Սևաստոպոլում պաշտպանության կոմիտե է ստեղծվել և սկսվել է աշխարհազորի կազմավորում: Հայտնում է «Ֆոր Պոստ» լրատվականը:
Փետրվարի 26-ին ստեղծված այս կառույցը պետք է պահպանի հասարակական կարգը, կանխի հակաօրինական գործողությունները, սադրանքները, զանգվածային անկարգությունները և թալանը:
Աշխարհազորին հնարավոր է միանալ՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ կամ այցելելով պաշտպանության կոմիտեի շտաբ:
Ղրիմում լարված իրավիճակ է ստեղծվել Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելուց և իշխանությունը ընդդիմադիր ուժերի վերցնելուց հետո: Ղրիմը չի ճանաչում Կիևի նոր իշխանությունն ու տեղական ինքնակառավարման այլընտրանքային մարմիններ է ստեղծել: Փետրվարի 26-ին թերակղզու թաթար և ուկրաինացի բնակիչները նույնպես դուրս են եկել փողոց՝ ընդդեմ ռուսամետ տրամադրություններ ունեցողների:
Կարդացեք նաև
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը, տեղի «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Ղրիմի իրավապահներին հանձնարարվել է հակամարտություններ չհրահրել ու ամեն ինչ անել, որպեսզի ռուսամետ ուժերի հետ բախումներ չլինեն:
Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է երկրի արևմտյան և կենտրոնական ռազմական շրջաններում մարտական պատրաստվածության համալիր ստուգում անցկացնել: Ինչին արձագանքել է Մեծ Բրիտանիան պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը՝ նշելով, որ անթույլատրելի է, որ Ռուսաստանը ռազմական միջամտություն ունենա Ուկրաինայում, և որ իրենք շատ ուշադիր հետևելու են փետրվարի 26-ից մարտի 3-ը նախատեսված զորաշարժին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ