Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկները դիմում են առողջապահության նախարարին

Փետրվար 26,2014 21:12

«Aravot.am»-ը ստացել է Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղղված հետեւյալ նամակը.

 

Հարգելի պարոն Դումանյան,

Ձեզ են դիմում «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Ավանի հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների գերակշռող մեծամասնությունը:

Ակնկալելով Ձեր արդարամտությունը` ցանկանում ենք ներկայացնել Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Արեգա Ռոբերտի Հակոբյանի իրական կերպարը` հույս ունենալով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ լուծարումից հետո նրան այլևս չտեսնել մեր կլինիկայում:

Միայն սեփական գրպանի պարունակությամբ մտահոգ, բնակչության հոգեկան առողջության համար կարևորագույն նշանակություն ունեցող և իր կողմից ղեկավարվող բուժհաստատությունը որպես «դուքան», իսկ իր պաշտոնը` որպես «խոպան» դիտարկող անձն իրավունք չունի գտնվել մեկ շարքում բարեխիղճ, հմուտ, հարգանքի արժանի, իրենց հիվանդների ապաքինմամբ մտահոգ և հոգատար բժիշկների հետ:

Արեգա Հակոբյանը հոգեբուժական ախտորոշում ունեցող հիվանդին, հիվանդի հարազատին և նույնիսկ իր ղեկավարությամբ աշխատող բժշկին դիտարկում է միայն որպես եկամտի աղբյուր` քայլող-խոսող թղթադրամ:

Չունենալով կլինիկայի ղեկավարին վայել գիտելիքների  պաշար և միայն ու միայն իր բարեկամական-ընկերական կապերի շնորհիվ որպես նվեր ստանալով կլինիկայի ղեկավարի պատասխանատու և կարևոր պաշտոնը` Արեգա Հակոբյանն իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում կլինիկայում աշխատող բուժանձնակազմի գերակշիռ մասի նկատմամբ մշտապես ցուցաբերել է վիրավորական, նվաստացուցիչ, արհամարհական և անհարգալից վերաբերմունք:

Իր անձնական ամբիցիաները բավարարելու և ինքնահաստատվելու համար, ցուցաբերելով կլինիկայի ղեկավարին և բժշկին անհարիր  վարք, գործածելով անկիրթ, անդաստիարակ մարդուն բնորոշ ժեստեր և արտահայտություններ` Արեգա Հակոբյանը կարող է, առանց խղճի խայթի, անհարգալից և լկտի վերաբերվել նույնիսկ իրենից տարեց և փորձառու բժիշկների նկատմամբ` ողջ կոլեկտիվի առջև անվանելով նրանց խոսքն, օրինակ` «մանկական թոթովանք», այդպիսով խախտելով սուբօրդինացիայի և պատշաճ գործընկերային փոխհարաբերությունների բոլոր նորմերը:

Արեգա Հակոբյանը հիմնականում կլինիկա է գալիս ուշացումով, կլինիկան լքում է աշխատանքային օրվա ավարտից շուտ` այդպիսով տեղյակ չլինելով կլինիկայի առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրներին, արհամարհելով թե’ հիվանդների, թե’ կլինիկայի աշխատակազմին հուզող հարցերը, չմտահոգվելով և որևէ կերպ չաջակցելով բժիշկներին  իրենց դժվարին աշխատանքում:

Բժիշկների և հիվանդների հանդեպ արհամարհական և լկտի վերաբերմունքի դրսևորումն սկսվում է աշխատանքային օրվա ամենասկզբից, երբ առավոտյան նրա ուշացումների պատճառով բոլոր բժիշկները ստիպված են լինում գրեթե յուրաքանչյուր օր 20-30 րոպե սպասել կլինիկայի ղեկավարի աշխատասենյակի դիմաց նրա գալուն` առավոտյան ժողովներն անց կացնելու նպատակով: Այդպիսով խաթարվում է կլինիկայի բոլոր բաժինների աշխատանքը` ներբաժանմունքային պարտադիր համայցերը, հիվանդների ամենօրյա զննությունն ու զրույցները: Փոխարենը, նա գրեթե երբեք չի բարեհաճում զգուշացնել իր ուշացման մասին կամ գոնե ներողություն խնդրել մոտ երկու տասնյակ բժիշկներին սպասեցնելու համար:

Նմանատիպ իրավիճակ է թերևս յուրաքանչյուր աշխատանքային օր: Հիվանդներն ու նրանց հարազատները ստիպված են ժամերով կանգնել կլինիկայի ղեկավարի և նրա մտերիմ ընկերուհու կամ կցորդի` դիսպանսեր բաժնի վարիչի  դռների առջև` իրենց հուզող որևէ խնդրի պատասխան ստանալու նպատակով, մինչև վերջիններս կավարտեն իրենց սուրճ և թեյ ըմպելը, իրենց նոր գնված հագուստի, օծանելիքի կամ այլ իրերի «մոդայիկ» ցուցադրությունները:

Կլինիկայի ղեկավարի «թեթև ձեռքով» Ավանի հոգեբուժական կլինիկան վեր է ածվել իր և իր մի քանի թիմակիցների համար բիզնես օբյեկտի և հեշտ եկամուտներ ստանալու վայրի: Վճարունակ և ապահովված հոգեբուժական ախտորոշում ունեցող հիվանդները կամ նրանց հարազատներն, ովքեր ի վիճակի են  ահռելի գումարները «վճարել», ճանաչվում են հոգեպես առողջ, ինչի արդյունքում ստանում են ավտոմեքենա վարելու, երբեմն նաև զենք կրելու իրավունք: Իսկ հոգեբուժական դիսպանսերում հաշվառման մեջ չգտնվելու մասին տեղեկանքները մինչ վերջերս ապօրինաբար տրվում էին 5.000 դրամի վճարելու դիմաց` յուրաքանչյուր օրվա վերջում լցնելով մեր կլինիկայի ղեկավարի գրպանը շուրջ 100.000 դրամով:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել` յուրաքանչյուր օր: Հավանաբար, դրա շնորհիվ էլ մեկ տարվա ընթացքում ընդամենը մի քանի տասնյակ հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող կլինիկայի ղեկավարը կարողացավ Բալահովիտի մերձակայքում կառուցել իր շքեղ ամառանոց-առանձնատունն ու կահավորել այն:

Հարգելի պարոն Դումանյան, հայկական հոգեբուժության դպրոցն ու ծառայությունը միշտ համալրված են եղել խորհրդային և հայկական հոգեբուժության ոլորտում մեծ ավանդ ունեցող և հարգված պրոֆեսիոնալներով:  Մենք` Ավանի կլինիկայի բժիշկներս, աշխատել ենք խորհրդային և հայկական հոգեբուժության բարձր պրոֆեսիոնալիզմ և բարոյական լավագույն հատկանիշներն ունեցող, մեծ հռչակ վայելող գիտնականների, պրոֆեսորների, դոցենտների հետ և նրանց ղեկավարությամբ: Առողջապահության հատկապես ա’յս ոլորտում պարտադիր է լինել բարեխիղճ, և ունենալ բարձր պրոֆեսիոնալիզմ: Մեղմ ասած` Արեգա Հակոբյանն աչքի չի ընկնում բարեխղճությամբ, պրոֆեսիոնալիզմով ու կարգապահ ղեկավարի հատկանիշներով:

Պարոն նախարար, նման անպատասխանատու, անպարկեշտ, անբարոյական և կոռումպացված անձնավորության հետ աշխատել միևնույն կոլեկտիվում այլևս անհնար է: Ոտնահարվում է մեր կլինկայի բժիշկների, միջին բուժանձնակազմի և մյուս աշխատակիցների արժանապատիվ աշխատելու իրավունքն ու պատիվը: Ուստի խնդրում ենք Ձեր աջակցությունը և օգնությունը` «Արեգա Հակոբյան» պատուհասից Ավանի հոգեբուժական կլինիկայի աշխատակիցներիս ազատելու համար:

Հ.Գ. Հաշվի առնելով վերոհիշյալ անձին բնորոշ որոշ հատկանիշները,  նրա ունեցած բարեկամական-ընկերական-սիրային լուրջ կապերը` գրությունը թողնում ենք անստորագիր` հայցելով Ձեր ներողամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ինչպիսի զրպարտություն.. Ակնհայտ է ,որ նախարարին ուղղված նամակը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը, քանի որ մի խումբ ստոր, նախանձ մարդիկ չներկայանալով պարզապես ցույց են տվել իրենց իրական դեմքը՝ վարկաբեկելով մի մարդու, որն օժտված է բարձր մարդկային հատկանիշներով, վայելում է շրջապատի հարգանքը և որպես մասնագետ ունի բարձր որակավորում: Ճշմարիտ տեղեկատվությունը՝ Ավանի հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանի մասին, իր կոլեկտիվի կողմից հստակ նշվում է երկրորդ՝ ժխտողական նամակում:

  2. Սաթենիկ Շաթիրյան says:

    Նկատելի է որ <> անունից ներկայացող այս նամակի հեղինակը, այն գրել է ելնելով ոչ թե աշխատողների կամ հիվանդների շահերից, այլ անձնական նկատառումներով` Արեգա Հակոբյանին վարկաբեկելու նպատակով: Ես ուրախ եմ, որ իրական ճնշող մեծամասնության կողմից արձագանքը չուշացավ: Աշխատողների հրատապ արձագանքն այս հերյուրանքին վկայում է Արեգա Հակոբյանի հանդեպ նրանց հարգանքի և նվիրվածության մասին:

  3. Արթուր Ֆիդանյան says:

    Անստորագիր նամակ գրելը ստորություն է, իսկ հրապարակելը՝ կրկնակի ստորություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728