Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ո՞վ սպանեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին. (Տեսանյութ)

Փետրվար 26,2014 20:36

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լսեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի երկու փաստաբանների` Լուսինե Սահակյանի ու Հունան Բաբայանի պաշտպանական ճառը: Նշենք, որ չնայած ամբաստանյալը հացադուլ ու ջրադուլ էր հայտարարել` ի նշան բողոքի, սակայն ասաց, որ ի վիճակի է մասնակցել դատական նիստին: Այս անգամ  դատին մասնակցում էին  երկու կողմերի  հարազատներն ու ընկերները: Նույնիսկ Գյումրու  քահանաներից մեկն էր նստած դահլիճում:

IMG_1185

Լուսինե Սահակյանը,  դրվագ  առ դրվագ անդրադառնալով Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությանը,  ներկայացրեց իր հակափաստարկները` պնդելով, որ Հարություն Սարգսյանը աղերս չունի մարդասպանության հետ: Փաստաբանի պնդմամբ, խանդի հողի  վրա սպանություն կատարելու վարկածը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ապացուցվել է այն փաստը, որ Հարություն Սարգսյանը Վարդան Ղուկասյանի դստերը չի ճանաչում, ինչպես որ չի ճանաչել նաև նրա փեսացուին` Կարեն Եսայանին: «Ըստ մեղադրանքի, Հարություն Սարգսյանի հայրը գնացել է խնամախոսության ոչ թե Ղուկասյանների տուն, այլ քաղաքապետարան, սա տարօրինակ է,  վառ երևակայության դրսևորում», -ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նաև անդրադարձավ Կարեն Եսայանի հոր` Ռազմիկ Եսայանի դատարանում տված այն ցուցմունքին, թե նախքան իր որդու սպանությունը, Գյումրիից Երևան ուղևորվելիս Հարություն Սարգսյանը ճանապարհին հետևել է իրենց իր արծաթագույն «Մերսեդեսով» ու վթարավտանգ իրավիճակ է ստեղծել: «Ռազմիկ Եսայանը այնքան բարոյականություն ունեցող մարդ է, որ սուտ խոսելուց հետո  արագ ուղղեց այն `դատարանում հայտնելով, որ ինքը Հարություն Սարգսյանին առաջին անգամ տեսել է ոստիկանությունում: Պատկերացրեք,  եթե Ռազմիկ Եսայանը Հարություն Սարգսյանին մինչ այդ տեսար լիներ, ոստիկանությունում նրա հետ հանդիպելիս  չէ՞ր ասի` այ տղա, դու էն տղեն չէի՞ր, որ քշում էիր մեքենան  մեր վրա: Այս մարդը ստիպված էր սուտ խոսում, բայց էնքան բարոյական գտնվեց, որ արագ հրաժարվեց իր ստից, բայց մեղադրական կողմը շարունակում է պնդել այդ սուտը»-, ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը նաև հայտարարեց, որ Հարություն Սարգսյանը «13 TT» համարանիշով մեքենա չի ունեցել, որը այդպես էլ մնաց մեղադրանքի մեջ: Այնուհետ փաստաբանը հայտնեց իր ենթադրությունը առ այն, Կարեն Եսայանին սպանել են ոչ թե ժամը 10.05 սահմաններում, այլ առնվազն 10.40-ից հետո: «Կարեն Եսայանին զանգահարել  է ընկերը, սակայն նա այդ ժամին ասել է, որ ծանոթի է հանդիպել, հետո կզանգի  ու չի զանգել: Որ այդ ծանոթը  չէր կարող   Հարությունը լինել, դա արդեն  ապացուցված է , նրանք ծանոթ չեն, սակայն այս փաստը նախաքննական մարմնի կողմից անտեսվել է», -ասաց փաստաբանը:

Այնուհետ նա անդրադարձավ փորձաքննությունների արդյունքներին `հայտարարելով, որ Հարություն Սարգսյանի հագուստի վրա կրակոցի  արգասիքներ չեն հայտնաբերվել, արյան հետքեր չեն եղել, մինչդեռ, եթե ինչ- որ մեկը նստած լիներ Կարենի կողքին , ապա արյունը պիտի քսմսված լիներ նրա շորերին: «Մեքենայի  հետևի  մասում հողի ու փոշու հետքեր են եղել և եթե ի նկատի ունենանք, որ Կարեն Եսայանը նոր էր վերցրել իր մեքենան ավտոլվացման կետից, ապա նախաքննական մարմինը այս փաստին ևս ուշադրություն չի դարձրել, թե ում հետքերն էին մեքենայի  հետևում»: Ըստ փաստաբանի,  Կարեն Եսայանի մեքենայի վրայի մատնահետքերն  անգամ չեն համընկել Հարություն Սարգսյանի մատնահետքերին: Դատաքիմիական  փորձաքննությամբ Հարություն Սարգսյանի եղունգներից, քթանցքերից, ականջներից վերցված քսուկներում ևս կրակոցի արգասիքներ չեն հայտնաբերվել, ավելին` Կարեն Եսայանի մեքենայի աջ ոտնակի վրա հայտնաբերված հողը, ըստ հողագիտական եզրակացության,  եղել է ոչ թե Գյումրու Ալեք Մանուկյան փողոցից, այլ «Մայր Հայաստան» հուշահամալիրից:

«Կրակոցի արգասիքներ չեն հայտնաբերվել նաև ոստիկանության վերցրած հագուստի վրա, մինչ ոստիկանություն գնալը  Հարություն Սարգսյանը հասցրել է փոխել միայն ճտքավոր կոշիկները: Նա ամբողջ օրը նույն շորերով է եղել, քանի որ տանը մարդիկ են եկել ու չի հասցրել փոխել: Մեղադրող կողմը ոչ մի ապացույց չկարողացավ ձեռք բերել»,-հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Նա նաև նկատեց, որ նախաքննական մարմինը տրամադրված է եղել իր պաշտպանյալի նկատմամբ, քանի որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար պահանջել է նրան պատժել  երկու տարի ազատազրկմամբ, մինչդեռ Քրեական օրենսգրքի 188 հոդվածի 1-ին մասը  նախատեսում է տուգանք` աշխատավարձի 500-1000 ապատիկի չափով, կամ առնվազն մեկ  տարվա ազատազրկում:

Լուսինե Սահակյանն ասաց, որ այսքանից հետո դատախազը ճիշտ կանի ինքնաբացարկ հայտնի ու գնա: Դահլիճում ծափահարություններ հնչեցին: Հարություն Սարգսյանն էլ իր խոսքը կարճ-կոնկրետ ձևակերպեց` ասելով.«Հիմա  մարդասպանը  կծիծաղի գործ սարքող դատախազի վրա»:

Լուսինե Սահակյանը դատավորին խնդրեց այնպես չանել, որ ծաղր ու ծանակի ենթարկվի արդարադատությունը,  ու մարդասպանը ծիծաղի այս գործով բոլոր մասնակիցների վրա: Նա դատավորին հորդորեց արդարացման դատավճիռ կայացնել`չեղյալ համարելով  104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը` սպանություն կատարելը: «Եթե չեղավ արդարացման դատավճիռ, նշանակում է վաղը ցանկացած մեկս կարող ենք մեղադրվել. Ես  օրինակ` կարող եմ մեղադրվել  բռնաբարություն կատարելու մեջ, կարևոր չէ, որ չէի կարող բռնաբարություն կատարել, նման ապացույցներով մեղադրանքը խայտառակություն է»>, եզրափակեց փաստաբանը:

Մանրամասները` տեսանյութում:  

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728