունյան… Համ էլ՝ էդ ո՞ւմ նկատի ունեիք Կիկոս ասելով եւ էդ ո՞ւմ մահն եք տենց տենչում, ո՞ւմ քելեխին եք պատրաստվում, էս ի՞նչ ակնարկներ են…

Բայց սա Դավիթ Հարությունյանի ելույթի միակ «մարգարիտը» չէր: Ահա հաջորդը (թե ինչո՞ւ էր հեքիաթները հիշել, ինքը կիմանա). «Այդ զանգ կախելու եւ ճառ ասելու պատմությունը չարժե, որ հիշեցնեմ»: Ու էստեղ երեւի ԱԺ նախագահությունում, ոնց որ կասեր մեր հարեւանի 5-ամյա որդին՝ «դը-դը-դը-դըըըըմմմմ…»: Ես չեմ տեսել այս ելույթի պահին Հովիկ Աբրահամյանի դեմքը… Բայց պատկերացնում եմ, թե ինչ է կատարվել վերջինիս նրբազգաց հոգում, երբ Դավիթ Հարությունյանը խոսել է «զանգ կախելու եւ ճառ ասելու» մասին… Լավ չի, պարոն Հարությունյան, լավ չի ավագ գործընկերոջ, էն էլ ըստ սահմանադրական հիերարխիայի՝ պետական իշխանության երկրորդ դեմքի հասցեին նման ակնարկներ անել, սխալ կհասկանան, կպատժեն ձեզ, եւ խորհրդարանը կզրկվի քիչ թե շատ կրթություն ստացած մի պատգամավորից… Լավ է գոնե, որ շուտ գլխի ընկաք եւ ասացիք, թե պետք չէ հիշեցնել… բա որ հիշեցնեիք… Ախր դա «Մկների ժողովից» է… Հասկացա՞ք… Պետք չի, ոչ մեկս չենք ուզում մեր դարաշրջանի «միտք, պատիվ ու խիղճ» համարվող կուսակցության պառակտումը ինչ-որ մկան ու նրա ժողովների հիշատակման պատճառով…

Եվ ընդհանրապես, պարոն Հարությունյան, սրանից հետո հեքիաթներ հիշելիս զգույշ եղեք. արդեն հասկացաք, երեւի, որ «Մկների ժողովը» պիտի բացառեք, բայց պիտի բացառեք նաեւ «Քաջ Նազարը»: Դե, հասկանո՞ւմ եք, հարազատ կուսակցության աջակցությամբ բարձր պաշտոնների հասած մարդիկ հանկարծ ատամ չսրեն ձեր դեմ՝ ասելով. «Այդ ի՞նչ եք ակնարկում, պարոն…»: Ներողություն, ներողություն, նրանք էդպես չեն ասի, կասեն՝ «էդ ընձի ես նամիկատ անո՞ւմ, ապե…»: Հա, մեկ էլ, պարոն Հարությունյան, հեքիաթներին անդրադառնալիս հանկարծ «Մաուգլի» մուլտիկն էլ չհիշեք: Ախր հենց հիշեցնեք, մեր աչքի առջեւ ոչ թե Մաուգլին, Բալուն կամ Կաան են հայտնվելու եւ ոչ անգամ Շեր-Խանը, այլ վերջինիս շուրջը պտտվող էն փոքրիկ, գետնաքարշ արարածը, հիշո՞ւմ եք. «а мы идем на север…»…

Ի դեպ, այդպիսիների մի խումբ եւս էս օրերին լրացրեց «քնարերգության» «մարգարիտների» անթոլոգիան…

Սակայն դրանց հեղինակներն էնքան պստլիկ են, որ ափսոս է իմ զինանոցի՝ արջորսի համար նախատեսված գնդակներով կրակել այդ ծլվլոցների ուղղությամբ…
Բա մեղք չե՞ն թռչնակները…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728