Լրահոս
Օրվա լրահոսը

Հօգուտ Հայաստանի բռնագանձվեց 1016 հատ ակնոց

Փետրվար 26,2014 21:46

Երեւանի բնակիչ, 1987թ. ծնված Վահե Մելքոնյանը Վրաստանում ձեռք է բերել 1016 հատ տարբեր տեսակի ակնոցներ, 44 հատ ակնոցի ոսպնյակներ եւ 11 հատ ակնոցի տուփեր՝  ընդհանուր 2 միլիոն 759 հազար 200 դրամ արժողությամբ:

Հայաստան գալուց առաջ նա նշված իրերը բաժանել է 3 մասի,մի մասը թաքցրել  իր վարած  «ԲՄՎ-525»  մակնիշի ավտոմեքենայի  բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի ծածկոցի հետեւի մասում, մի մասը՝ սրահի նստատեղի հետնամասում, երրորդ մասը՝ հետեւի նստատեղերի ոտնատեղերի մոտ: 2013թ. օգոստոսի 28-ին  Վրաստանից Բագրատաշենի անցակետով ժամանելով Հայաստան, նա մաքսային ծառայության աշխատակիցների բանավոր հարցին պատասխանել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի եւ հիշյալ ապրանքները դուրս է հանել մաքսային հսկողության գոտուց, սակայն իրականացված մաքսային հսկողության  արդյունքում ավտոմեքենայից հայտնաբերվել են մաքսանենգությամբ  Հայաստան տեղափոխված իրերը:  Վ. Մելքոնյանին նկատմամբ քրեական գործ է  հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին  ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս»  կայքի՝ մինչ դատաքննությունը սկսվելը Վ.Մելքոնյանը միջնորդել է  դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել է,որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է  դրա հետ: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

2014թ. փետրվարի 7-ին  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  նախագահ Սամվել Մարդանյանը Վ. Մելքոնյանի նկատմամբ պատիժ սահմանելիս, որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել նրա կողմից անկեղծորեն զղջալը, նախկինում արատավորված չլինելը, խնամքի տակ անչափահաս մեկ երեխա ունենալը: Դատարանը Վ.Մելքոնյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքով եւ դատապարտել 1 միլիոն դրամ տուգանքի: Դատարանը վճռել է կիրառել  «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի  2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը եւ ամբաստանյալին ազատել  տուգանքից: Դատավճռով մաքսային պահեստում գտնվող, մաքսանենգ ձեւով ներկրված 1016 հատ ակնոցները, 44 հատ ակնոցի ոսպնյակները եւ 11 հատ ակնոցի տուփերը կբռնագանձվել են  հօգուտ Հայաստանի հանրապետության:

Հավելենք, որ Տավուշի մարզի դատարաններում շատ են Վրաստանից Հայաստան  հեռախոսների եւ նոթբուքների  մաքսանենգ ներկրման գործով դատական գործերը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728