Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եվ ինչո՞ւ Գուրզադյանն արժանի չէր պանթեոնին

Փետրվար 26,2014 20:45

Այն մարդիկ, ովքեր իրերի բերումով երբեւէ առաքելություն են ունենում տնօրինելու Մեծ թաղվողների ճակատագրերը, պիտի ըմբռնեն իրենց առաքելության իրերի բերումով լինելու հանգամանքը:  Պատասխանատվությունը բեռ է, որ ժամանակին ենթակա չէ: Թաղվելու տեղը Մեծ թաղվողների համար բացարձակ նշանակություն չունի: Այն բացառապես նշանակություն ունի ապրողների համար, հատկապես՝ գալիքում ապրողների:

Հեկտարանոց գերեզմանոցներն ու գրանիտե շքեղաշուք դամբարանները նրանց համար են, ովքեր միայն այդ կերպ հիշվելուն են դատապարտված: Աշխարհի շատ հանճարներ ամփոփված են փոքրիկ մի հողակտորում ու նրանց հիշատակը հավերժացնում է փոքրիկ մի հուշատախտակ, հաճախ՝ անշուք, բայց նրանք դարերով ապրում են մարդկության հիշողության մեջ:

Աստծո առաջ բոլորն են հավասար, անշուշտ, բոլորն են մահկանացու, բայց ինչ էլ անենք, անգերեզման Չարենցն ավելին է, շատ ավելին, քան գրանիտե դամբարաններում ննջող շատ ու շատ անիմաստ կյանքեր: Թումանյանի հանճարը չխամրեց, երբ նրա աճյունն ամփոփված մնաց  ոչ իր հայրենիքում, իսկ սիրտը՝   տարիներ շարունակ անթաղ: Սեւակի շիրիմն իր հեռավոր գյուղում սրբավայր է, իսկ պանթեոնում ծվարած պատահական անցորդների շատ տապանաքարեր, նույնիսկ կարմրագրանիտ դամբարաններ հարգանքի են կարոտ: Լեւոն Խեչոյանի թարմ շիրիմն էլ հեռու է պանթեոններից եւ այսպես հարյուրավոր օրինակներ մեծ ու փոքր ազգերի կյանքից:

Իսկ Գրիգոր Գուրզադյանն այլեւս տասնյակ տարիներ իր հավերժական տեղն ունի տիեզերքի անսահմանության մեջ, եւ ոչ թե սովորական ճամփորդի տեղը, ինչպես բոլոր հասարակ մահկանացուներս, այլ այդ տիեզերքի անսահմանությունը նվաճած հանճարեղ հայի տեղը: Գրիգոր Գուրզադյանը համաշխարհային ճանաչում ունեցող մեծագույն հայ է, ականավոր հայ, ումով սիրում են երկիրը, ումով տարածքը հայրենիք է դառնում, հայրենիքը՝ պետություն, ումով չափվում է ազգի բարոյականությունը, ումով քեզ նույնականացնում ես ինքնությանդ հետ:

Նրա անունը հայ հանճարների գեղեցիկ ու անվիճարկելի անունների շարքում է վաղուց եւ ուրեմն ինչո՞ւ է ամոթի զգացումն այն իրողությունից, որ Գրիգոր Գուրզադյանին հուղարկավորեցին Երեւանի քաղաքային պանթեոնում եւ ոչ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, որն ընդունված է հայոց մեծերի պանթեոն կոչել: Ի վերջո այդ նույն քաղաքային պանթեոնում են հուղարկավորված Երվանդ Քոչարն ու Մինասը, Արտեմ Ալիխանյանն ու Առնո Բաբաջանյանը եւ շատ-շատերը մեր ազգի մեծանուններից:

Մենք չունեցանք այն պետությունը, որ կարողանար ոչ միայն ոչնչացնել խորհրդային արժեհամակարգային կարծրատիպերը, այլեւ վերաիմաստավորեր անցյալը, ձեւավորեր իր արժեհամակարգային փիլիսոփայությունը, ավանդույթներ ձեւավորեր, լուծումներ գտներ, որ հայոց մեծերի մեծ լինելը չորոշեին պալատական խարդավանքներում, կամ պալատական խարդավանքների արդյունքում  սովորական մահկանացուներին կամ օժտվածներին հայոց մեծ չկարգեին:

Որոշիչը, ինչպես Քոչարին հայոց մեծ չկարգած ու քաղաքային պանթեոն տարած երկրում, մնաց մեդալը, տիտղոսը, կոչումը, հետնորդների զոռբայության աստիճանը, մեռնողի սերը առ պալատն ու պալատականները, պալատատիրոջ կամեցողությունը, պաշտոնում մեռնելը ու էլի նման արատներ:

Ավելին՝ մենք ունեցանք մի պետություն, որն ավելի ունայն է, քան Չարենցին սպանած երկիրը, որի կառավարիչները, ցավոք, ավելի են Չարենցին սպանած երկրից, քան էին այդ երկրի կառավարիչները ու ավելի տկար են մտքով ու անհաղորդ են  արվեստին ու մշակույթին, ու անփառունակ են հոգու գործերում, ինչպես բոլոր մտքով տկարները: Նախկինները, եթե նույնիսկ երեսպաշտորեն,  եթե նույնիսկ «սպանելուց» հետո, գոնե գիտեին հայոց մեծերին ծեսով հուղարկավորել: Թաքնվելու համար, թե՝ պարզերես մնալու, կարեւոր չէ:

Այսօր ոչ թաքնվողներ կան, ոչ, առավելեւս պարզերես մնալու մասին հոգացողներ: Հին դարերից մնացած երկու ստանդարտ ցավակցական, երեք՝ առավելագույնը,  անհաղորդ այցելություններ ու մի անշուք պատվանդան՝ հատկապես ոչ յուրայինների համար: Իսկ Վեհափառն օրհնում է պաշտոնավոր պսակադրություններ: Ոչինչ, որ մեծերին հավերժություն են ճանապարհում մոլեր օրհնող քահանաները:

Ուրեմն ամոթի զգացումը պետությունից է, պետության համար եւ ոչ երբեք Գրիգոր Գուրզադյանի: Գուրզադյանն այս ամենի համար արդեն ամաչել նույնիսկ չի կարող: Նա իր հետ ոչ միայն մեծագույն գաղտնիքներ տարավ, այլեւ իր ավերված տիեզերական կենտրոնի, իր կյանքի անտեսված շրջանի ու իր անտեսված գիտության համար մեր ամոթը: Նա մեզ ուզում էր բարձրացնել տիեզերք: Մենք մնացինք գետնին: Ու մեզ մնաց նրան գետնին մնացածների նման հուղարկավորելու ամոթը:

Գոնե հայոց մեծերի հարցում կողմնորոշվեք, հայոց մեծերի հարցում գոնե այդքան անհաղորդ մի եղեք, մի խարդավեք պարոնայք պալատականներ: Դուք ձեզ եք փրկելու:

 

 Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Հարգելի Արայիկ Մանուկյան, նախ իշխանիկները պետք է պատկերացում ունենային աշխարհահռչակ հայ գիտնականի մասին, որ գնահատեին նրա մեծությունն ու վաստակը…և Կոմիտասի անվան պանթեոնում նրան հուղարկավորելն, անշուշտ, մնացողներին ու գալիք սերնդին էր պետք և ոչ հանգուցյալին…աղն է կերել մատաղը…

  2. Աննա says:

    ԲՌԱՎՈՈՈՈՈՈՈ…..խոսքեր չկան:

  3. Միսաք Գալոյան says:

    Ապրես Արայիկ ջան, շատ շիտակ ու դիպուկ է ասված։ Չափազանց հուզվեցի և, միևնույն ժամանակ, ընկճվածությունս ու վիրավորանքս փարատվեց, որն առաջացել էր մեր «այրերի» վարմունքից։ Իրոք, որ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԸ վաղուց հողագնդի վրա չի, այլ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ՝ իր պոեզիայով, երաժշտությամբ, գիտությամբ հանդերձ։ Իսկ ինչ վերաբերվում է Կոմիտասի անվան Պանթեոնին, այն արդեն պատահական կենվորներով դարձել է փնթի ու ճղճիմ հանրակացարան։ Ու ճիշտ կլինի այնտեղից տեղափոխել մեր բոլոր Մեծերին ու անվանափոխել այն, ասենք՝ Մատնաչափերի պանթեոն։

  4. Անի says:

    Կեցցեք Արայիկ Մանուկյան:

  5. Նուշիկ Միքայելյան says:

    Ամեն ինչ հրաշալի է ասված…Մեկնաբանությունները կլինեն ավելորդ…

  6. Դիանա Գուրզադյան says:

    Վատ մի զգացեք: Կոմիտասի անվան պանթեոնում արդեն այնպիսի մարդիկ են թաղված, որ վաղուց այն իր կարևորությունն ու արժանապատվությունը կորցրել է:

  7. Շուշան says:

    հրաշալի է ասված.Պանթեոնին, այն արդեն պատահական կենվորներով դարձել է փնթի ու ճղճիմ հանրակացարան։ Ու ճիշտ կլինի այնտեղից տեղափոխել մեր բոլոր Մեծերին ու անվանափոխել այն, ասենք՝ Մատնաչափերի պանթեոն։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/02/26/435520/?fb_action_ids=593349394089548&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map=%5B216673891862340%5D&action_type_map=%5B%22og.likes%22%5D&action_ref_map=%5B%5D

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  8. Գեւորգ says:

    Ըստ ամենայնի՝ ներկա ,,արժանավորների,, համար booking է արվում …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728