Լրահոս
Օրվա լրահոսը

Հարաբերական չափանիշներով

Փետրվար 27,2014 13:45

Դուք կարո՞ղ եք պատկերացնել որեւէ վատ ջութակահարի, որը, գիտակցելով իր սահմանափակ հնարավորությունները, այնուամենայնիվ, արդարացնում է իր սարսափելի կատարումները՝ նշելով, որ աշխարհում կան իրենից վատ ջութակահարներ: Ինքնին այդ վերջին պնդումն անվիճելի է. միշտ վատից ավելի վատը կգտնվի, տխմարից՝ ավելի տխմարը, ստորից՝ ավելի ստորը:

Որքա՛ն տխուր է այն մարդկանց կյանքը, ովքեր նպատակ են դրել մրցել վատերի հետ եւ մխիթարվել նրանով, որ նրանք ամենավատը չեն: Նույն տրամաբանությամբ ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները հպարտորեն արձանագրում են, որ Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը կամ, ասենք, Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ մենք պետք է նրանց հետ համեմատվենք եւ ոչ թե ձգտենք ժողովրդավարության բարձր եւ կոռուպցիայի ցածր մակարդակով ավելի լավը լինել, քան Նորվեգիան է կամ Դանիան: Ոչ մի առարկայական խոչընդոտ դրա համար չկա:

Տնտեսական վիճակը, այո, մի 20-30 տոկոսով ունի օբյեկտիվ հիմքեր, բայց քաղաքական համակարգի հասունությունը 100 տոկոսով կախված է քաղաքական վերնախավի եւ քաղաքացիների կամքից: Կողմնորոշվել վատ օրինակներով եւ հարաբերական չափանիշներով՝ նշանակում է անհատական եւ ազգային մակարդակներով հետընթաց ապրել: Ենթադրենք, դուք պատգամավոր եք եւ ամեն օր հիմարություններ եք դուրս տալիս: Երբ որեւէ մեկը դրա վրա ուշադրություն է դարձնում, արդարացումը պատրաստ է՝ «իսկ իմ ընդդիմախոսներն ինձնից լա՞վն են»: Այսինքն՝ մարդիկ թե՛ քաղաքականության եւ թե՛ այլ ոլորտներում ձգտում են ոչ իրենք իրենցով, իրենց առաջ դրված բացարձակ չափանիշներով լավը լինել, այլ հակառակը՝ «վատը լինելու» գործում չզիջել իրենց ընդդիմախոսներին: Վերջիններս էլ՝ ղեկավարվելով այդ նույն չափանիշներով, ձգտում են է՛լ ավելի վատի: Դրանից հետո արժե՞ արդյոք զարմանալ, թե ինչու է մեր քաղաքական բանավեճի մակարդակն այնքան ցածր: Ընտրություններից առաջ խոսում եմ կուսակցություններից մեկի ներկայացուցչի հետ: «Ինչո՞ւ եք,- ասում եմ,- ընտրակաշաք բաժանում»: Պատասխան. «Բա որ սրանք բաժանում են, մենք ո՞նց չբաժանենք: Կարո՞ղ ա հարիֆ ենք: Ձեւը սենց ա, բան չես կարող անես»: Բայց այդ վատ «ձեւի» մեջ, որը նշանակում է հասարակության կատարյալ այլասերում, հնարավո՞ր է արդյոք որեւէ դրական արդյունքի հասնել: Իսկ գուցե փորձել մահանա չբերել մրցակիցներիդ, տարբերվել նրանցից եւ ստեղծել քո սեփական չափանիշները: Ռիսկը, իհարկե, մեծ է: Բայց հաջողության դեպքում շահումն էլ է մեծ: Դրա այլընտրանքը ճահճի մեջ նստելն է ու գորտերի երգչախմբին մասնակցելը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Վերջին տարիներին դուրս եմ եկել “ճահճից” եւ չեմ մասնակցում “գորտերի երգչախմբին”, ստեղծելով սեփական կյանքի գոյության չափանիշներ: Լեռները “գորտերի” համար չեն:

  2. Վահան says:

    Շատ ճիշտ դիտարկում է Աբրահամյան ջան: Նույն այդ համեմատության արդյունքում է, որ ունենք չհիմնավորված վճարովի ավտոկայանատեղեր, չհիմնավորված մաքսային ու հարկային համակարգ: Եթե կարողանանք մեր կենսակերպը կազմակերպել ոչ թե նայելով դրսի վատ օրինակներին, այլ` թեկուզեւ ուտոպիստական, բայց լավ օրինակներին (սա այն դեպքերի համար, երբ ինքներս ի վիճակի չլինենք մերը ստեղծելու, ինչպես աշխարհում ինչ-որ մեկը ստեղծում է որեւէ նոր բան` առանց դրա նախատիպը ունենալու), այ այդ ժամանակ էլ կսկսենք լավ ապրել: Բայց այս գաղափարները, ինչպես նշել էիք Ձեր հրապարակումներից մեկում դեմ են ընդհանուր հոսանքին, եւ, հետեւաբար, նախեւառաջ դժվար ընկալելի: Արդյունքում ունենք այն` ինչ ունենք:

  3. Garegin says:

    Համամիտ եմ հեղինակի հետ, այն առումով, որ պետք չէ այլոց հետ համեմատվել: Անհասկանալի ներկան, անորոշ ապագան, պատմական կնճռոտ անցյալը հայի մտածելակերպի վրա շարունակաբար ազդելով մեր տեսակին խիստ յուրօրինակ է դարձրել: Ի դեպ յուրօրինակ է նաև այն, որ մենք զարմանալիորեն հանդուրժում ենք տարաշխարհիկ թվացող մեր իշխանությունների գործելաոճը: Մենք մեր այսօրը պետք է համեմատենք միայն մեր երեկվա հետ, վեր հանենք տարբեր իրավիճակներում մեր տեսակի դրսևորման ձևերը, առանձնակի ուշադրություն դարձնելով իշխանությունների՝ մեր և ուրիշի, կայացրած որոշումների նկատմամբ ժողովրդի ընդվզումներին և փորձենք այդ ամենի հիման վրա կառուցել մեր տեսակին ղեկավարելու մոդելը: Կեղծ դեմոկրատիան՝ իշխանությունների մասին ասել ու գրել ամեն բան, ինչը պարբերաբար իշխանությունները խոսքի ազատություն են անվանում, միանշանակ փակուղի է տանում, փակուղի, որովհետև հետադարձ կապը չկա, իսկ ընտրության ներկայիս տխրահռչակ ձևը հայելային անդրադարձն է ինշխանությունների շնորհիվ ունեցվածքի տեր դարցած մարդուկների:

  4. Rafael says:

    Ես միայն համաձայն չեմ այդ ընդիմախոս,քաղաքական հակառորդ և այլ լուրջ բառերի հետ,որոնք կիրառված են հոդվածում և վերաբերվում են Հայաստանի քաղաքական դաշտին և գործիչներին։Ախր հազար կիլոմետրից էլ պարզ երևում է,որ Հայաստանում առհասարակ պայքար չկա հատկապես քաղաքական դաշտում,բոլորն իրար քիթ մտած թալանում են ժողովրդին և միայն այդքանը։Այդ որտեղ է երևում այդ պայքարը անկեղծ ասած չեմ հասկանում։ Բոլոր գլոբոլ հարցերով բոլորը միակարծիք են էլ ինչ կոնկուրենցիյա,հետո խնդրում եմ Հայաստանը լուրջ և բազմաշերտ երկրների հետ,օրինակ հզորագույն ՌՖ-ի մի համեմատեք իրոք դա ծիծաղելի է։

  5. Hayk says:

    А вы–представители 4-й власти, хорошо выполняете вашу работу??? По моему, 90% ваших коллег (из всего сми) абсолютно неправильно выражают настроение населения,не говоря уже об отдельных! Например одна газета пишет только про одного человека кааааждый день!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728