Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը «ագրեսիվ ընդդիմախոսների» երազանքը սին է համարում

Փետրվար 26,2014 19:53

«Մեր համար շատ ցավալի իրադարձություններն են Ուկրաինայում տեղի ունեցածը: Գաղտնիք չէ, որ Ուկրաինան մեզ համար բարեկամ եղբայրական երկիր է, և մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարցին, թե իշխանափոխության նման տարբերակը ՀՀ իշխանությունները ընդունելի համարո՞ւմ են, հնարավո՞ր է այդ դեպքերի կրկնություն Հայաստանում, վարչապետը պատասխանեց, որ համեմատականները կոռեկտ եւ տեղին չեն: «Կարծում եմ, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են նման սցենարի մասին: Ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ, որ այդպիսի սցենար Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականանալ: Առաջին պատճառը կայանում է նրանում, որ մեր քաղաքական թիմի դիրքորոշումը և մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը՝ մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ՝ լինի դա պառլամենտում, թե պառլամետնից դուրս: Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես համագործակցության եզրեր գնելու կողմնակիցներ և այդ առումով մեր քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է»:

Երկրորդ պատճառը, ըստ վարչապետի, այն է, որ առկա տնտեսական խնդիրների մասին իշխանությունն ինքն է բարձրաձայնում. «Առաջինը մենք ինքներս ենք բարձրաձայնում այդ պրոբլեմների մասին, ինչն ունի էական նշանակություն համագործակցության միջավայր և մթնոլորտ ձևավորելու առումով: Եվ այդ առումով մեր դռները միշտ բաց են՝ համագործակցելու ցանկացած առաջարկի վերաբերյալ: Երբևիցե մերժողական դիրքորոշում մենք այդ առումով չենք ունեցել, ինչը նույնպես ստեղծում է որակապես նոր միջավայր»:

Երրորդ և ամենակարևոր պատճառը Տիգրան Սարգսյանը համարում է այն, որ մեր ժողովրդի դիրքորոշումն էականորեն տարբերվում է ուկրաինացի ժողովրդի դիրքորոշումից: Ըստ նրա, մեր ժողովուրդը արդեն անցել է այդ ճանապարհը, և մենք գիտենք այդ ճանապարհի վտանգները. դա դաս է եղել իշխանությունների համար, բոլոր կուսակցությունների համար անխտիր: «Եվ համոզված եմ, որ և կուսակցությունները, և մեր ժողովուրդը իր խորը իմաստությունը, շրջահայացությունը կդրսևորի նաև այդ պարագայում: Եվ չորրորդ գործոնը գոյություն ունի, որը չափազանց կարևոր է, հետևյալն է՝ արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է մեզ: Եվ այն քաղաքական որոշումը, որը կայացրել է մեր երկրի նախագահը, Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, մեր բնակիչների ճնշող մեծամասնությունը հավանության է արժանացրել»:

Նաեւ այս առումով Տիգրան Սարգսյանը Հայաստանում նման իրադարձությունների համար քաղաքական օբյեկտիվ հիքմեր չի տեսնում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728